ՏԿԱԻ նախարարի եւ ՀՀ ԱԺ պատգամավորի նամակագրությունը Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի նոր պոչամբարի կառուցման վերաբերյալ

ՏԿԱԻ նախարարի եւ ՀՀ ԱԺ պատգամավորի նամակագրությունը Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի նոր պոչամբարի կառուցման վերաբերյալ

ԷկոԼուր

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի նոր պոչամբարի կառուցման նախագծի փորձաքննություններից թեկուզ մեկ չափանիշի անհամապատասխանությունը պետական ստանդարտներին և նորմերին արգելք կհանդիսանա դրա կառուցման համար: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հասցեագրված նամակի պատասխանում գրել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների (ՏԿԱԻ) նախարար Արմեն Երիցյանը:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը Մեծ Այրում համայնքի 195 բնակիչների 2015 թ. մարտի 23-ի բաց նամակի հիման վրա սույն թվականի ապրիլի 9-ին գրություն էր ուղարկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: ՀՀ վարչապետին ներկայացնելով Մեծ Այրում բնակիչների բողոքն ընդդեմ Մեծ Այրումի վարչական տարածքում նոր պոչամբարի կառուցման` Էդմոն Մարուքյանը մասնավորապես գրել է.  «Բնակիչների խոսքով՝ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Ախթալայում և Մեծ Այրումում գործող պոչամբարներն օգտագործվում են առանց բնապահպանական և անվտանգության նորմերի պահպանման ու վտանգում համայնքի բնակիչների, նրանց ընտանի կենդանիների առողջությունը, պոչանքների ջրերը հոսում ու խառնվում են Դեբեդին, որի ջրով բնակիչները ոռոգում են իրենց այգիները, համայնքի տարածքում կուտակվում են մեծ քանակությամբ թափոններ, այսինքն, ընդհանուր առմամբ տարածքում առկա է լուրջ բնապահպանական խնդիր:

Այսպիսով՝ Մեծ Այրում համայնքի բնակիչները պահանջում են դադարեցնել պոչամբարի շահագործման գործընթացը, քանի դեռ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն չի լուծել հին պոչամբարների ռեկուլտիվացիայի և անվտանգության նորմերի պահպանման խնդիրները, ինչպես նաև հարգել համայնքի բնակիչների կարծիքն ու մասնակցային կառավարման սկզբունքը, անվավեր ճանաչել 2015 թվականի փետրվարի 26-ին առանց համայնքի բնակիչների կարծիքը հաշվի առնելու ընդունված 7-Ա թվակիր որոշումը՝ հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին  և հետ վերադարձնել արոտավայրերը:

Հաշվի առնելով վերոշարադրյալը և հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի (ը) կետը՝ խնդրում եմ ուսումնասիրել Մեծ Այրում համայնքի բնակիչների դիմումով բարձրացված հարցերը և տալ բնակիչների համար առավել ընդունելի լուծման տարբերակ` նշված բնապահպանական խնդիրների վերաբերյալ»:

ՀՀ ԱԺ պատգամավորին ուղղված պատասխան նամակում ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը տեղեկացրել է.

«ՀՀ վարչապետին ուղղված Ձեր 30-Ե-45 գրությամբ, ներկայացված Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի բնակիչների դիմումի, հայտնում ենք, որ.

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի մի խումբ բնակիչների ՀՀ վարչապետին և ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին, պատգամավորներին հասցեագրված բաց նամակով ներկայացված «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի նոր պոչամբարի շինարարության վերաբերյալ հարցը քննարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ Լոռու մարզպետարանի և Մեծ Այրումի համայնքապետարանի հետ համատեղ:

