Բրազիլիայում պոչամբարներ են փլուզվել. երկրի պատմության վատթարագույն էկոլոգիական աղետը

Բրազիլիայում պոչամբարներ են փլուզվել. երկրի պատմության վատթարագույն էկոլոգիական աղետը

Համահայկական բնապահպանական ճակատ

Greenpeace.org կայքը տեղեկացնում է, որ 2015 թ.-ի նոյեմբերի 5-ին երկու պոչամբարների պատվարի փլուզման հետևանքով միլիոնավոր խորանարդ մետր հանքաթափոններ են լցվել շրջակա բնության մեջ՝ ինչը պատճառ է դարձել Բրազիլիայի պատմության մեջ վատթարագույն բնապահպանական աղետներից մեկի համար։

Մկնդեղով, կապարով, քրոմով և մի շարք այլ ծանր մետաղներով աղտոտված 25 հազար օլիմպիական լողավազանների ծավալով ցեխաջուրն մեծ արագությամբ լցվել է մոտակա հանքարդյունաբերական համայնքները, որի արդյունքում առնվազն տասնյոթ մարդ է զոհվել, իսկ հարյուրավոր մարդիկ տեղահանվել են։ Այս աղետալի ողբերգության հետևանքները շարունակվում են տարածվել ավելի քան 500 կմ գետի հոսանքով ներքև՝ մոտենալով Ատլանտյան օվկիանոսի ափին և ճանապարհին աղտոտելով խմելու ջրի աղբյուրներն ու պահպանվող անտառային տարածքները։

Ո՞վ է պատասխանատու այս ամենի համար...

Այս հարցն է իրավացիորեն բարձրացնում "Greenpeace"-ը՝ նշելով, որ նախանշված չեն եղել գործողությունների և ոչ մի ծրագրեր, և համայնքներն ընդհանրապես պատրաստ չեն եղել այսպիսի աղետալի վտանգներին։ Մինչև օրս այդ պոչամբարները շահագործող ընկերությունները տուգանվել են 261 մլն ԱՄՆ դոլարի չափով, սակայն դա չի կարող ծածկել աղետի իրական հետևանքները։

Մինչդեռ Բրազիլիայի իշխանությունները շարունակում են սպասարկել հանքարդյունահանողների կոորպորատիվ շահերը՝ աչք փակելով իրական էկոլոգիական ռիսկերի վրա։ Այս տարի կառավարությունն առաջարկել է նոր օրենսդրություն, որով արագացվում են հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական լիցենզիաների տրամադրման գործընթացները։ Պետությունն արդեն ունի ավելի քան 700 թափոնների պոչամբարներ, բայց միայն չորս հանրային աշխատակիցներ են վերահսկում դրանք։ 

ՀԲՃ-ի կողմից ավելացնենք, որ այսպիսի աղետներից ոչ մի երկիր ապահովագրված չէ՝ ներառյալ նաև Հայաստանը, որտեղ գործում են բազմաթիվ նմանատիպ պոչամբարներ ու տիրում է նույն անպատասխանատվության մթնոլորտը, և միանում ենք «Greenpeace»-ի այն կոչին, որ անհրաժեշտ է շտապ աջակցել զոհերին, ուսումնասիրել և պատժել նրանց, ովքեր պատասխանատու են այս ողբերգության համար՝ նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի վրա հետևանքները:

Իսկ Հայաստանի կառավարությանն ու Հայաստանում հանքարդյունահանում իրականացնող ընկերությունների ղեկավարներին կոչ ենք անում լավ ուսումնասիրել միջազգային փորձը, համապատասխան դասեր քաղել նմանատիպ աղետալի դեպքերից և իրականացնել լուրջ վերահսկողություն այս ոլորտի նկատմամբ։



16:48 Նոյեմբեր 19, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news