ՀՀ բնապահպանության նախարարությունը վստահեցնում է, որ Նուբարաշենի թունաքիմիկատները կոչնչացվեն արտերկրում

ՀՀ բնապահպանության նախարարությունը վստահեցնում է, որ Նուբարաշենի թունաքիմիկատները կոչնչացվեն արտերկրում

ԷկոԼուր

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի լիկվիդացման հարցը արժանացել է հակասական գնահատականների: Ամենամեծ անհանգստությունը կապված է Կոտայքի մարզում ազգային պահեստի ստեղծման հետ:

Նուբարաշենի գերեզմանոցում պահեստավորված է 500 տոննայից ավելի ժամկետնանց թունաքիմիկատներ, որոնց փաթեթավորումը քայքայված է, գերեզմանոցը գտնվում է ակտիվ սողանքային գոտում և իրենից վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի, ջրերի և մոտակա բնակչության համար:

Ծրագրով նախատեսվում է Կոտայքի մարզում առկա, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) տնօրինման տակ գտնվող քաղպաշտպանության և բժշկական ապրանքների նախկին պահեստային տարածքի հիման վրա ստեղծել վտանգավոր քիմիական թափոնների ազգային պահեստավորման և կառավարման կենտրոն: Այն պետք է ծառայի որպես Նուբարաշենից արտափորված ժամկետանց պեստիցիդների և խորհրդային տարիներից մնացած 24 պահեստներից այլ քիմիական թափոնների ժամանակավոր պահպանման վայր՝ հետագայում այլ երկիր արտահանելու և ոչնչացնելու պայմանով, ինչպես նաև այդ պահեստարանում պետք է տեղակայվի Նուբարաշենի գերեզմանոցի 7000 տոննա աղտոտված հողը:

«20 տարի հետո մենք Հրազդանում ունենալու ենք Նուբարաշեն երկուսը: Ստացվում է, որ մենք Նուբարաշենի թունաքիմիկատների քայքայվող խիստ վտանգավոր գերեզմանոցը ոչ թե վերամշակում ենք, ռեկուլտիվացիա ենք անում, բերում անվտանգ վիճակի, այլ պարզապես տեղափոխում ենք Հրազդան քաղաքից ֆորմալ 1-2 կմ հեռավորության վրա… Սա ազգային, պետական կարևոր խնդիր է: Գիտական հիմնարկները պետք է մոդելավորեն, սցենարները հաշվարկեն, ասեն՝ կարելի է անել, թե չի կարելի»,- ասաց քիմիկոս Սեյրան Մինասյանը ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացած այս խնդրի քննարկման ժամանակ:

«Նուբարաշենի գերեզմանոցը գտնվում է սողանքային գոտում, և այն, որ այդ թունաքիմիկատները պետք է հանվեն, խոսք անգամ չի կարող լինել»,- ասաց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ Լիլիկ Սիմոնյանը: Նա նշեց, որ ժամանակի ընթացքում գերեզմանոցի աղտոտված հողերը ծածկելու նպատակով այդտեղ բերել, նորից հող են ավելացրել, և արդյունքում ավելացել է գերեզմանոցի ծանրություն, ինչն էլ կարող է նպաստել սողանքի ակտիվացմանը:


Հրազդանի Կոճոռ թաղամասի բնակչությունն անհանգստացած է: «Այնտեղ մոտակա տները սկսում են 600 մետրից: Միանշանակ ասեմ, որ ժողովրդի մոտ ընդվզում կա», - հայտնեց «Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մովսես Մանուկյանը:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ Հովհաննես Եմիշյանը նշեց, որ 7000 տոննա հողի տեղափոխումը միջազգային փորձագետների մոտեցումն է եղել, իսկ ԱԻՆ-ի մոտեցումն այն է, որ թափոնները կարող են տեղափոխվել Հրազդանի պահեստարան միայն վերամշակումից և փաթեթավորումից հետո:

Իսկ ԱԻՆ-ի տեխնածին վթարների բաժնի պետ փոխգնդապետ Կարապետ Կարապետյանը նշեց, որ 7000 տոննա հող այդ պահեստային շինությունում ֆիզիկապես կուտակել հնարավոր չէ:

«Բազմաթիվ եվրոպական երկրներ կան, որոնք ունեն ոչնչացման համար համապատասխան տեխնոլոգիաներ և համապատասխան գործարաններ: Դա վճարովի ծառայություն է, և ծրագրի գաղափարախոսության մեջ դրված է, նաև բյուջեում է նախատեսված, որ մենք պետք է արտահանենք այդ ծավալները և ոչնչացնենք արտերկրում», - ասաց ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը:

18:50 Հոկտեմբեր 18, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news