Մի օր հանքերի պաշարները կսպառվեն, իսկ մենք աղետալի տեսարան կունենանք. Ախթալա համայնքի բնակիչ

Մի օր հանքերի պաշարները կսպառվեն, իսկ մենք աղետալի տեսարան կունենանք. Ախթալա համայնքի բնակիչ


Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի զարգացման հեռանկարների և ամենօրյա կյանքում ամենամեծ դերակատարությունն ունի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն: Կոմբինատի ենթակառուցվածքներն ազդեցություն ունեն Ախթալա խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերի վրա, սակայն ազդակիր կարգավիճակ ունեն միայն Ախթալա և Շամլուղ արդյունաբերական քաղաքները:

Ախթալա քաղաքում՝ Ախթալա վանական համալիրի հարևանությամբ է գտնվում «Նազիկ» պոչամբարը, որը թերի է ռեկուլտիվացված, «Պահեստի ձոր» պոչամբարը՝ Ախթալա-Շամլուղ ճանապարհին է: Շամլուղում է գտնվում Շամլուղի պղնձի հանքավայրը, Մեծ Այրում գյուղի կենտրոնում՝ գործող «Նահատակ» պոչամբարը, որի բացասական ազդեցությունը կրում է նաև հարևանությամբ գտնվող Ճոճկան գյուղը:

Ախթալայի զարգացման հեռանկարը

Ախթալա խոշորացված համայնքի Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի բնակիչները համայնքի զարգացումը տեսնում են «Նահատակ» պոչամբարի բացասական ազդեցության վերացման մեջ:

Ճոճկան գյուղի բնակիչ Սամվել Սիրադեղյան. ««Նահատակ» պոչամբարից արտահոսք է տեղի ունենում դեպի Նահատակ գետակ, որն իր հերթին խառնվում է Դեբեդ գետին: Աղտոտվում է Դեբեդը, որով ոռոգում ենք մեր գյուղատնտեսական նշանակության հողատարածքները: Աղտոտված ջրով ոռոգված հողից մթերք ուտելուց հետո մարդկանց և կենդանիների օրգանիզմում թունավորում, աղտոտում է առաջանում: Տարիներ շարունակ ցանկապատված չի եղել պոչամբարը, անասունները խմել են պոչամբարի ջրից, արածել են կողքի հողերում և նորից թունավորումներ են եղել: Երեխաները խաղում են պոչամբարի հարևանությամբ, և հաճախակի գլխացավեր, գլխապտույտներ ու սրտխառնոցներ ունեն»:

Սամվել Սիրադեղյանը նշեց, որ «Ախթալայի ԼՀԿ-»-ն պետք է միջոցներ ձեռնարկի իր պատճառով աղտոտված տարածքները մաքրելու, «Նահատակի» պոչամբարը ռեկուլտիվացնելու ուղղությամբ: «Այդ դեպքում Ճոճկանում հնարավոր է մեծ թափով զարգացնել գյուղատնտեսությունը: Մեր գյուղը հսկայական ռեսուրսներ ունի՝ 1000 հեկտարից ավելի վարելահողեր: Հնարավոր կլինի ավելի շատ արտադրանք ստանալ, և գյուղացիներն ամբողջ տարին աշխատանքով զբաղված կլինեն, ոչ թե կգնան, հանքերում, վտանգավոր տեղերում կաշխատեն: Չէ որ մի օր հանքերի պաշարները կսպառվեն, իսկ մենք աղետալի տեսարան կունենանք»,- նշեց նա:

Ճոճկանի բնակչուհի Ռուզան Վարդումյան. «Շրջակա միջավայրի աղտոտվածությունն անհանգստացնում է, որովհետև իմ համայնքի բնակիչների, իմ ընտանիքի, իմ երեխայի առողջության հետ է կապված: Գյուղացիների հիմնական եկամուտը գյուղատնտեսությունն է: Գյուղում մարդիկ, մեկը մյուսին տեսնելով, այգիներ են հիմնում, թութուն են արտադրում: Բայց այդ ամենը հողի հետ է կապված՝ բերքը կլինի, թե ոչ: Շրջակա միջավայրի աղտոտվածությունը որոշ չափով նվազեցնելուց հետո մարդիկ վստահ կլինեն, որ իրենց աշխատանքն արդյունք կտա: Ոչ թե ցանեն, և աղտոտվածությանը զուգահեռ ծառերը չորանան, մարդիկ էլ եկամուտից զրկվեն»: Ռուզան Վարդումյանը նաև նշեց, որ պոչամբարի առկայությունը խոչընդոտում է ոչ միայն գյուղատնտեսության, այլև՝ այլընտրանքային ծրագրերի իրականացմանը գյուղում:

