Հայաստանը բոլոր պատճառներն ունի Սնդիկի մասին Մինամատայի կոնվենցիան ստորագրելու համար

Հայաստանը բոլոր պատճառներն ունի Սնդիկի մասին Մինամատայի կոնվենցիան ստորագրելու համար

ԷկոLուր

Հայաստանի կողմից Սնդիկի մասին Մինամատայի կոնվենցիան ստորագրելու հարցը դեռ բաց է մնում: Կոնվենցիան բաց է լինելու ստորագրման համար 2013թ. հոկտեմբերի 7-ից 11-ը Ճապոնիայի Մինամատա քաղաքում: Փաստաթղթին միացած երկրները պետք է հրաժարվեն սնդիկի  առաջնային արդյունահանումից եւ հետեւեն սնդիկի վաճառքի եւ արդյունաբերական գործընթացներում սնդիկի օգտագործման հարցում մի շարք սահմանափակումների, ինչպես նաեւ պետք է միջոցառումներ անցկացնեն սնդիկային աղտոտումների նվազեցման ուղղությամբ:  

«Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի կազմակերպած հունիսի 28-ի գիտաժողովի ժամանակ քննարկման էին դրված սնդիկային աղտոտման խնդիրները եւ դրա հետ կապված միջազգային գործընթացները:

Որպեսզի Հայաստանը միանա Մինամատայի կոնվենցիային, պետք է որոշակի գործողություններ կատարվեն` մասնավորապես կոնվենցիայի տեքստի, կողմերի հնարավորությունների եւ պատասխանատվության քննարկում:

Կոնվենցիայում արտացոլված են սնդիկով շրջակա միջավայրի աղտոտման հիմնական ուղղությունները: Դրանք արդյունաբերական թափոններն են, հիմնականում հին ցերեկային լույսի լամպերը, բժշկական սարքավորումները, ցեմենտի արտադրությունը, հանքարդյունաբերությունը, քարածուխային սեկտորը:  

Գիտաժողովի մասնակիցներն ընդունեցին, որ սնդիկի աղտոտման հետ կապված խնդիրները  Հայաստանում իրականում գոյություն ունեն եւ լուծում են պահանջում: «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի մասնագետները չափել են սնդիկի պարունակությունը Սոտքի մթնոլորտում, լքված պոչամբարում, մի քանի ատամնաբուժարանների մոտ, աղբանոցներում եւ ցույց են տվել, որ սնդիկով աղտոտվածություն կա: Այդ աղտոտվածությունը կարող է աճել նաեւ Երեւանի ՋԷԿ-ի հաշվին, որը մտադիր են վերազինել քարածուխի օգտագործման համար:

Սնդիկը Հայաստանում արդյունահանող օգտակար հանածոներին ուղեկոցող տարր է, բայց դրանից առաջացող ռիսկերն արտացոլված չեն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականում:  

Ցեմենտի արտադրությունը սնդիկով աղտոտման աղբյուրներից մեկն է: Իսկ մեզ մոտ երկու խոշոր ցեմենտի գործարան կա Արարատում եւ Հրազդանում: Հնարավո՞ր է, որ Մինամատայի կոնվենցիան թույլ տա բացել ճշմարտությունը սնդիկային աղտոտվածության մասին: Սպասենք մինչեւ հոկտեմբեր:

Հուլիս 02, 2013 at 13:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր