Կառավարությունը որոշեց «Ընդերքի մասին» օրենսգրքում մտցնել «պոչամբար» եւ «ընդերքօգտագործման թափոններ» հասկացությունները

Կառավարությունը որոշեց «Ընդերքի մասին» օրենսգրքում մտցնել «պոչամբար» եւ «ընդերքօգտագործման թափոններ» հասկացությունները

ԷկոԼուր

Վերջապես ՀՀ կառավարությունը որոշեց «Ընդերքի մասին» օրենսգրքում մտցնել «պոչամբար» եւ «ընդերքօգտագործման թափոններ» հասկացությունները: Մինչ այժմ պոչամբարները համարվում էին տեխնածին հանքավայրեր, սակայն այժմ պոչամբարը տարանջատվում է տեխնածին հանքավայրից. առանձին տրվում է պոչամբար հասկացության նկարագիրը. «օգտակար հանածոների հարստացման արդյունքում առաջացած պինդ կամ հեղուկ թափոնների պահման հիդրոտեխնիկական կառուցվածք»:  Իսկ ընդերքօգտագործման թափոններ համարվելու են. «oգտակար հանածոների ուսումնասիրության,  արդյունահանման, վերամշակման և հարստացման արդյունքում առաջացած մակաբացման ապարներ և այլ թափոններ»:

Հասկացություններն օրենքի ուժ կստանան, երբ ՀՀ Ազգային ժողովը ընդունի ՀՀ կառավարության ներկայացրած ««Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի» փաթեթը, որը գործադիրը հավանության արժանացրեց մայիսի 14-ին:

Նշենք, որ եթե այս փաթեթը հաստատվի, ապա «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրինագիծը, որը  օրերս է ներկայացվել ՀՀ Ազգային ժողովի հաստատման, պետք է փոփոխության ենթարկվի: Բանն այն է, որ  այս օրինագծում նախատեսվում է վերամշակել պոչամբարների արտադրական լցակույտերը, մինդեռ «Ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններից հետո պոչամբարների պարունակությունը ոչ թե կլինի լցակույտը, այլեւ ընդերքօգտագործման թափոնները:

14:26 Մայիս 15, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news