Բնակավայրում այլընտրանքային զարգացման ծրագրերի վերաբերյալ բնակիչների հետ համամիտ է Մեծ Այրումի վարչական ներկայացուցիչ Գայանե Ալլահվերդյանը: «Պոչամբարի ռեկուլտիվացման դեպքում հնարավոր է մտածել տուրիզմի զարգացման հեռանկարի մասին, որն իր հերթին նոր աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն կընձեռի»:   

Անդրադառնալով կոմբինատի՝ համայնքի հիմնական աշխատատեղ լինելու հարցին՝ Ախթալայի բնակիչ Տաթևիկ Իսրայելյանը նշեց, որ հանքի շահագործումը չեղարկելու մասին միանշանակ խոսելը սխալ կլինի: «Աշխատավայրերի խնդիր կառաջանա: Բայց չի էլ կարելի ասել, որ հանքի շահագործումն ամբողջությամբ կենսական է: Կա աշխատանք, չկա առողջություն, հակառակ դեպքում՝ կլինի առողջություն, չի լինի աշխատանք»,- նշեց նա:

Տաթևիկ Իսրայելյանը նկատեց, որ համայնքի զարգացման հեռանկարներից կարող է լինել տարաբնույթ ուսումնական խմբակների ստեղծումը: «Կարելի է նոր հմտություններ սովորել, զարգացնել ու կիրառել դրանք հետագայում, օրինակ, կար, կավագործություն: Այդ դեպքում աշխատատեղերի հարցը կարող է մի փոքր մեղմանալ»,- ասաց նա:

Շամլուղը՝ հանքարդյունաբերությունից դեպի տուրիզմ

Շամլուղ բնակավայրում նույնպես աշխատատեղերի խնդիր կա, ինչը պատճառ է դառնում երիտասարդության՝ ծննդավայրի հետ ապագայի պլաններ չկապելու համար: «Կյանքն առաջ է գնում, մեզ մոտ նոր է սկիզբ առնում»,- հայրենի քաղաքի մասին իր կարծիքն է նշում տեղի բնակիչը: Վերջինս նշեց, որ համայնքի զարգացման ճանապարհներից մեկը երիտասարդությանը ներգրավող ծրագրերին միտված ներդրումներն են. «Հույս ներշնչեն, որ մնան երիտասարդները: Մարդիկ սիրում են Շամլուղը, ստիպված են դուրս գալիս»,- բացատրեց բնակիչը: Շամլուղի մեկ այլ բնակչուհի նշեց, որ երիտասարդության՝ համայնքում մնալու և աշխատելու համար անհրաժեշտ է փոքր բիզնեսի ոլորտը զարգացնել: «Շամլուղում չենք կարող հողագործությամբ զբաղվել. լեռնային է և բարձրադիր: Ոռոգման ջուր չունենք և չենք կարող անասնապահություն զարգացնել: Մյուս կողմից էլ՝ հիմնական ճանապարհից է հեռու: Մենք մտածում էինք վրանային տուրիզմի մասին, բայց հանքի առկայությունը չի կարող համատեղվել էկոտուրիզմի հետ: Ներկայում փորձում ենք սպասարկման ոլորտի ծրագիր իրականացնել»,- նշեց նա:

Ըստ մեկ այլ բնակչի՝ համայնքի զարգացման խոչընդոտներն այնքան շատ են, որ դժվար է հասկանալ, թե դրանցից որն է հրատապ լուծում պահանջում: Վերջինս համայնքի զարգացումը նույնպես տեսնում է տուրիզմի զարգացման մեջ՝ հաշվի առնելով Շամլուղի լեռնային ու անտառային բնությունը: «Այնպիսի հիանալի բնություն ու տեսարժան վայրեր ունենք, որ կարող է տուրիզմը զարգանալ: Սակայն այնքան բացեր կան: Մինչև տուրիզմը զարգացնելը պետք է դրանք վերանայվեն, խնդիրները լուծվեն, նոր միայն տուրիստներ հրավիրվեն...»,- ասաց բնակիչը:

Շամլուղում լուրջ խնդիր է նաև կանանց զբաղվածությունը: «Աշխատատեղ չկա, որտեղ էլ կա՝ աշխատավարձը ցածր է»,- նշեցին բնակիչները: Եթե Շամլուղի հանքավայրում տղամարդկանց համար հնարավոր է աշխատանք գտնել, ապա խորհրդային տարիներին կարի մեծ ֆաբրիկա ունեցող համայնքն այսօր կանանց համար այլընտրանքային առաջարկ չունի: Աշխատատեղերը սահմանափակվում են դպրոցում ու մանկապարտեզում զբաղվածությամբ:

Հոդվածը պատրաստվել է «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում:

«Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ` «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում: 

Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:

Հունվար 19, 2022 at 14:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր