Նուբարաշենի նոր աղբավայրը կառուցվելու է այն անտառային հողերի վրա, որի վերականգնման համար 59 միլիոն դրամ է տրամադրվել

Նուբարաշենի նոր աղբավայրը կառուցվելու է այն անտառային հողերի վրա, որի վերականգնման համար 59 միլիոն դրամ է տրամադրվել

ԷկոԼուր

Նուբարաշենի նոր աղբավայրը կառուցվելու է այն անտառային հողերի վրա, որի վերականգնման համար ՀՀ կառավարությունը 59 միլիոն դրամ է տրամադրել:

2011թ-ի ՀՀ կառավարությունը որոշեց պետական պահուստային ֆոնդից 59 միլիոն դրամ հատկացնել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամին «Երևանի անտառատնտեսության» «Էրեբունու» անտառապետության 51 հեկտար տարածքի անտառապատման աշխատանքների, ոռոգման ցանցի անցկացման, ցանկապատման համար: 2016թ-ին ՀՀ կառավարությունը ընդունեց մի նոր որոշում, որով Երևանի համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 24.42 հեկտար հողամասը «Հայանտառ» ՊՈԱԿ-ից վերցրեց և նվիրեց Երևան համայնքին Նուբարաշենի նոր աղբավայրի կառուցման համար: Իսկ ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամը լուծարվեց:

ԷկոԼուրի` Անտառային պետական կոմիտեին ուղղված հարցմանը, թե արդյո՞ք «Էրեբունի» անտառպետության 51 հա անտառային հողերը գտնվում են Նուբարաշենի կոշտ կենցաղային աղբավայրի հարևանությամբ, և այս անտառպետության տարածքից է 24.42 հեկտար անտառային հող տրամադրվել նոր աղբավայրի կառուցման համար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը պատասխանեց. «Գրությունում նշված տարածքը գտնվում է Նուբարաշենի կոշտ կենցաղային աղբավայրի հարևանությամբ և ՀՀ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 2-ի N891-Ա որոշմամբ այդ տարածքից 24,42 հա օտարվել ու տրամադրվել է Երևանի համայնքին` նոր աղբավայրի կառուցման նպատակով: Հարկ է նշել, որ մինչ օրս նշված տարածքում որևէ շինարարական աշխատանք չի կատարվել: Ոռոգման ջրի խիստ անբավարար և անկանոն մատակարարման հետևանքով տնկված տարածքի պահպանվածությունը ներկայումս կազմում է 28-30%»:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը չի պատասխանել այն հարցին, թե որևէ փոխհատուցում Անտառային պետական կոմիտեն ստացել է կամ նախատեսված է, որ կստանա աղբավայրի համար հատկացված անտառային հողերի դիմաց:

Ի պատասխան Երևանի անտառպատվածության, Երևանի անտառտնեսության լուծարման պատճառների, Երևանում անտառատնկման վերաբերյալ հարցադրումներին, «Հայանտառը» տեղեկացրել է. «Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարի 18.03.2014թ. N73-Ա հրամանով «Երևանի անտառտնտեսություն» մասնաճյուղը լուծարվել է, և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի 18.03.2014թ. N73-Ահրամանով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառուցվածքում ստեղծվել է Երևանի անտառային հողերի կառավարման բաժին: Հետագայում, Երևանի անտառային հողերի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի 17.08.2016թ. N39 հրամանով վերը նշված բաժինը վերակազմավորվել է Երևանի անտառային հողերի կառավարման տեղամասի և միացել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղին:
1990-ականներից հետո անտառտնտեսությունում անտառակառավարման պլանի (անտառաշինական նախագծի) մշակման աշխատանքներ չեն իրականացվել, և այդ տարիներին ՀՀ կառավարության տարբեր որոշումներով բազմաթիվ տարածքներում փոխվել է անտառային հողերի նպատակային նշանակությունը: 2018թվականին Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության կողմից նախատեսվում է սկսել Հրազդանի անտառտնտեսության անտառակառավարման պլանի (անտառաշինական նախագծի) մշակման աշխատանքներ, որի մեջ ներառված է նաև Երևանի տեղամասը: Կառավարման պլանի հաստատումից հետո վերջնականապես կհստակեցվի Երևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կառավարվող անտառային նշանակության հողերի սահմանները:

Ներկայումս Գաջի գործարանի, ՋԷԿ-ի, ինչպես նաև հեռուստաաշտարակի հարակից տարածքներում իրականացվում են նախկինում ծառատնկված արածքների խնամքի և ոռոգման աշխատանքներ»:

19:56 Հունիս 05, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news