2021թ. հունվարի 26-ին «Հոդված 3» ակումբում տեղի ունեցավ «Տոպրակների արգելք. բնապահպանական արդյունք, թե ձախողված որոշում» թեմայով ասուլիսը՝ նվիրված հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքին։ Իրավական փոփոխության ու դրա բնապահպանական արդյունքների մասին խոսել են «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, Շրջակա միջավայրի նախարարության (ՇՄՆ) Ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը և «Էկո աղբ» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Մարինե Օհանջանյանը:
Արթուր Ղավալյանը նշեց, որ մինչև 50 միկրոն հաստության տոպրակների փոխարեն ներկայում խանութներում առաջարկվող ավելի հաստ տարբերակներն ավելի երկար ժամկետով են ծառայում. «Դրանք ավելի ուշ են պատռվում, ուշ են դուրս գալիս շարքից, կարելի է մի քանի տասնյակ անգամ օգտագործել: Այսկերպ մենք պակասեցնում ենք շրջակա միջավայր նետված մեկ տոպրակ: Նախկին տոպրակներն օգտագործվում էին 10-15 րոպե, դրանք քայքայվում էին շատ երկար և քայքայումից հետո էլ դեռ շարունակում վնաս պատճառել շրջակա միջավայրին, քանի որ վերածվում են միկրոպլաստիկի և անցնում հողի, ջրի և կենդանի օրգանիզմների մեջ: Իսկ աղբավայր տեղափոխվելուց տեղի էր ունենում ինքնայրում՝ արտազատելով քաղցկեղածին դիօքսին գազը»,- նշեց նա:
Ինգա Զարաֆյանը նշեց, որ ամենալուրջ խնդիրն այն է, թե այդ արգելքը որքանով կլուծի պլաստիկի կուտակման և կառավարման խնդիրները: «Պետք է լուրջ մոնիթորինգ կատարել: Շեշտը դրված է վաճառքի վրա: Ունե՞նք մեխանիզմներ, որոնք պետք է օգտագործվեն բիզնեսի դեպքում, որն արտադրում է այդ պլաստիկը, կա՞ն մեխանիզմներ, թե կոնկրետ ի՞նչ պետք է օգտագործվի: Այստեղ բավական լուրջ շղթա է, եթե այդ շղթան մենք չուսումնասիրենք, ապա լուծումը չնչին փոփոխություն կարող է բերել»,- նշեց նա: ՇՄ նախարարության ներկայացուցիչը նշեց, որ վերահսկողության մեխանիզմներն արդեն իսկ սահմանված են Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով: «Վարչական վարույթ հարուցող մարմինը ՏԻՄ-երն են: Ստուգման առաջին օրն արդեն իսկ 60-ից ավելի խախտում է արձանագրվել»,- ասաց նա: Ըստ նրա՝ արգելված տոպրակների այլընտրանքը կտորե տոպրակներն են. «Նաև արդեն սկսելու ենք ներմուծել Հայաստան կենսաքայքայվող պլաստիկե հումք, որը քայքայվելուց վերածվում է ջրի, փոքր չափի ածխաթթու գազի և կենսազանգվածի»,- նշեց Արթուր Ղավալյանը:
Մարինե Օհանջանյանի խոսքով՝ բավական բացասական արձագանք եղավ օրենքի ընդունման հետ կապված, քանի որ խանութներում բարակ տոպրակի փոխարեն հաստ տոպրակ է կիրառվում: «Այդ օրենքով որևէ լուծում կարծես թե չի տրվել: Բայց, ըստ մեզ, այն կարևոր է, քանի որ շրջանառության մեջ կդնի մի գաղափար, որ մարդիկ կսկսեն խոսել այդ մասին, վարքագիծը կվերանայեն: Բայց անցումը փուլային պետք է լիներ, մինչ օրենքի ընդունումը հասարակությանը պետք է լայնամասշտաբ տեղեկատվության տրամադրում լիներ: Միայն գովազդ տեղադրել վահանակի վրա և դրանով ակնկալել, որ մարդկանց գիտակցությունը կփոխվի, չենք կարող: Լայնամասշտաբ միջոցառումներ են պետք ոչ միայն հեռուստատեսությամբ: Կարծում ենք՝ պակասում է հանրության հետ աշխատանքը տեղեկատվության բարձրացման հետ կապված»,- բացատրեց նա: Ի պատասխան Արթուր Ղավալյանը նկատեց, որ օրենքի ընդունումից առաջ բազմաթիվ քննարկումներ են արվել. «Տնտեսվարողների հետ նույնպես հանդիպել ենք: Մինչ օրենքի ուժը մեջ մտնելը տասնյակ հաղորդումներ, ռեպորտաժներ են պատրաստվել, դեռ աշխատանքներ են գնում, նոր տեսահոլովակներ են նկարահանվել, նախատեսվում է նաև մարզերում տեղեկատվական արշավներ իրականցնել»,- նշեց նա:
Վերջինս նաև նշեց, որ տոպրակների վաճառքի արգելքն ինքնին խրախուսանք է մյուս օղակների համար. «Երկրորդային հումք վերամշակողների և դրանց վաճառքն իրականացնողների համար Հարկային օրենսգրքով ամենացածր գործող տոկոսադրույքն է սահմանված՝ 1,5%: Իսկ կտորե տոպրակներ արտադրողների համար այս արգելքը ստեղծում է ավելի մեծ շուկա, ստեղծագործելու, ավելի լայն արտադրանք ունենալու համար: Քաղաքացու համար խրախուսման գործոնն այն է, որ սուպերմարկետներում մեկ տոպրակին վճարում են 30 դրամ, մինչդեռ 1000 դրամով կարելի է ձեռք բերել կտորե տոպրակ և օգտագործել երկար տարիներ»: Արթուր Ղավալյանը նաև նշեց, որ օրենքի կիրառման մի արձագանքն էլ այն է, որ բանկերը հրաժարվում են պոլիէթրիլենային տոպրակներ արտադրող ընկերություններին վարկեր տրամադրել՝ պատճառաբանելով, թե իրենց գործունեությունը ռիսկային է. «Սրանից կարելի է եզրակացնել, որ նախագիծը կծառայի իր նպատակին»,- նշեց նա:
Մանրամասները դիտե՛ք տեսնյութում:
Հունվար 26, 2022 at 16:35