Հայաստանի գյուղերում կանանց մեծ մասը վնասվում է թունաքիմիկատներից

Հայաստանի գյուղերում կանանց մեծ մասը վնասվում է թունաքիմիկատներից

ԷկոԼուր

Հայաստանի գյուղերում կանանց մեծ մասը վնասվում է թունաքիմիկատներից: Գյուղերում տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքների, եւ կանայք են զբաղվում  գյուղատնտեսական աշխատանքներով` կիրառելով այդ աշխատանքներում թունաքիմիկատներ: «Կան թունաքիմիկատներ, որոնք կուտակման հատկություն ունեն: Օրգանիզմից դուրս են գալիս քրտնարտադրության միջոցով, հղիության ժամանակ պոլտալարի միջոցով անցնում են պտղին, կերակրող մայրերի կաթի միջոցով…»,- այս մասին «ԷկոԼուր» մամուլի ակումբում մարտի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասացին «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետներ Լիլիկ Սիմոնյանը եւ Քնարիկ Գրիգորյանը:

«Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն «Ժամկետնանց թունաքիմիկատների վերացման և կանխարգելման կարողությունների բարելավում՝ իբրև Խորհրդային Միության երկրներում չօգտագործված վնասակար քիմիական նյութերի հետ կապված խնդիրների լուծման օրինակ» ծրագրի շրջանակներում ՀՀ Արարատի, Արմավիրի, Տավուշի եւ Գեղարքունիքի 20 համայնքներում իրականացրել է  հետազոտություններ եւ հարցումներ 567 մարդու` մեծամասամբ կանանց շրջանում: Արդյունքում պարզվել է, որ հարցվածների 70 տոկոսը գիտակցում է թունաքիմիկատների վտանգավորության մասին, սակայն 4 մարզերը գրեթե 100 տոկոսով օգտագործում են թունաքիմիկատներ: Բանախոսները նշեցին, որ հարցվածների մեծ մասը գանգատվել է առողջությունից թունաքիմիկատների հետ գործ ունենալուց հետո, սակայն բուժհաստատություն չի դիմել: Մյուս կողմից, այցելելով համայնքների բուժհաստատություններ` բանախոսները պարզել են, որ բժիշկների մեծ մասը տեղյակ չեն՝ ինչպես օգնել նման թունավորումների ժամանակ:

Կանայք նույնիսկ տեղյակ չեն, թե ինչպես կարելի է պաշտպանվել թունաքիմիկատների ազդեցությունից: Բանն այն է, որ վաճառքում առկա թունաքիմիկատների ոչ բոլոր տուփերի վրա կա հայատառ գրություն օգտագործման կարգով, շուկայում թունաքիմիկատի վաճառքի կարգ չկա, վաճառում են եւ սերտիֆիկացված խանութներում եւ ոչ սերտիֆիկացված խանութներում, նույնիսկ մթերային խանութներում` հացի կողքին:

 ՀԿ-ի ուսումնասիրությունը 20 համայնքներում ցույց է տվել, որ թունաքիմիկատների պահեստները չեն վերահսկվում, եւ թունաքիմիկատները տարածվում են: Անհրաժեշտ է շտապ կարգով հավաքել դրանք վարակված հողի հետ միասին, որպեսզի այդ վտնագավոր նյութերը ճիշտ կառավարվեն:  

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալներով Հայաստանի շուկան տարեկան օգատգործում ամենաշատը 650 տոննա թունաքիմիկատ: Նոր կարգի համաձայն` ներմուծվող թունաքիմիկատի օգտագործման ժամկետը  պետք է լինի առնվազն 1 տարի:

Փորձագետ Քնարիկ Գրիգորյանը նաեւ նշեց, որ կանանց առողջության համար վտանգ են ներկայացնում որոշ կոսմետիկ միջոցներ, հիմնականում սպիտակացնող քսուկները. Դրանք իրենց մեջ սնդիկ են պարունակում: ԿՀ-ի կողմից հետազոտված 100 նմուշներից միայն 17-ում չի հայտնաբերվել սնդիկ, իսկ մնացած 83 նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է սահմանված չափաքանակը տասնյակ անգամներ:



15:44 Մարտ 06, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news