Մեծ Այրումում Ախթալայի նոր պոչամբարի կառուցմանը նվիրված քննարկումն անցավ լարված մթնոլորտում

Մեծ Այրումում Ախթալայի նոր պոչամբարի կառուցմանը նվիրված քննարկումն անցավ լարված մթնոլորտում

ԷկոԼուր

Սույն թվականի փետրվարի 12-ին՝ ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում համայնքում, տեղի ունեցավ համայնքային քննարկում՝ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատին նոր պոչամբարի համար համայնքի վարչական տարածքից հողատարածք հատկացնելու վերաբերյալ:

Քննարկմանը ներկա էին Մեծ Այրում համայնքի ղեկավար Սահակ Նազարյանը, Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի արտաքին կապերի եւ բնապահպանական բաժնի պետ Գագիկ Շահնազարյանը, համայնքի բնակիչներ, բնապահպաններ և լրագրողներ:

«Ենթադրյալ պոչամբարը նախատեսվում է կառուցել ներկա գտնվող պոչամբարից 1 կմ ներքև: Պոչամբարի համար ներկա պահին որևիցե նախագծային կամ հետազոտական աշխատանք դեռ չի կատարվել», - ասաց Գագիկ Շահնազարյանը:

Համայնքապետ Սահակ Նազարյանը տեղեկացրեց, որ պոչամբարը լինելու է «ենթադրվող» ձորում, որը գետով բաժանվում է՝ կեսը Մեծ Այրում, կեսը Ճոճկան համայնքների միջև: Համայնքապետի խոսքով՝ տվյալ տարածքը ամբողջապես պատկանում է Մեծ Այրում համայնքին որպես համայնքային սեփականություն և այնտեղ ոչ մեկի կողմից ձեռք բերված, վարձակալած հողամասեր չկան:

Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի արտաքին կապերի եւ բնապահպանական բաժնի պետն իր ելույթում հանդես եկավ «հայրենասիրական» և «մարդասիրական» կոչերով:

«Եկել է այն ժամանակը, որ մենք պետք է մտածենք որպես հայրենասեր մարդ, որը որ մտածելու է իր երկրի ապագայի մասին և ոչ թե մտածի՝ պոչամբարը վաղը, մյուս օրը ում ինչ կարա թունավորի: Շատ հնարավոր է, որ թունավորի, շատ, բայց որ մենք կռվի ենք դուրս եկած այսօր ազգովի, այդ կռվի մեջ որպեսզի հաղթենք, շատ-շատ դեպքերում նաև զոհերա պահանջվում: Ես չեմ ասում՝ մենք՝ բոլորս, զոհվենք, ոչ, ես ասում եմ՝ խելքով մոտենանք ամեն հարցին, - ասաց Գագիկ Շահնազարյանը, - ես որևիցե մտայնություն չունեմ ասելու, որ հանքային արդյունաբերությունը կամ ցանկացած տիպի արդյունաբերություն իր հետ վնասներ չի բերում՝ նաև բնապահպանական առումով: Ոչ, ես այդ մտքին չեմ, ես նաև գերազանց հասկանում եմ, որ այդ ամեն ինչը լինում է, բայց այստեղ խնդիրն այն է, որ մենք կշռենք, դնենք նժարին, տեսնենք, որն է մեզ համար այսօր կարևոր: Այսօր ինչն է մեր խնդիրը, ինչպես պետք է ընկած ժողովուրդը ոտքի կանգնի: Միայն ուժեղ երկիը վաղը կարող է ունենալ իր գիտությունը, ինքն իր հարցերը կլուծի և կհասնի այն բանին, որ վաղը, մյուս օրը ինքը և առողջության, և բնապահպանության խնդիրները կլուծի, բայց եթե այդ վաղը չգա, մենք վաղվա սերունդ չունենանք, այստեղ չապրենք, ոնց որ չենք ապրում, ապա ո՞վ է մտածելու այդ մասին»:

Բացարձակապես ոչ մի խոսք չասելով պոչամբարի կառուցման արդյունքում հասցվելիք վնասների մասին, կոմբինատի ներկայացուցիչը սկսեց հաշվել՝ ով ինչքան եկամուտ է ստանում ֆաբրիկայում աշխատելով. «700 մարդ այսօր այնտեղ աշխատում է: Այրում, Ճոճկան համայնքներից այնտեղ աշխատում է 60 մարդ, որոնք տարին իրենց տուն տանում են 100 միլիոն դրամ և ավել»:

Այնուհետև Գ. Շահնազարյանը կտրուկ անցում կատարեց կոմբինատի ֆինանասական վիճակի ներկայացմանը և սեփականատիրոջ՝ Մաքսիմ Հակոբյանի գովքին. «Այսօր պղնձի համաշխարհային գների անկման պայմաններում ձեռնարկության օգուտների մասին խոսելը մի քիչ բարոյական չէ: Մարդը 7300 դոլարից սկսել է, այսօր 5300 դոլարով աշխատում է, ոչ մի մարդ չի կրճատել և փառք ու պատիվ պարոն Հակոբյանին՝ Մաքսիմին, որ ասում է՝ ոչ մի մարդու ձեռք չտաք, ամեն ընտանիքից էլ մեկին կբերեք, թող աշխատի»:

Բնապահպան Եղիա Ներսեսյանն արձագանքեց. «Եղբայր, ինչ փառք ու պատիվ Մաքսիմին, Մաքսիմ Հակոբյանը Նժդեհի Գեղվաձորը դրեց ավիրեց, լավ էլի, որ խոսում եք, ճիշտը խոսացեք»:

Գյուղապետը շտապես լռեցնել բնապահպանին և հորդորեց Շահնազարյանին շարունակել ելույթը:  Վերջինս անցավ համայնքին  սոցիալական աջակցություն տրամադրելու հարցին:

«Մեր ընդհանուր մոտեցումն է, նաև Մաքսիմ Հակոբյանի մոտեցումը, հնարավոր սոցիալական աջակցությունը համայնքի բնակիչներին», - ասաց  Գ. Շահնազարյանը:

«Ժողովրդի մասին ե՞ք մտածում, եթե մտածում եք, մեր ժողովուրդը միրգ ունի, թող պահածոների գործարան բացվի», - արձագանքեց համայնքի բնակչուհին:

Համայնքի մեկ այլ բնակիչ ասաց. «10 կամ 20 տարի հետո, որ այդ պոչամբարը լցվի, որտե՞ղ պիտի տեղափոխեն…հող չունենք, լրիվ պոչամբարով եք լցնում, հասկանում եք, այս ժողովրդին խաբում եք, թե վնաս չի տալու…70 հոգի աշխատում են, իսկ քանի՞ հարյուր հոգի է էդ օդը շնչում են…հետո ոնց են 40 հա ծածկելու, ըսկի 7 հա չեն կարողանում ծածկել…40 հազար դրամ ընդամենը մուտք էին անում, որ ես՝ ինքս, մենակ իմ 20 հա հողամասից շատ ժամանակ եկամուտ չեմ ունենում: Չե՞ք զգում, որ արդեն բնությունը չի աշխատում, բերք չկա, միրգ չկա, հողը թունավորում եք»:

Այնուհետև բնակիչը դիմեց ներկաներին՝ հարցնելով. ով է ուզում, որ իր երեխան հիվանդա,  որ մի քանի հոգի ապրեն, ո՞վ է ուզում, կա՞ ուզող:

Չէ՝ պատասխանեցին բնակիչները:

Բնակիչը, շարունակելով իր խոսքը, ասաց. «Բոլորիդ խաբում են մի քանի կոպեկով…սիրուն բնությունը փչացրել են, բնություն չկա, գնում եմ ուրիշ տեղ, օդ եմ շնչում, գալիս եմ այստեղ՝ սիրտս ցավում է, գլուխս ցավում է»:

Համայնքապետն այս անգամ էլ շտապեց ընդհատել բնակչին՝ ասելով. «Քո ժամանակը սպառվեց»:

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը բնակիչներին տեղեկացրեց  պոչամբարի վտանգների մասին:

«Պոչանքը իր մեջ պարունակում է ծանր մետաղներ, որոնք ոչ միայն մարդկանց, այլ նաև կենդանիների, բույսերի համար ունեն ծանր հետևանքներ: Գիտնականները ցույց են տվել, որ պոչանքը, որ հազարավոր տարիներ առաջ մշակվել է շատ փոքր քանակությամբ, դեռևս մնում է: Եթե որևէ տարածքում կա մեծ պոչամբար,  այդ տարածքում մարդ արարածը չպետք է ապրի», - ասաց Հակոբ Սանասարյանը:

«Պոչմաբարի վնասների և օգուտների մասին մենք ինչքան շատ խոսենք, միևնույն է, քանի որ մեզ մոտ այս պահին չունենք գիտական հետազոտություններ՝ տված վնասների կամ օգուտների վերաբերյալ, ինչի մասին ես խիստ կասկածում եմ, այսինքն, թե նրա վնասը, օգուտը հայտնի չէ», - արձագանքեց Գագիկ Շահնազարյանը:

«Համայնքի բնակիչները տեղեկացված են, որ վաղը իրենց երեխաները չարորոակ հիվանդություններից կարող են մահանալ: Պետք է դա նախապես գիտակցեն համայնքի բնակիչները: Դեկտեմբերին հենց ԵԱՀԿ-ն հրապարակեց զեկույց, որտեղ նաև Ախթալայի պոչամբարն է վտանգավոր համարվում: Թող ոչ մեկը չասի՝ իմ երեխու հետ դա չի պատահելու: Մեր երեխաները բողոքում են այդ սիմպտոմներով տարիներ շարունակ, որը որ նկարագրված են ԵԱՀԿ-ի զեկույցում», - ասաց  Մեծ Այրում համայնքի ավագանու անդամ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը:

Պոչամբարին կողմ բնակիչը նշեց. «Էսքան տարի ապրել ենք արդեն, հիվանդությունն էլ ենք առել, ամեն ինչն էլ, բա ինչի շուտ չէին գալիս, իրազեկում, որ այստեղ չի կարելի բնակվել… Ճոճկանն արդեն որոշումը  հանել, տվել է: Ի՞նչ է եղել Այրումին, որ մեզ խայտառակում եք այս ամբողջ հանրապետությունում»:

Լարված քննարկման ողջ ընթացքում համայնքապետը պարբերաբար հիշեցնում էր համայնքի բյուջեի, հողի հարկերի և տուրքերի մասին:

«Այսօր մենք 7 միլիոն 100 հազար դրամ սեփական եկամուտ ենք ունենում և անգամ տեղական հարկերը, տուրքերը դժվարությամբ ենք կարողանում հավաքել, իսկ եթե բնակչությունը ֆինանսապես մի քիչ բարվոք վիճակում լինի, գոնե իրենց հողի հարկը կկարողանան ժամանակին տալ», - ասաց  համայնքապետ Նազարյանը:

Թույլ չտալով բոլոր ներկաներին, այդ թվում բնապահպաններին, բարձրացնել իրենց հուզող հարցերը՝ համայնքապետն ավարտեց քննարկումը:



17:30 Փետրվար 14, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news