Երեւանի նոր աղբավայրի կառուցումը կարժենա 24 միլիոն եվրո

Երեւանի նոր աղբավայրի կառուցումը կարժենա 24 միլիոն եվրո

ԷկոԼուր

«Երեւանի կոշտ թափոններ» ծրագրի 1-ին փուլի շրջանակներում 24 միլիոն եվրո  կծախսվի Երեւանի Նուբարաշենի աղբավայրի հարեւանությամբ նոր աղբավայր կառուցելու համար: Այս գումարից 8.000.000 եվրո (ութ միլիոն եվրո) գումարի չափով վարկ պետք է տրամադրի Եվրոպական ներդրումային բանկ, 8 միլիոն՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), և ևս 8 մլն եվրո դրամաշնորհ նախատեսվում է ներգրավել ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի միջոցով: Այս առիթով սույն թվականի մարտի 3-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 16-ին ստորագրված «Երևանի կոշտ թափոններ` փուլ 1» ֆինանսական պայմանագրին:

Նոր աղբավայրը սպասարկելու է Երևան քաղաքն իր մոտ 1.1 միլիոն բնակիչներով և հավանաբար նաև հարակից չորս տարածաշրջանները՝ մոտ 770 հազար բնակիչներով: Այն Երեւանի կենտրոնից գտնվելու է 12 կմ հեռավորության վրա ,եւ ակնկալվում է, որ կնվազեցնի գործող ոչ սանիտարական աղբավայրի անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, հանրային առողջության և կլիմայի վրա:

«Երեւանի կոշտ թափոններ» ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է գործող աղբավայրի փակում և վերականգնումը նոր աղբավայրը շահագործման հանձնելուց հետո, ինչի համար անհրաժեշտ  11 մլն եվրոյից 9 մլն եվրոն վարկի տեսքով  պատրաստակամ է տրամադրել կրկին  Եվրոպական ներդրումային բանկը: 2 մլն եվրո դրամաշնորհ ստանալու նպատակով նախատեսվում է դիմել E5P հիմնադրամին:

«Երեւանի կոշտ թափոններ» ծրագրի երրորդ փուլով պետք է ներդրվեն այնպիսի համակարգեր և օբյեկտներ, որոնք կավելացնեն վերամշակման ծավալները՝ երկարացնելով նոր աղբավայրի օգտակար շահագործման ժամկետը: Թե որքան գումար անհրաժեշտ կլինի այս փուլի համար, կառավարության որոշման հիմնավորման մեջ չի նշվում:

18:03 Մարտ 03, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news