Դիլիջանի քաղաքային աղբավայրի պարունակությունը Աղստեւ գետում (Լուսանկարներ)

Դիլիջանի քաղաքային աղբավայրի պարունակությունը Աղստեւ գետում (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Դիլիջանի քաղաքային աղբանոցի ամբողջ պարունակությունը լցվում է անդրսահմանային Աղստեւ գետի մեջ: Այս մասին ահազանգում է Երեւանի բնակիչ Արթուր Իգիթյանը: «ԷկոԼուր»-ին ուղղված նամակում Արթուր Իգիթյանը գրում է. «Դիլիջանից մոտ 2-3 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքային գլխավոր զիբիլանոցը հենց Աղստեւ գետի հունի հարեւանությամբ է տեղակայված` բարձունքի վրա, եւ ներկա պահին ամբողջ պարունակությունը թափվում է գետի հունի մեջ: Խոսքը գնում է ոչ թե ինչ-որ վտակի, այլ հենց Աղստեւ գետի հիմնական հոսանքի մասին, որը հետագայում անցնում է Դիլիջան եւ Իջեւան քաղաքներով, եւ ոչ թե ինքնաբուխ, այլ քաղաքային հիմնական զիբիլանոցի մասին, որտեղ քաղաքի զիբիլի մեքենաները դատարկում են իրենց պարունակությունը»: Արթուր Իգիթյանն ուղարկել է նաեւ լուսանկարներ, որտեղ պարզ երեւում է, թե ինչպես է աբը բարձունքից սահելով իջնում դեպի գետը:

Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող Ալբերտ Հարոյանը «ԷկոԼուր»-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ աղբավայրը գտնվում է Դիլիջանի վարչական տարածքում: Այն Վանաձոր տանող ճանապարհի մի կողմում է, իսկ գետը մյուս կողմում: Հնարավոր է, որ քամին ինչ-որ տոպրակներ քշի դեպի գետը, բայց ամբողջ աղբը` ոչ: Նա նաեւ նշեց, որ հնարավոր է, ինչ- որ անհատներ աղբը լցրած լինել գետի տարածքում:

Աղստեւ գետի աղտոտման հարցը բազմիցս բարձրացրել է նաեւ Իջեւանի Օրհուս կենտրոնի համակարգող Գագիկ Աբալյանը, ով ահազանգել է, որ մի շարք գյուղական ու քաղաքային համայնքների կոյուղաջրերը առանց մաքրման լցվում են գետը, ինչպես նաեւ գետ են թափվում գետի երկայնքով կառուցված հասարակական օբյեկտների, գետաբերանին կառուցված  բազմաբնակարան շենքերի շինարարական աղբը, մսի վաճառքի կետերի մորթած անասունների մորթիներն ու  ներքին օրգանները:

Նշենք, որ Աղստեւի ջուրը տեղի համայնքներն օգտագործում են ոռոգման նպատակով:

Լուսանկարները` Արթուր Իգիթյանի

13:16 Սեպտեմբեր 13, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news