Գեղանուշի բնակիչները պահանջում են փոխհատուցել Գեղանուշի պոչամբարի պատճառած վնասները

Գեղանուշի բնակիչները պահանջում են փոխհատուցել Գեղանուշի պոչամբարի պատճառած վնասները

ԷկոԼուր

Սյունիքի մարզի Գեղանուշ համայնքի 184 բնակիչ Գեղանուշի պոչամբարի պատճառած վնասների փոխհատուցման պահանաջ-նամակ է հղել «Դանդի Փրիշըս Մեթալս Կապան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանին, պատճեները` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, «Դանդի Փրիշըս Մեթալս Կապան» ՓԲԸ սեփականատեր անգլիական «Վաթրին Ինվեսթմընթ» ՍՊԸ-ի տնօրեն Ջերեմի Կուպերին, Կանադական «Դանդի Փրիշըս Մեթալս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ռիչարդ Հաուսին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) տնօրենությանը:  Նամակում ասված է.

«Մենք՝ Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղական համայնքի ներքոստորագրյալ բնակիչներս, հայտարարում ենք այն մասին, որ Գեղանուշի պոչամբարի վերագործարկման հետևանքով շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը սպառնացող վտանգներ են առաջացել։

Գեղանուշ գետի ափին գտնվող գյուղի այգիներն ու բանջարանոցներն այլևս չեն մշակվում, քանի որ հողի բերքատվությունը կտրուկ նվազել է և հողակտորների հետագա մշակումը անարդյունավետ է: Այգիների լքվելու պատճառով անտերության մատնված հողակտորները թալանվել և ամայացել են. կտարտվել և վայրենացել են պտղատու ծառերը, քանդվել են ցանկապատերը՝ էլ ավելի մեծացնելով հողատերերին պատճառված վնասները:

Պոչամբարի վերագործարկման հետևանքով համայնքի որոշ հատվածներում այնպիսի ծառատեսակներ, ինչպես օրինակ կեռասենին և ընկուզենին կամ բերք չեն տալիս կամ պարզապես չորանում են: Հողի բերքատվությունը ընդհանուր առմամբ նվազել է: Պոչամբարի արագորեն  լցվելու հետևանքով շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը սպառնացող վտանգը ավելի է մեծանում:  Պոչամբարից փչող տհաճ հոտը անտանելի է դառնում  գլխավորապես առավոտյան:  Պոչամբարի վերագործարկումից առաջ և հետո համայնքի բնակիչներին չի տրամադրվել որևէ հետազոտություն, որից պարզ կդառնա, թե պոչամբարի վերագործարկման արդյունքում  բնակչության առողջության վրա ինչ հնարավոր բացասական ազդեցություններ  կան և կլինեն:   Ակնհայտ է, որ  պոչամբարի վերագործարկման արդյունքում վատացել է հողի որակը, նվազել է վարելահողերի եւ այգիների բերքատվությունը, անասունների ծնելիությունը, չորանում են ծառերը, աճել են մարդկանց եւ անասունների հիվանդությունները, գյուղում բնակվելը դառնում է ավելի ու ավելի վտանգավոր…

Փաստորեն Գեղանուշի պոչամբարի վերագործարկման արդյունքում վտանգված է մեր և մեր երեխաների կյանքն ու առողջությունը, նվազում են մեր եկամուտները։ Մենք շարունակում ենք նյութական վնասներ կրել նաև այն պատճառով, որ փաստացի զրկված ենք եկամուտ ստեղծելու հնարավորություններից:

Ելնելով այն փաստից, որ Գեղանուշի պոչամբարի վերագործակումը իրականացվել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ֆինանսավորմամբ՝ պահանջում ենք միջազգային չափորոշիչներով փոխհատուցել Գեղանուշի պոչամբարի վերագործարկման հետևանքով  մեր կրած վնասները և բաց թողնված օգուտները»։

14:18 Դեկտեմբեր 28, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news