

Մարտի 30-ին Ախթալայում տեղի ունեցավ «Ախթալայի » ՓԲԸ-ի կողմից ներկայացված «Նահատակի» պոչամբարի ռեկուլտիվացման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հայտի վերաբերյալ հանրային երրորդ քննարկումը: Հանրային քննարկմանը ներկա էին Ախթալայի համայնքապետ Արկադի Թամազյանը, «Ախթալայի ԼՀԿ»-ի տնօրեն Սամվել Խաչատրյանը, պոչամբարի ռեկուլտիվացման հայտի հեղինակ «Ակունք-Ֆիրմա» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը և Ալավերդու «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Գևորգ Ասլյանը:
Հանրային քննարկմանը «Նահատակի» պոչամբարի հարակից բնակավայրից որևէ բնակիչ ներկա չէր: «Ակունք-Ֆիրմա» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են իրականացվելու: «Հաշվարկվել է ջրի քանակը: Ջրի կարիք լինելու է աշխատողների համար: Իսկ տեխնիկական ջուրն օգտագործվելու է հիդրոցանք պատրաստելու համար: Եթե հող չճարենք երկու տարբերակ ենք նշել՝ հողով կենսաբանական ռեկուլտիվացիա, մյուսը՝ հիդրոցանք: Ամբողջ ջուրն անվերադարձ է օգտագործվելու: Թափոններ չեն առաջանա, միայն՝ կենցաղային թափոններ կլինեն»,- նշեց նա:
Նախորդ հանրային քննարկումներին Ախթալայի համայնքապետ Արկադի Թամազյանի և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի կողմից ՇՄԱԳ հայտի վերաբերյալ որոշակի դիտարկումներն էին արվել: Հովհաննես Նիկողոսյանը նշեց, թե դրանց մի մասը հաշվի են առել: Մասնավորապես, համայնքապետի կողմից պահանջ էր դրվել ավելացնել ռեկուլտիվացման վերին շերտի հաստությունը, ինչը հաշվի է առնվել:
«Հողային շերտում նախատեսվում է 30 սմ դրենաժային շերտ, ևս՝ 20 սմ թաղանթ ջրի ներթափանցումը թույլ չտալու համար: Ընդհանուր ռեկուլտիվացիայի շերտը 50 սմ է լինելու»,- նշեց «Ակունք-Ֆիրմա» ՍՊԸ-ի տնօրենը:
Ընկերությունն ընդունել է նաև Օլեգ Դուլգարյանի՝ ռեկուլտիվացման շերտի տակ փռվող գեոմեմբրանի հաստությունն ավելացնելու և պոչամբարի ողջ պարագծով 2 մ բարձրությամբ ցանկապատ տեղադրելու առաջարկությունները:
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Գևորգ Ասլյանի դիտարկմանը, թե բնակչության շրջանում նոր պոչամբարի կառուցման մասին տեղեկություններ են շրջանառվում, «Ախթալայի ԼՀԿ»-ի տնօրեն Սամվել Խաչատրյանն արձագանքեց. «Նախնական նման պլան ունենք, որ պոչամբար պետք է լինի: Վերջնական մի հատ պոչամբար, ջրի թափոնների տեղ պետք է, բայց հստակ որոշում չկա որտեղ կամ երբ»:
«Ախթալայի ԼՀԿ»-ն պոչերի պահման խնդիր ունի և տարիներ շարունակ փորձում է լուծում գտնել խնդրին նոր տարածքների հաշվին: «Նազիկ» պոչամբարի լցվելուց հետո վերաշահագործարկվեց «Նահատակի» պոչամբարը Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի տարածքում, որն արդեն ծածկել է գյուղին ջուր մատակարարող աղբյուրները: 2015թ-ին տեղի համայնքները մերժեցին ընկերությանը նոր պոչամբարի կառուցման համար Մեծ Այրումի 12.10684 հա եւ Ճոճկանի 27.98901 հա գյուղատնտեսական նշանակության հողերը փոխադրել արդյունաբերական նշանակության հողերի կատեգորիայի: Հանրային բողոքի արդյունքում պոչամբար չկառուցվեց: «Ախթալայի ԼՀԿ»-ն ձեռնարկեց բաց հանքի տարածքում պոչերի չոր եղանակով պահեստավորման ծրագիրը, որը հաջողություն չունեցավ: «Նահատակի» պոչամբարը, որը պետք է 2018-ի փակվեր, ռեկուլտիվացվեր, դեռ շահագործվում է, ինչը լուրջ ռիսկեր է պարունակում շրջակա միջավայրի և բնակչության համար: Պոչերի մշակման համար նոր տեխնոլոգիաների կիրառման հարցը ընկերությունը դեռ օրակարգ չի բերել:
Ախթալայի համայնքապետը հետաքրքվեց, թե պոչամբարի ռեկուլտիվացման աշխատանքների ավարտից հետո ինչ պարտավորություններ է ստանձնելու «Ախթալայի ԼՀԿ»-ն այդ պոչամբարի նկատմամբ: Ի պատասխան Հովհաննես Նիկողոսյանը նշեց, որ պոչամբարի սպասարկման ժամկետը կտևի 5 տարի: «5 տարի հետո այն պետք է գա նորմալ վիճակի: Հողի հետազոտություն ենք կատարելու: Հողի փորձանմուշ ենք վերցնելու պոչամբարի ազդեցությունը չկրող ստուգողական կետից և «Նահատակի» պոչամբարի հարակից տարածքից: Այնուհետ համեմատենք, որպեսզի համոզվենք, որ արդեն նորմայի մեջ է հողը, աղտոտված չէ», - ասաց նա:
Հանդիպման ավարտից հետո ԷկոԼուրի հետ զրույցում Արկադի Թամազյանը նշեց, թե հանրային քննարկումից գոհ է. «Հողային շերտը ավելի հաստ կլինի, որպեսզի գրունտային ջրերի թափանցում չլինի: Ծառատունկի հնարավորություն չի լինի, կլինեն տեսակներ, որոնց արմատային համակարգը ուղիղ չի գնում, նաև այլ բուսատեսակներ կլինեն, սակայն դեռևս չենք կարող ասել՝ ինչպիսի»,- ասաց նա:
Անդրադառնալով ռեկուլտիվացված պոչամբարի հետագա շահագործմանը՝ նա նշեց, թե դեռ չի կարող ասել՝ ինչ խնդիրներ կարող են առաջանալ, սակայն հավանականություն կա, որ այդ հողերը հետագայում կարող են օգտագործվել գյուղատնտեսական նպատակներով:
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, սակայն, չի կիսում համայնքապետի կարծիքը: «Չեմ կարծում, որ 5 տարի հետո նորմալ լինի այդ հողը, կամ իրենք այնպիսի մեխանիզմներ կիրառեն, որ վտանգը կորչի: Անրձևներ են գալու, ներծծվեն հողի, հետո՝ ջրի մեջ, հետո էլ գնան, խառնվեն գետերի մեջ: Պոչամբարի տակից դեպի Դեբեդ գետ միշտ արտահոսք կա»,- նշեց նա: Մյուս խնդիրն էլ, ըստ Օլեգ Դուլգարյանի, այն է, որ ընկերության կողմից նախատեսված չէ տեղի բնակչության համար առողջապահական միջոցառումների իրականացում: «Իրենք միայն ստուգելու են օդը, հողն ու ջուրը: Մինչդեռ բնակչությանն արդեն իսկ պատճառված վնասների մեղմման համար ռեկուլտիվացիայի ՇՄԱԳ նախագծում պետք է նախատեսվեն նման միջոցառումներ»,- ասաց Օլեգ Դուլգարյանը:
Ապրիլ 01, 2021 at 14:47