Մեծ Այրումի ավագանին, հաշվի չառնելով իր բնակիչների առարկությունները, «կանաչ լույս վառեց» նոր պոչամբարի կառուցման համար

Մեծ Այրումի ավագանին, հաշվի չառնելով իր բնակիչների առարկությունները, «կանաչ լույս վառեց» նոր պոչամբարի կառուցման համար

ԷկոԼուր

Մեծ Այրումի ավագանին, հաշվի չառնելով իր բնակիչների առարկությունները, փետրվարի 26-ին փոխեց համայնքի 12 հա գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիան Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի նոր պոչամբարի կառուցման համար:

ԷկոԼուրի աղբյուրի համաձայն, առանց քննարկում ծավալելու, Մեծ Այրումի ավագանու երեք անդամները` Մեծ Այրումի դպրոցի տնօրեն Սոֆյա Այվազյանը, նախկին գյուղապետ Պապիկ Առուժանյանը եւ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի աշխատակից Սամվել Միրզոյանը, հապճեպ ստորագրել են պոչամբարի համար հողի կարգի փոփոխման որոշման տակ և անմիջապես հեռացել համայնքապետարանից:

Քննարկմանը մասնակցելու եկած բնակիչները, ովքեր դեմ են պոչամբարին, վիճաբանել են համայնքապետի և ֆաբրիկայի ներկայացուցչի հետ: Նրանք նշել են, որ անկախ ընդունված որոշումից իրենք պայքարելու են մինչև վերջ:

Պոչամբարի կառուցմանը դեմ Մեծ Այրումի միակ ավագանու անդամ Օլեգ Դուլգարյանը չի մասնակցել քննարկմանը գործուղման մեջ լինելու պատճառով: Մեզ հետ զրույցում Օ. Դուլգարյանը նշեց, որ չի հանձնվելու և շարունակելու է պայքարը, մինչև այդ որոշումը ճանաչվի անվավեր:

Մեծ Այրում եւ Ճոճկան համայնքների վարչական տարածքում երկար տարիներ է, գտնվում է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի Նահատակ պոչամբարը, որը թունավորում է շրջակա միջավայրը եւ բացասական ազդեցություն թողնում մարդկանց առողջության վրա:

14:11 Փետրվար 26, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news