ՀՀ Լոռու մարզի Ճոճկան և Մեծ Այրում համայնքների գյուղատնտեսական նշանակության հողերից 40.1 հա հողերի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիայի փոփոխության հարցը, ՀՀ վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի անդամների դրական կարծիքների առկայությամբ, քննարկվել է նաև մշտապես գործող տարածքային զարգացման և բնապահպանական նախարարական կոմիտեի 2014 թվականի նոյեմբերի 27-ի նիստում և հիմք ընդունելով նիստի 24.13/{219721}-14 արձանագրության 3-րդ կետը՝ միջգերատեսչական հանձնաժողովի 08.12.2014 թվականի թիվ 107 դրական եզրակացությամբ, կոմիտեի արձանագրության հետ միասին, ՀՀ Լոռու մարզի մարզպետի միջոցով փոխանցվել է համայնքների ղեկավարներին:

Միաժամանակ Ճոճկան և Մեծ Այրում համայնքների ղեկավարներին առաջարկվել է հետամուտ լինել ՀՀ բնապահպանության նախարարության 23.08.2014 թվականի թիվ 2/02.2/2174-14 գրությամբ ներկայացված՝ նախատեսվող պոչամբարի նախագիծը «Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով փորձաքննություն իրականացնելու և գործող պոչամբարը ռեկուլտիվացնելու պայմանի ապահովմանը:

Պոչամբարը բարդ հիդրոտեխնիկական կառույց է, և նոր պոչամբարի կառուցման նախագիծը կներկայացվի մասնագիտական մի շարք փորձաքննությունների:

Ազգաբնակչության և շրջակա միջավայրի վրա բացասական ներգործությունը և նախատեսված միջոցառումների արդյունավետությունը կգնահատվի քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ ու այլ փորձաքննությունների հիման վրա:

«Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան կիրականացվի պոչամբարի շահագործման ազդեցության փորձաքննություն՝ շրջակա միջավայրի վրա:

 Տեխնածին, համաճարակային և այլ վնասակար երևույթների հետևանքով ախտահարման ենթարկված հողերի օգտագործումը կիրականացվի պահպանական գոտիների սահմանմամբ, ըստ այդ հողերում մելիորատիվ և մշակութատեխնիկական աշխատանքների իրականացման կարգի՝ ճառագայթման, քիմիական և այլ վնասակար ներգործության սահմանային թույլատրելի նորմատիվների պահպանմամբ:

Փորձաքննություններից թեկուզ մեկ չափանիշի անհամապատասխանությունը պետական ստանդարտներին և նորմերին արգելք կհանդիսանա դրա կառուցման համար:

Մինչև նոր պոչամբարի կառուցումը, գործող պոչամբարի ռեկուլտիվացում չի կարող իրականացվել: «Ախթալայի ԼՀԿ»-ի փակված պոչամբարների ռեկուլտիվացման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ դեռևս 2012 թվականին ՀՀ Լոռու մարզպետարանի մասնագետների առաջարկությամբ և մշակված տեխնոլոգիայով Ախթալայի չգործող «Նազիկ» պոչամբարի 1 հեկտարի վրա իրականացվել են ռեկուլտիվացիայի և կանաչապատման աշխատանքներ»:

ԷկոԼուրի հետ զրույցում «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ, Մեծ Այրումի ավագանու միակ անդամ Օլեգ Դուլգարյանն ասաց. «Այս նամակը մյուս պատասխաններից տարբերվում է նրանով, որ կառավարությունը հավաստիացնում է ՀՀ ԱԺ պատգամավորին, որ եթե հանկարծ ինչ-որ չափանիշ չհմապատասխանի, պոչամբարը չի կառուցվի: Մյուս պատասխանները անորոշության մեջ էին գցում, իսկ այստեղ հստակություն կա»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ, Մեծ Այրումի ավագանու անդամ Օլեգ Դուլգարյանը: Ն  նշեց, որ և համայնքի բնակիչները, և բնապահպանները, և հասարակական կազմակերպությունները աշխատելու են այն ուղղությամբ, որպեսզի ապացուցեն, որ այդտեղ պոչամբար չպետք է կառուցվի:

16:06 Մայիս 21, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news