Գեղանուշի քննարկումները չեն տվել ցանկալի արդյունք

Գեղանուշի քննարկումները չեն տվել ցանկալի արդյունք

ԷկոԼուր

Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղի բնակիչների` Գեղանուշի  պոչամբարի պատճառած վնասների փոխհատուցման պահանջի վերաբերյալ   «Դանդի Փրիշլս Մեթալս Կապան»  ընկերությունը հունվարի 22-ին կազմակերպել է քննարկում բնակիչների հետ: Պահանջ նամակի տակ ստորագրել է 184 բնակիչ: Ստորագրահավաքին օժանդակել է «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:

Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ ստորագրահավաքն է. առաջինը կայացել է 2006 թվականին, երբ Գեղանուշի 134  բնակիչ ստորագել են  պոչամբարի վերշահագործման ծրագրի դեմ ուղղված նամակի տակ, սակայն նրանց կարծիքը հաշվի չի առնվել: Ծրագիրը մշակված է եղել «Դինո Գոլդ  Մայնինգ» ընկերության կողմից` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսական աջակցությամբ, և Գեղանուշի պոչամբարը շահագործման է հանձնվել 2008 թվականին:

 «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտը» տարածել է տեսանյութ քննարկումների վերաբերյալ: Ինչպես երևում է տեսանյութից, հանդիպման ընթացքում գյուղացիները պահանջել են համապատասխան փոխհատուցում առողջությանը և գույքին հասցված վնասի համար: «Դանդի Փրիշլս Մեթալս Կապան»  ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը հայտարարեց.

 «Ինձ ներկայացրեք հակիրճ նամակ, որում պետք է գրեք, որ ունեք պարտեզ այսինչ տեղում, այն այսինչ չափի է, պետք է նամակին կցեք պարտեզի սեփականաշնորհման փաստաթղթերը, պետք է կցեք նաև նկարներ, թե որ տարիներին եք մշակել, որ տարում  ինչքան բերք է տվել և երբվանից եք այլևս դադարել մշակել, պետք է նաև կարողանաք քարտեզի վրա ցույց տալ, թե որտեղ է գտնվում ձեր պարտեզը»:

Գյուղացիներն  էլ հակադարձեցին. «...Դուք ինձ ապացուցեք, որ պոչամբարը վնաս չի տալիս...Որ դուք ասում եք, ապացույցներ բերեք, ես ինչ ջանքեր պիտի թափեմ, որ էդ ապացույցը բերեմ... Ո՞ր մի բուժհաստատությունն է համարձակվելու՝ ասի՝ պոչամբարի հոտնա պատճառը, որ գլուխը ցավումա... Թող իրենք ապացուցեն, որ էն անձրևը, որ թափվումա ժանգոտ, վնաս չի բնությանը, վնաս չի անասուներին, մարդկանց վնաս չի, ծառերին, ծաղիկներին վնաս չի...»:

Թեժ քննարկումների արդյունքում երկու կողմն էլ, այնուամենայնիվ, չեն հասել ցանկալի արդյունքի:

Մանրամասները` տեսանյութում:



18:24 Հունվար 29, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news