ՀՀ բնապահպանության նախարարը Արարատում քննարկել է մարզի բնապահպանական խնդիրները

ՀՀ բնապահպանության նախարարը Արարատում քննարկել է մարզի բնապահպանական խնդիրները

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Արարատի մարզում: Մարզպետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ մարզի ղեկավարության և համայնքապետերի հետ քննարկվել են մարզի բնապահպանական խնդիրները, մասնավորապես` Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ոռոգման սեզոնին ընդառաջ` ստորերկրյա ինքնաշատրվանվող և մեխանիկական եղանակով ջրառ իրականացվող հորերի ջրօգտագործման թույլտվությունների /ՋԹ/ խնդիրները, մարզի աղբավայրերում առկա իրավիճակը, աղբավայրերի կառավարման խնդիրները կանոնակարգելու, ոլորտը բարեփոխելու և վճռական քայլերի գնալու անհրաժեշտությունը, ինչպես նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի սահմանների և տարածքների հստակեցման խնդիրները: Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, քննարկման ընթացքում նախարար Գրիգորյանը հանձնարարականներ է տվել նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին` արծարծված խնդիրների շուրջ համագործակցված կերպով աշխատել համայնքապետերի ու մարզպետարանի հետ և գտնել արդյունավետ լուծումներ:

Այնուհետև աշխատանքային խումբը մեկնել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Վեդու տեղամաս, որտեղ շնորհակալագրեր են հանձնվել մարտի 12-ին ամպրոպից արգելոցի բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքների մասնակիցներին:

 «Բռնկված հրդեհը զգալի վնաս է պատճառել բնության հատուկ պահպանվող տարածքին, սակայն այդ վնասը կարող էր ավելի մեծ լինել և հետևանքներն առավել ցավալի, եթե չլիներ ձեր անձնվեր վերաբերմունքը, արագ արձագանքն ու հրդեհաշիջման աշխատանքների միահամուռ և արդյունավետ իրականացումը: Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումների, ՀՀ ոստիկանության մարզային կառույցի համապատասխան աշխատակիցներին, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ներկայացուցիչներին, ինչպես նաև Վեդի և Ուրցաձոր համայնքների ղեկավարներին և անհատ կամավորներին, ովքեր ջանք ու եռանդ չխնայելով` պայքարեցին բնության այս տարերքի դեմ և նվազագույն կորուստներով ելք ապահովեցին այս արտակարգ իրավիճակից: «Խոսրովի անտառ» պետական արգելոցը մեր երկրի հարստություններից է, որի նկատմամբ ուշադրությունն ու պատշաճ պահպանության իրականացումը ինչպես ՀՀ բնապահպանության նախարարության, այնպես էլ  յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու պարտքն է: Այնուամենայնիվ, բնության տարերքների դեմ անզոր ենք բոլորս, մեր խնդիրն է ճգնաժամային իրավիճակներում կարողանալ արդյունավետ կերպով   կազմակերպել պայքարի միջոցները, ինչը, հուրախություն մեզ, հաջողվեց»- ասել է  ՀՀ բնապահպանության նախարարը:

Մարտի 12-ին ամպրոից բռնկված հրդեհի արդյունքում Խոսրովի արգելոցում այրվել է 10 հա խոտածածկ տարածք:

12:00 Մարտ 25, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news