Թուխմանուկի պոչամբարի խնդրի կապակցությամբ եզդիները հանդիպել են ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարին

Թուխմանուկի պոչամբարի խնդրի կապակցությամբ եզդիները հանդիպել են ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարին

ԷկոԼուր

ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինն ընդունել է «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչներին եւ քննարկել «Մեգո Գոլդ» ընկերության Թուխմանուկի հարստացուցիչ  ֆաբրիկայի 3-րդ պոչամբարի կառուցման խնդիրը: «Դեսպանը կարևորեց խնդիրը և ասաց, որ իրենց լիազորությունների շրջանակում կաշխատեն այդ ուղղությամբ»,-ԷկոԼուրի հետ զրույցում ասաց  «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի նախագահ Բորիս Թամոյանը:

Ըստ նրա` եզդիներն անհանգստացած են, որ պոչամբարը պետք է կառուցվի եզդիական Ռյա-Թազա և Միրաք գյուղերի մոտակայքում, ինչը մեծ վտանգ է ներկայացնում այդ գյուղերի բնակիչների համար:

«Այդ գյուղերն ավանդական եզդիական գյուղեր են և հիմնադրվել են հայոց ցեղասպանությունից հետո, երբ եզդիները հայերի հետ միասին Օսմանյան Թուրքիայից տեղափոխվեցին այստեղ: Այդ գյուղերում մարդիկ են ապրում, որոնց կարող են սպառնալ լուրջ հիվանդություններ: Բացի դրանից, պոչամբարի կառուցման հետևանքով այդ գյուղերը կզրկվեն անասնապահությամբ զբաղվելու իրենց հնարավորությունից և ուղղակի կարտագաղթեն Հայաստանից, քանի որ այլ հնարավորություն չունեն այստեղ ապրելու», - ասաց Բորիս Թամոյանը` հավելելով, որ այդ գյուղերը ճանաչված չեն որպես ազդակիր համայնքներ, ինչը օրենքի կոպիտ խախտում է: Հիշեցնենք, որ  ազդակիր համայնք ճանաչվել է միայն Մելիքգյուղ համայնքը:

«Մենք հիմա փոքր տեսաֆիլմ ենք պատրաստում, որտեղ ներկայացվում է, թե ինչ վտանգներ են սպասվում Ռյա-Թազա և Միրաք գյուղերի բնակիչներին: Տեսաֆիլմը տարածելու ենք գյուղերում և իրազեկման աշխատանքներ ենք իրականացնելու: Տեղեկանալով ռիսկերի մասին՝ մարդիկ չեն ուզենա իրենց ապագան վտանգել: Մենք գիտենք, որ գյուղապետերի վրա պետք չէ հույս դնել, նրանք աշխատում են խնդիրներից զերծ մնալ: Պարզ է, որ եթե այդ ընկերությունը հասել է այդտեղ, ուրեմն մարզպետարանի հետ կապեր ունի, և մարզպետարանը կարող է ճնշել գյուղապետերին: Այդ իսկ պատճառով հարկավոր է մարդկանց տեղեկացնել և ցույց տալ ճանապարհները՝ ինչպես պետք է պայքարել: Ճանապարհը՝ իրավական դաշտն է: Այդ պոչամբարը անօրինական է, պետք է ի ցույց դնել անօրինականությունները», - ասաց Բորիս Թամոյանը:

Իր հերթին Ապարանի Օրհուս կենտրոնի ղեկավար Նատալիա Մանուկյանը նշեց, որ Թուխմանուկի հանքավայրի պոչամբարի ազդեցության տակ գտնվում են ոչ թե երկու եզդիական գյուղեր, այլ երեք՝ Ռյա թազա, Միրաք և Ջարջառիս: Այս բոլոր գյուղերը, ինչպես նաև Ապարան քաղաքի բնակիչները, ովքեր ունեն մշակովի հողատարածքներ այդ տարածքում, օգտվում են Հալավարի ջրամբարից: Նատալիա Մանուկյանի խոսքով` փորձագետ Սեյրան Մինասյանի կողմից կատարված հետազոտության արդյունքում պարզվել է, որ Թուխմանուկի պոչամբարները Հալավարի ջրամբարից բարձր են գտնվում: Դա նշանակում է, որ պոչերի մեջ պարունակվող ծանր մետաղները և տոքսիկ նյութերը ակտիվորեն կուտակվում են Հալավարի ջրամբարում:

«Մենք այս տարվա մարտ ամսին փորձեցինք Ռյա-Թազայի բնակիչներին իրազեկել, որ ձեզանից ոչ հեռու կա պոչամբար և այդ պոչամբարի ծանր մետաղները կուտակվում են Հալավարի ջրամբարում: Մենք ցանկացանք ցույց տալ հետազոտությունների արդյունքները, սակայն գյուղապետը չուզեցավ մեզ ընդհանրապես տեսնել: Մենք հանդիպեցինք բնակիչների հետ: Բնակիչները զարմացած էին», - ասաց Նատալիա Մանուկյանը: Նա նշեց, որ Թուխմանուկի չռեկուլտիվացված առաջին և երկրորդ պոչամբարներից և թունավոր նյութերի արտահոսք է լինում, և ամռան չոր ամիսներին փոշին տեղափոխվում է մոտակա մշակովի հողատարածքները:

Նշենք, որ սույն թվականի հունիսի 30-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի աշխատանքային նախագծին, որը մերժում էր ստացել ՀՀ բնապահպանության նախարարության կողմից դեռ 2013թ-ի մայիսին:

11:20 Սեպտեմբեր 25, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news