Որտեղից գտնել 2 միլիարդ եվրո մաքրման համակարգերի համար

Որտեղից գտնել 2 միլիարդ եվրո մաքրման համակարգերի համար

ԷկոԼուր

Հայաստանում ընդամենը 7 մաքրման կայան կա՝ Երեւանում, Գավառում, Մարտունիում, Վարդենիսում, Ջերմուկում, Դիլիջանում, Փարաքարում: Բացի վերջինից, մնացած 6-ը  ապահովում են միայն մեխանիկական մաքրում, այսինքն թույլ չեն տալիս խոշոր աղբի անցումը ճաղերի միջով:

Կոյուղաջրերի վատ կառավարման վտանգների վերաբերյալ իր անհանգստությունը հայտնեց խորհրդատվական «Ջինջ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Մեսրոպյանը Ջրի համաշխարհային օրվան նվիրված  «Ջուրը կայուն զարգացման հիմքում» գիտաժողովի ժամանակ:

Նա մասնավորապես նշեց, որ քաղաքների կոմունալ համակարգերը չեն մտնում զարգացման գլխավոր հատակագծերի մեջ: Հատկապես դա վերաբերում է քաղաքների կենտրոնական հատվածներին, որտեղ  ջրահեռացման համակարգերի ծանրաբեռնվածությունը մեծ վտանգներ է առաջացնում:

«Ծանրաբեռնվածության մեծացման պատճառով կոյուղաջրերը կարող են խառնվել խմելու ջրերին, ինչը չափազանց վտանգավոր է»,- նշեց Մովսիսյանը:

Կոյուղաջրերի կառավարման մեխանիզմների բացակայությամբ պայմանավորված հակասանիտարական իրավիճակը բարդանում է զբոսաշրջային վայրերում, եւ գլխավոր ավտոմայրուղիներին կից տեղաբաշխված տարբեր օբյեկտներում: Որպես կանոն հոսքերը բաց են թողնվում մոտակա գետեր:   

«Եթե նկատել եք, առողջարանային քաղաքներում  հանգստի վճարովի գոտիները տեղակայված են ավելի ներքեւ քան շքեղ հյուրանոցները, որոնք մաքրման սարքավորումներ չունեն: Կարելի է նկատել, որ հոսքերը լցվում են ինչ-որ փոսի մեջ, իսկ այնտեղից՝ մոտակա գետ: Եւ ընտանիքները, որոնք ժամանում են մի քանի ժամով եւ վճարում են «հանգստի» համար,  գնում են լողալու   կոյուղաջրերում»,- ասաց նա:

Ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերի կառուցումը պահանջում է զգալի ֆինանսական ներդրումներ: Կարևորվում են օրենսդրական-նորմատիվային փաստաթղթերի բարեփոխումները, ֆինանսների հայթհայթման և տնտեսական խրախուսիչ մեխանիզմների ընդունումը, կարծում է մասնագետը: Նախնական գնահատմամբ Հայաստանի բոլոր բնակավայրերը կոյուղու համակարգով  ապահովելու համար կպահանջվի շուրջ 2.6 միլիարդ եվրոյի ներդրում: 

Լուսանկարը`www.gegharkunik.gov.am կայքի:

11:57 Մարտ 24, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news