Որ ուզում են, Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների ղեկավարները լավ էլ օպերատիվ աշխատում են. վերջիններս «գրոհել են» Սովետաշենի աղբավայրը

Որ ուզում են, Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների ղեկավարները լավ էլ օպերատիվ աշխատում են. վերջիններս «գրոհել են» Սովետաշենի աղբավայրը

www.shamshyan.com

Հունիսի 22-ին Երևանի քաղաքապետարանի և Էրեբունի վարչական շրջանի պատասխանատուները ժամանել են Սովետաշենի աղբավայր, որտեղ մի քանի օր է՝ փորձում էին ջրցան մեքենաներով մարել աղբավայրում առաջացած խոշոր կրակը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքները կատարվում են 3 տրակտորների և 1 տասնյակից ավելի «Կամազ» ու «Զիլ» մակնիշի բեռնատարներով: Տրակտորով հողը բարձվում է բեռնատարների մեջ, որով էլ այն տեղափոխում և լցնում են աղբավայրի հսկայական տարածքում առաջացած կրակի օջախների վրա:

Ամբողջ գիշեր քաղաքապետարանի, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների աշխատակիցները Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մի քանի հրշեջ ջոկատների հետ հսկայական աշխատանքներ են կատարել: 3 տասնյակից ավելի անգամ հրշեջներն ու վարչական շրջանների կոմունալ ծառայության աշխատակիցները ջուր են լցրել կրակի օջախների վրա: Ճիշտ է, կրակը մարվել և կանխվել է նրա տարածումը, սակայն նպատակահարմար են գտել, որ ճիշտը հողով ծածկելն է: Աշխատանքները տեղում ղեկավարում են Էրեբունու վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը, ովքեր իրավիճակի մասին տեղում հեռախոսով տեղեկություններ են փոխանցում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Վերջինիս հանձնարարականով աշխատանքների վերահսկողությունը դրվել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի վրա:

Նուբարաշենցիներիը ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Գոհ ենք, որ քաղաքապետարանն ու վարչական շրջանները օպերատիվորեն արձագանքեցին խնդրին, սակայն լավ կլինի, որ պատկան մարմիններն այն պահեն իրենց հսկողության տակ»:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տարածքը վարձակալական հիմունքներով տրվել է ինչ-որ արտասահմանյան ընկերության, ովքեր առաջիկայում նշված հատվածում պետք է կառուցեն աղբի վերամշակման գործարան, ինչի շնորհիվ երևանցիներին ու նուբարաշենցիներին այդ ծուխն ու գարշահոտությունը կմնան որպես «բարի հուշեր»:

Հիշեցնենք, որ երեկ հունիսի 21-ին, Նուբարաշենի աղբանոցի դիմաց հավաքվել էին 3 տասնյակից ավելի նուբարաշենցիներ, ովքեր ավտոմեքենաներով փակել էին նաև ճանապարհը:

Ինչպես նշված վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք արդարացիորեն բարձրաձայնում էին, որ պատկան մարմինները, տվյալ դեպքում՝ կառավարությունն ու քաղաքապետարանը, «ուղտի ականջում քնել են» և չեն մտածում շրջակա միջավայրի աղտոտման դեմն առնելու մասին:

Հավաքվածների մեջ էին կանայք, ովքեր ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ արդեն մի քանի օր է՝ հայտնի Սովետաշենի աղբանոցում անմար կրակի նման վառվող տարածքից ծուխն ու գարշահոտությունը «գրոհել են» իրենց տները:

Նույնիսկ փակ պատուհանները չէին փրկում բնակիչներին այդ ծխից ու հոտից: Տվյալ պահին ժամանել էին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ու Նուբարաշենի ոստիկանության աշխատակիցները՝ Նուբարաշենի ոստիկանության բաժանմունքի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ, ովքեր փորձում էին բնակիչներին համոզել, որպեսզի ճանապարհը բացեն, սակայն ճանապարհը բացելով դժվար հարցը լուծվի, մինչև պատկան մարմինները չբարեհաճեն ժամանել նշված վայր:

Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի



15:51 Հունիս 24, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news