Վանաձորի քիմիական գործարանի չգործող թափոնակուտակիչը «նվեր»` Վանաձոր քաղաքին (լուսանկարներ)

Վանաձորի քիմիական գործարանի չգործող թափոնակուտակիչը «նվեր»` Վանաձոր քաղաքին (լուսանկարներ)

ԷկոԼուր

Վանաձորի քիմիական գործարանը երկու թափոնակուտակիչ ունի, մեկը` կոնսերվացված, իսկ մյուսը շահագործման ենթակա: Շահագործման ենթակա թափոնակուտակիչի նկատմամբ գործարանը պատշաճ վերահսկողություն չի իրականացնում: Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեց Վանաձորի Օրհուս կենտրոնի համակարգող Պերճ Բոջուկյանը, թափոնակուտակիչի տարածքը ցանկապատված չէ, ջրատարն էլ, որը այդ վտանգավոր նյութերի օբյեկտը պաշտպանում է անձրեւաջրերից եւ հալոցքային ջրերից, բարվոք վիճակում չէ: «Գործարանի ներկայացուցիչների հետ զրույցներից մենք իմացանք, որ այդտեղ աշխատանքներ արվել են ցանկապատման եւ այլն, բայց քանի որ տարածքը շատ հեռու է քաղաքից եւ անմարդաբնակ, ցանկապատը գողացել են»,- ասաց Պերճ Բոջուկյանը: Ավելի բարդ է գործարանի մյուս թափոնակուտակիչի հարցը, որից գործարանը հրաժարվել է 80-ականներին` «նվեր»  թողնելով Վանաձոր քաղաքին: Ըստ Պերճ Բոջուկյանի` թափոնակուտակիչի հողե պատվարից փոքր հոսքերով ջրեր են դուրս գալիս: Տեղի բնակիչները բողոքում են, որ թափոնակուտակիչի տակով հոսող բետոնապատ ջրատարի ջրից վատ հոտ է գալիս:   «Մի բնակիչ նույնիսկ նշեց, որ կարտոֆիլը չորացել է, անասունը խմել է, սատկել է»,- պատմեց Պերճ Բոջուկյանը: «ԷկոԼուր»-ի այն հարցին, թե արդյոք Բնապահպանական տեսչությունը տեղյակ է այս մասին, Պ. Բոջուկյանն ասաց,  որ Բնապահպանական տեսչության աշխատակիցներն իրեն վստահեցրել են, թե իրենց ուսումնասիորությունների արդյունքում վնասակար եւ վտանգավոր նյութեր չեն հայտնաբերել ջրում:  

Եթե ջրատարը խցանվի, ապա սարերից հոսող ջրերը կլցվեն շլամ պարունակող թափոնակուտակիչի մեջ եւ փլուզում կառաջացնեն` աղտոտելով ողջ շրջակա միջավայրը: Պերճ Բոջուկյանը հիշում է, որ նման նախադեպեր եղել են, երբ խցանվել է ջրատարի ճամփան, որը, բարեբախտաբար, լուրջ աղետի չի հանգեցրել, քանի որ  տեղի բնակիչները բացել են:

Մյուս խնդիրն էլ այն է, որ, ուշադրությունից դուրս մնալով, թափոնակուտակիչի վրա տնակ է դրվել եւ ներկայումս մի ընտանիք է ապրում,  փոքր երեխա է մեծանում:  «Հենց այդ քիմիական թափոնների վրա նրանք ունեն սանհանգույց` գետնի մեջ փորված: Բացի դա, հենց թափոնակուտակիչի վրա կան բերքատու ծառեր, խաղողի թփեր: Բնականաբար ծառերն իրենց արմատներով հենց թափոնակուտակիչից են օգտվում»,- նշեց Պ. Բոջուկյանը:

Լուսանկարները տրամադրել է Վանաձորի Օրհուս կենտրոնը



Ապրիլ 02, 2012 at 15:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր