Մի քանի մարզերի գյուղերում ուսումնասիրվում են ժամկետնանց թունաքիմիկատների պահեստները

Մի քանի մարզերի գյուղերում ուսումնասիրվում են ժամկետնանց թունաքիմիկատների պահեստները

ԷկոԼուր

Լոռու մարզի Գառգառ եւ Օձուն, Արագածոտնի մարզի Պարտիզակ, Տավուշի մարզի Աչաջուր եւ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքներում թաղված են ժամկետնանց թունաքիմիկատներ: Ներկայումս դրանք  ուսումնասիրվում են` դրանց մեջ տոքսիկ նյութերի հայտնաբերման համար: Ոսումնասիրությունն անցկացնում է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն:   «Այդ պահեստները մնացել են խորհրդային ժամանակաշրջանից: Դրանց ավելացել են նաեւ այլ թափոններ: Եւ հիմա ոչ ոք չգիտի, թե այնտեղ կոնկրետ ինչ կա: Իսկ դրանց հարեւանությամբ մարդիկ են ապրում, կան գյուղատնտեսական տարածքներ, աճեցվում է միրգ ու բանջարեղեն»,- ասում է կազմակերպության բժիշկ-փորձագետ Քնարիկ Գրիգորյանը:

Կազմակերպությանն անհանգստացնում է  մարդկանց եւ շրջակա միջավայրի համար անվտանգության միջոցառումների բացկայությունը: «Թունաքիմիկատները կարող են արտանետվել օդի, ջրի և բույսերի մեջ և, ներթափանցելով մարդկանց օրգանիզմ, առաջացնել նյարդային և շնչառական համակարգերի, երիկամների հիվանդություններ, խթանել չարորակ նորագոյացությունների զարգացումը»,- ասաց Քնարիկ Գրիգորյանը:

Այս խնդիրը բարձրացվեց համայնքներում հանդիպումների ժամանակ, երբ կազմակերպությունն անցկացրեց թունաքիմիկատների կուտակումների վերաբերյալ ուսումնասիրություններ: Կազմակերպության մասնագետները փորձանմուշներ վերցրեցին ինչպես թունաքիմիկատների պահեստներից, այնպես էլ գյուղատնտեսական տարածքների հողերից: Փորձանմուշների հետազոտությունների արդյունքները կհրապարակվեն: Հետազոտությունն իրականացվում է «Կայուն օրգանական աղտոտիչների թեժ կետերի մոտակայքում  հողատարածք ունեցող ֆերմերների բարելավված առողջություն և շրջակա միջավայրի պաշտպանություն» ծրագրի շրջանակներում:

Հոկտեմբեր 10, 2014 at 12:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր