ԷկոԼուր
Հայաստանում կստեղծվի կոշտ կենցաղային թափոնների գոյացման և հավաքման տվյալների շտեմարան, կքարտեզագրվեն գործող աղբանոցներն ու աղբավայրերը: Այս նպատակով ս.թ. հուլիսի 24-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի միջև:
Հուշագիրը ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսը:
Փոխնախարար Վաչե Տերտերյանը նշել է, որ ինտերակտիվ քարտեզը ոչ միայն ռազմավարական, այլ նաև մարտավարական կառավարման լավ գործիք կհանդիսանա հատկապես այս փուլում, երբ գործուն քայլեր են իրականացվում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի իրականացման ուղղությամբ:
Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսն էլ նշել է, որ միջազգային փորձի կիրառումը լրացուցիչ աջակցություն կհանդիսանա ծրագրի դրական արդյունքներ ապահովելու համար:
Շտեմարանը կներառի աշխարհագրական տեղեկատվություն աղբավայրերի մասին: Նախատեսվում է նաև մարզերից համապարփակ տեղեկատվություն հավաքել աղբահանության առկա գործելակերպերի վերաբերյալ, ինչը կնպաստի որոշումների ընդունման գործընթացի արդյունավետության բարձրացմանը։ Ակնկալվում է, որ տվյալների շտեմարանը և քարտեզը կանոնավոր կերպով՝ տարեկան երկու անգամ, կթարմացվեն:
Հուլիս 25, 2019 at 15:30