Վարկային բեռն ավելանում է, բյուջեից գումարները՝ ծախսվում, իսկ աղբի հարցը մնում է չլուծված

Վարկային բեռն ավելանում է, բյուջեից գումարները՝ ծախսվում, իսկ աղբի հարցը մնում է չլուծված

ԷկոԼուր

ժամանակակից տեխնոլոգիաների դարում Հայաստանում չլուծված է մնում բնապահպանական կարևորագույն խնդիրներից մեկը՝ աղբահանության խնդիրը: Չնայած այս ոլորտին տրամադրվող վարկային միջոցներին, ինչպես նաև բյուջեից հատկացումներին, Հայաստանում աղբի կառավարման ոչ մի նորագույն տեխնոլոգիա չի կիրառվում: Չկա նաև ուսումնասիրություն՝ ինչ տեսակի աղբ է պարունակվում աղբավայրերում: Փորձագետների գնահատմամբ՝ Հայաստանում աղբի հարցը չլուծված կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չի ներդվել աղբի տեսակավորման և վերամշակման համակարգ:
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում արված ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանի տարածքում կա շուրջ 2300 աղբանոց՝ ավելի քան 430 հա ընդհանուր տարածքով: Ըստ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի` այս մեծաթիվ աղբավայրերի մեջ աղբի մասնակի կառավարում իրականացվում է միայն Երևանի Նուբարաշենի աղբավայրում, որտեղ ճապոնական «Շիմիզու» ընկերությունը 7 հեկտարի վրա այրում է աղբավայրում հավաքած կենսագազը: Մնացած աղբավայրերում աղբը պարզապես կուտակվում է: «Աղբահանություն մեզ մոտ նշանակում է աղբը մի վայրում կուտակել, հետո տանել մեկ այլ վայր: Աղբի ուտիլիզացման կամ վերամշակման ոչ մի տեխնոլոգիա չի իրականացվում, ժամանակակից տեխնոլոգիաներ չեն կիրառվում, չկա նաև գնահատում՝ ինչ տեսակ աղբ է լցվում աղբավայրերում, ինչը մենք կարող ենք վերամշակել», - ասաց Ինգա Զարաֆյանը «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք ունենք տոքսիկ թափոններ, որոնք պետք է հատուկ ձևով պահվեն, բայց դրանք հայտնվում են ընդհանուր աղբավայրում: Ես, օրինակ, չեմ տեսել, որ ինչ-որ հիվանդանոցի տուգանեն սանիտարական նորմերը չպահպանելու համար, բայց չէ որ այդ թափոնների մեջ կան վարակված ներարկիչներ և այլ վտանգավոր նյութեր», - հավելեց նա:

ՀՀ 2017-2036 թվականների կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զագացման ռազմավարության համաձայն՝ Հայաստանում պատշաճ աղբահանություն իրականացնելու համար 90 միլիոն եվրո է պետք: Վարկային միջոցներով այս գումարի որոշակի մասն արդեն վերցվել է: Ինգա Զարաֆյանը հիշեցրեց 2015 թ-ին մեկնարկած Երևանի կենցաղային թափոնների կառավարման վարկային ծրագրի մասին, որի ընդհանուր արժեքն է 26 միլիոն եվրո՝ 16 միլիոն եվրոն վարկի տեսքով: «Այդ ծրագրով նախատեսված չէ ոչ տեսակավորում, ոչ վերամշակում: Ասում են՝ մենք հետո դրա համար կարող ենք ներգրավել բիզնեսին: Այդ ո՞ր բիզնեսը պետք է գա, առանց տեսակավորման աղբը վերամշակի: Դա լրացուցիչ ծախս է բիզնեսի համար: Բացի այդ, 2015 թ-ին աղբահանության, սանիտարական մաքրման և աղբավայրերի շահագործման համար ՀՀ-ում բյուջետավորվել է 8.8 միլիարդ դրամ, և այդ գումարը ծախսվել է աղբը մեկ վայրից մյուսը տեղափոխելու համար: Սա աղբի ճիշտ կառավարում չէ, աղբը նախևառաջ պետք է տեսակավորել», - նշեց Ինգա Զարաֆյանը:
Աղբի խնդիրն ավելի է սրանում ամռանը՝ հատկապես հանգստյան գոտիներում: էկոլոգ, անկախ փորձագետ Լուսինե Թասլակյանը նշեց, որ սա մեծ խոչընդոտ է տուրիզմի զարգացման համար:
«Եթե մենք խոսում ենք տուրիզմի զարգացման մասին, մեր առաջնահերթ խնդիրը՝ աղբահանության խնդիրն է: Հատկապես ամառվա սեզոնին սարսափելի տեսարանի կարող ենք հանդիպել գետերի ափերին: Խնդիր ունենք մեր գետերի շունչը բացելու, գետերի ափերն ու հուներն ազատելու: Մենք գիտենք ինչքան ռեստորաններ կան գետերի ափերին, որ կոյուղին լցվում է ուղիղ գետը: Գետերում են հայտվում նաև ներկանյութեր, քիմիական նյութեր, շինարարական թափոններ, որն անմիջապես ազդում է ջրի որակի վրա: Այդ գետերն արդեն պիտանի չեն դառնում հանգստի համար: Մենք ունենք տուրիզմի պոտենցիալ, ունենք շատ հրաշագեղ վայրեր, որտեղ ուղղակի ամաչում ես մարդ տանել զուտ այդ աղբակույտերը չտեսնելու համար: Չկա պատշաճ վերահսկողություն, իսկ եթե չկա վերահսկեղություն և աղբի վերացման ժամանակակից տեխնոլոգիա, ուրեմն մեր կառավարումը վատ է իրականացվում», - ասաց Լուսինե Թասլակյանը:

18:41 Օգոստոս 04, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news