Բնապահպանության նախարարությունը հաստատեց «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ին 30723000 դրամ գումարի չափով տուգանելու լուրը

Բնապահպանության նախարարությունը հաստատեց «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ին  30723000 դրամ գումարի չափով տուգանելու լուրը

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը ԷկոԼուրին տրամադրել է տեղեկատվություն Հայաստանի պոչամբարներում արձանագրված խնդիրների եւ տուգանքների վերաբերյալ: Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն իր 100-օրյա աշխատանքային գործունեությունը ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ նախարարությունը մի շարք պոչամբարներում խնդիրներ է արձանագրել: ԷկոԼուրը ՀՀ բնապահպանության նախարարությանը հարցում էր ուղարկել` պարզելու, թե որ պոչամբարներում են խախտումներ արձանագրել: Հարցմանն ի պատասխան ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանի 2014թ-ի օգոստոսի 29-ի 5/12.1/52597 նամակում նշված է.

«ՀՀ բնապահպանության նախարարության  Լոռու տարածքային բաժնի կողմից 2013թ. դեկտեմբեր ամսին մարզի դատախազության գրության հիման վրա իրականացված համապատասխան ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող պոչամբար գնացող խողովակի վթարի հետեւանքով գյուղատնտեսական նշանակության հողերն աղտոտվել են, ինչի հետեւանքով ընկերությունը տուգանվել է 150000 դրամ գումարով, ինչպես նաեւ հաշվարկվել է շրջակա միջավայրին պատճառված վնաս` 260000 դրամ գումարի չափով: Գումարները վերականգնվել են ՀՀ պետական բյուջե, իսկ աղտոտված հողերը տեղափոխվել են պոչամբար:

ՀՀ Սյունիքի մարզում չորս մետաղական հանքավայրեր շահագործող կազմակերպությունները և նրանց կողմից շահագործվող պոչամբարներն են` «ԶՊՄԿ» ՓԲԸ - «Արծվանիկի» գործող, երկու կոնսերվացված, «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ - «Գեղանուշի» գործող, մեկ կոնսերվացված` «Արծվանիկ»-ի մերձակայքում, «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ - «թիվ 1», «թիվ 2», «թիվ 3» գործողներ (Ագարակ քաղաքի համայնքի շրջակայքում), «Լեռ-Էքս» ՍՊԸ – մեկ գործող (Աջաբաջ համայնքի տարածքում` ներկայումս գործունեությունը կասեցված Է` առաջացած բնապահպանական խնդիրների լուծման նպատակով):

Վերջին տարիներին վերոհիշյալ ընկերություններում բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքում` «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում կազմել է 30723000 (երեսուն միլիոն յոթ հարյուրքսաներեք հազար) դրամ գումարի շրջակա միջավայրին վնաս պատճառելու վերաբերյալ ակտ:

2012 թվականի հունվարի 11-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով ընկերության նկատմամբ  կազմվել էր 14.65 միլիոն դրամ գումարի, իսկ 2012 թվականի նոյեմբերի 15-ին եւ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած պոչատարի  վթարի հետեւանքով` 4.92 միլիոն դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:

«Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ում իրականացված ստուգման ժամանակահատվածում տեղի ունեցած պոչամբարի վթարի հետեւանքով ջրային ռեսուրսների աղտոտման համար տեսչության կողմից կազմվել է 474600 (չորս հարյուր յոթանասունչորս հազար վեց հարյուր) դրամ գումարի  շրջակա միջավայրին վնաս պատճառելու վերաբերյալ ակտ: Վերոհիշյալ գումարը ընկերության կողմից վերականգնվել է ՀՀ պետական բյուջե:

«Լեռ-Էքս» ՍՊ ընկերությունում ստուգումներ չեն իրականացվել:

ՀՀ Արագածոտնի մարզում գործում է մեկ մետաղական հանքավայր շահագործող կազմակերպություն` «Մեգոգոլդ» ՍՊԸ: Վերջին տարիներին ընկերության կողմից գործունեություն չիրականացնելու պատճառով բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ստուգումներ չեն իրականացվել, իսկ ՍՊԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված պոչամբարի շահագործման նախագծի վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարությունը 30.06.2014թ. տվել է դրական եզրակացություն:

ՀՀ բնապահպանության նախարարը հուլիս ամսին աշխատանքային այցով եղել է ՀՀ մարզերում` տեղում ծանոթանալու պոչամբարների հետ կապված խնդիրներին:

ՀՀ բնապահպանության նախարարությունն օրենքով սահմանված կարգով կիրականացնի ստուգումներ համապատասխան տնտեսվարող սուբյեկտներում, ինչպես նաեւ նախապատրաստվել են գրություններ ՀՀ բնապահպանության նախարարի այցի ժամանակ արձանագրված խնդիրները հստակ ժամկետներում վերացնելու համար»:

16:13 Սեպտեմբեր 02, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news