«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն հրաժարվում է նոր պոչամբար կառուցելու մտադրությունից

«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն հրաժարվում է նոր պոչամբար կառուցելու մտադրությունից

ԷկոԼուր

«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն հրաժարվեց արտադրական թափոնների համար նոր պոչամբար կառուցելու մտադրությունից: Ընկերությունը հայտ է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարություն փորձաքննության, որով նախատեսում է պոչերը պահեստավորել կոմբինատի բացհանքի արդյունահանված տարածքում: Նահատակի պոչամբարը, որտեղ կուտակվում են կոմբինատի պոչերը, մեկ տարվա կյանք ունի: Հայտում դիտարկվել են արդյունաբերական պոչերի պահեստավորման համար Նահատակի պոչամբարի պատնեշի բարձրացման և նոր պոչամբարի կառուցման տարբերակները և համարվել ոչ նպատակահարմար: Ընկերությունը նախատեսում է տարեկան 500 հազար տոննա արտադրողականությամբ կոմբինատի ընդհանուր 3միլիոն տոննա ծավալով պոչերը պահեստավորել բացահանքում 3 փուլով: Վերջնական փուլում կիրականացվի կենսաբանական ռեկուլտիվացիա, կվերականգնվի ռելիեֆը, տարածքը կբերվի նախկին տեսքի:

Հիշեցնենք, որ դեռ 2015թ-ին «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն նախատեսում էր Լոռու մարզի Մեծ Այրում եւ Ճոճկան համայնքներում` գյուղատնտեսական նշանակության հողերի վրա նոր պոչամբար կառուցել: Տեղի բնակիչները կտրականապես դեմ հանդես եկան նոր պոչամբարի կառուցմանը: Արդյունքում գործընթացը սառեցվեց:

Արդեն հրաժարվելով նոր պոչամբարի կառուցման մտադրությունից` «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմիբնատի» հայտում նշվում են այն ռիսկերը, որոնք հնարավոր են պոչամբարի կառուցման արդյունքում. «Նախագծի իրականացման արդյունքում լրացուցիչ հողեր չեն խախտվի, 14հա տարածքի բուսականությունը չի ոչնչանա, կենդանական աշխարհի վրա ազդեցություն չի իրականցվի: Նահատակ գետի հունը չի փոխվի, չեն աղտոտվի գրունտային ջրերը: Կվերանան պոչատարի հնարավոր վթարները, որը ելնելով տեղանքի բարդ ռելիեֆից, ունի երեք թունելային և երկու դյուկերային անցում: Կբացառվի արտադրական կեղտաջրերի արտահոսքը բաց ջրավազաններ…»:

Հայտի փորձաքննությունը դեռ ավարտված չէ:

17:52 Սեպտեմբեր 04, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news