

«Դիզափայտ» ՍՊԸ-ն նախատեսում է Արագածոտնի մարզի Թալին համայնքում 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան կառուցել: 2021թ. հոկտեմբերի 19-ին Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանում տեղի ունեցավ «Դիզափայտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Թալին համայնքում նախատեսվող արևային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 4-րդ հանրային քննարկումը:
Կայանը տեղակայվելու է «Դիզափայտ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 8 հեկտար տարածքում, որը նախկինում օգտագործվել է որպես արոտավայր: Նախատեսվող արևային կայանը բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծին միանալու է մինչև 20 մ երկարությամբ 110 կՎ էլեկտրահաղորդման գծով, առանց հենասյուների՝ թռիչքային միացմամբ։
Լսումների ժամանակ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը բարձրացրեց վահանակների՝ շահագործման ավարտի ժամկետից հետո թափոնների կառավարման՝ հետագա պահման, վերամշակման և ուտիլիզացման խնդիրները: Այս թափոնները պարունակում են կադմիումի, կապարի ու պղնձի միացություններ: Հաշվետվության համաձայն՝ կայանը կունենա 11.700 միաբյուրեղային վահանակ:
Գնահատման հաշվետվության հեղինակ «Նովալ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Թամարա Նուրիջանյանն ասաց. «Վահանակները բազմակի օգտագործման են, նախատեսվում է վերանորոգում, իսկ շահագործման ժամկետի սպառման դեպքում դրանք ժամանակավորապես պահվելու են ձեռնարկողի՝ այդ նպատակով առանձնացված 640 խմ մակերեսով պահեստում: Թափոնների վերամշակման պարտավորությունը ձեռնարկող ընկերությանն է»:
Իր հերթին Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Վրեժ Վարդանյանը հավելեց, որ անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություն կատարել ՇՄԱԳ օրենքում՝ փորձաքննության մեջ ներառելով ձեռնարկողի՝ իր միջոցներով թափոնները վերամշակելու պարտավորության մասին փորձաքննական պահանջը:
Ըստ Թամարա Նուրիջանյանի՝ կառավարությունը պետք է թափոնների վերամշակման ռազմավարություն մշակի: «Մինչ այդ մենք դրել ենք որոշակի պարտավորություններ ձեռնարկողի վրա: Ֆոտոէլեմենտներ պարունակող վահանակները չպետք է հավաքել ու թափել աղբավայրերում բաց վիճակում, պետք է փնտրել արևային պանելների արտադրությամբ զբաղվող կազմակերպություններ, վաճառել թափոնների հավաքմամբ զբաղվող այլ կազմակերպությունների, այդ թվում՝ արտասահմանյան, որոնք ունեն ժամկետանց արևային թափոնների վերամշակման տեխնոլոգիաներ»,- ասաց նա:
Թալինում արևային կայանի կառուցման ծրագրի վերաբերյալ ԷկոԼուրը կարծիք է ուղարկել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ, որում նշված է.
«1. Ըստ նախագծի, արևային կայանի շահագործման ընթացքում հնարավոր վթարների կամ ենթակայանի հնարավոր վերանորոգման ժամանակ առաջանալու են հալոգեններ, դեֆիլիններ և տերֆենիլներ չպարունակող բանեցված տրանսֆորմատորային յուղեր՝ 15 տ/տարի քանակով, յուղոտված լաթեր, ասֆալտբետոնե խառնուրդի մնացորդներ, յուղերով աղտոտված ավազ, սև մետաղի ջարդոն։ Թափոնների ազդեցությունները նվազագույնի հասցնելու կամ բացառելու նպատակով նախատեսված է մետաղական թափոնները հանձնել համապատասխան լիցենզավորված կազմակերպություններին` դրանց հետագա վերամշակման և օգտագործման համար: Բետոնյա մնացորդները, պարկերը և այլն մինչև աղբավայր տեղափոխելը կկուտակվեն տարածքում հատուկ պարկերի կամ տարողությունների մեջ, կտեղադրվեն տակդիրների վրա՝ ծածկի տակ:
Շինարարության ժամանակ առաջացած աղտոտված լաթերը, պարկերը հանձնվելու են թափոնների ջերմային վնասազերծում կատարող կազմակերպություններին կամ կենցաղային աղբի հետ 1/10 հարաբերակցությամբ խառնվելու են և տեղափոխվելու են աղբավայր, իսկ յուղընդունիչում հավաքված յուղը հանձնվելու է համապատասխան վերամշակող կազմակերպություններին։
ԷկոԼուրի դիտարկում.
Նշել այն լիցենզավորված կազմակերպությունների տվյալները, որոնք ունեն տրանսֆորմատային յուղերի վերամշակման լիցենզիա, քանի որ մեր տեղեկություններով այդպիսի կազմակերպություններ Հայաստանում չկան: Նման գործունեություն իրականացնող կազմակերպություն կա Վրաստանում, որն ունի բանեցված տրանսֆորմատորային յուղերի ընդունման կետ։
2. Կայանի շահագործման ժամկետի սպառման դեպքում կապար, քրոմ, կադմիում, սիլիցիում և այլ նյութեր պարունակող թվով 11.700 ֆոտովոլտային վահանակները ժամանակավորապես պահվելու են ձեռնարկողի՝ այդ նպատակով առանձնացված 640 խմ մակերեսով պահեստում: Վահանակների ուտիլիզացիան և վերամշակումը հանդիսանում է հրատապ լուծում պահանջող խնդիր և կոշտ ֆոտոգալվանային թափոններով, քիմիական նյութերով և միացություններով հողերի երկարաժամկետ աղտոտման ռիսկեր է ներկայացնում։ Որպես խնդրի ժամանակավոր լուծում առաջարկվում է մի քանի գործողությունների իրականացում՝ վերանորոգել և կրկնակի օգտագործել վթարված մասերը, ֆոտոէլեմենտներ պարունակող պանելները չթաղել կամ չհավաքել աղբավայրերում բաց վիճակում, վաճառել թափոնների հավաքմամբ զբաղվող այլ կազմակերպությունների՝ ներառյալ արտասահմանյան զարգացած երկրների, որոնք ունեն նման ժամկետանց արևային թափոնների վերամշակման տեխնոլոգիաներ, ֆոտոէլեմենտներ պարունակող թափոնները հանձնել էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումներ հավաքող կետերին կամ կազմակերպություններին (նաև արտասահմանյան)՝ կազմակերպված թափոնների հավաքագրման նպատակով, թափոնները հանձնել այն երկրների կազմակերպություններին, որոնք զբաղված են արևային պանելների արտադրությամբ և որոնցից ձեռք են բերվել ֆոտոէլեկտրոնային արևային պանելները։ Ընդ որում, նախագծում նշված է, որ «Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև աշխարհի զարգացած երկրներում, դեռևս գոյություն չունի արևային կայանների սարքավորումների, մասնավորապես ֆոտոէլեմենտներ պարունակող պանելների և այլ ուղեկցող մասերի՝ որպես թափոնատեսակի, լուծումները»։
ԷկոԼուրի դիտարկում.
Վահանակներից գոյացած թափոնների կառավարումն ամբողջ աշխարհում համարվում է արևային էներգետիկայի ամենախոցելի կողմը: 2016թ. լույս տեսած Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալության (IRENA) և Էներգետիկայի միջազգային գործակալության (IEA) համատեղ «End-of-Life Management: Solar Photovoltaic Panels» հետազոտության մեջ նշված է, որ մինչև 2030 թվականն աշխարհում ձևավորվելու են շուրջ 1.7-1.8 միլիոն տոննա ֆոտոգալվանային թափոններ (կուտակային), իսկ մինչև 2050 թվականը ծառայության ժամկետը լրացած արևային վահանակների ծավալը (կուտակային) կաճի՝ հասնելով շուրջ 60-78 միլիոն տոննայի (Տես, էջ 20)։
Հաշվի առնելով, որ ընկերությունը պետք է օգտագործի կանաչ վարկեր, այդ թափոնների հարցը պետք է պարզաբանվի: Իր հայտում ձեռնարկողը պետք է մանրակրկտորեն ներկայացնի գործողությունների պլանը՝ կապված արևային թափոնների կառավարման հետ, հստակեցնելով գոյացած թափոնների ծավալը, դրանց պահման պայմանները, վնասների մինիմալիզացումը, սպասվող ֆինանսական ծախսերը և պատասխանատվությունը»:
Նոյեմբեր 01, 2021 at 13:21