

Հայաստանում թափոնների կառավարման ոլորտում մեկնարկել է նոր փուլ։ Շրջակա միջավայրի նախարարությունը մշակում է «Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի» մասին օրենքի նախագիծը, որը նպատակ ունի արտադրողներին ու ներմուծողներին պարտավորեցնել պատասխանատու լինել իրենց արտադրանքի ամբողջ ցիկլի և դրանցից առաջացող թափոնների՝ անվտանգ չեզոքացման համար։
Այս գործընթացում տեխնիկական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը՝ «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակում։ Կենտրոնի իրավաբան-փորձագետների մասնակցությամբ մշակվում են օրենքի նախագիծը, ենթաօրենսդրական ակտեր հատուկ թափոնների համար, ինչպես նաև փոխկապակցված օրենսդրական ակտերում փոփոխությունների փաթեթ։
Ապրիլին «Էկոլուր» մամուլի ակումբում տեղի ունեցած «Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարում, աղբավայրեր» թեմայով կլոր սեղանի ժամանակ Յակոբեան բնապահպանական կենտրոնի թափոնկառավարման փորձագետ Հարություն Ալպետյանն անդրադարձավ ոլորտում սպասվող օրենսդրական փոփոխություններին։
Նա նշեց, որ արտադրողի ընդլայնված պատասխանատվության օրենսդրության և ինստիտուտի տրամաբանությունն ամբողջությամբ փոխելու է վերամշակելի թափոնների մասին պատկերացումները։ «Արտադրողի պատասխանատվության ինստիտուտը նպատակ ունի բեռնաթափել կամ նվազեցնել քաղաքապետարանների, համայնքապետարանների բեռը թափոնների կառավարման ոլորտում, քանի որ վերամշակումը շահութաբեր բիզնես չէ։ Այն դառնում է շահութաբեր միայն այն դեպքում, երբ վերամշակումը ֆինանսավորվում է սպառողի և արտադրողի կողմից»,- ասաց Հարություն Ալպետյանը։
Ալպետյանը օրինակ բերեց Գերմանիան, որտեղ աղբահանության վճարները բավականին բարձր են։ Նա անդրադարձավ Հայաստանի Հարկային օրենսգրքի որոշ դրույթներին. «Աղբավայրում մեկ տոննա աղբի կուտակման համար սահմանված 60 դրամ բնապահպանական վճարը կարող է վճարվել միայն այն դեպքում, երբ աղբը տեղադրվում է պաշտոնական աղբավայրում։ 2020թ. դրությամբ Հայաստանում առկա 300 աղբավայրերից միայն 90-ն է գրանցված Շրջակա միջավայրի նախարարության ցանկում։ Բացի այդ, չեն չափվում տեղադրվող աղբի տոննաները, ինչը բարդացնում է վճարումների վերահսկումը»։
Ալպետյանը նաև ընդգծեց, որ բնապահպանական հարկը, որը վճարվում է պետությանը, նպատակային չի ծախսվում թափոնների կառավարման վրա։ Այն հիմնականում ուղղվում է աղբավայրերի ռեկուլտիվացիայի, փակման համար։ «Թափոնների կառավարման վրա չի ծախսվում։ Այսինքն՝ թափոնների կառավարումը, աղբահանությունը, աղբի հավաքումը, տեսակավորումը, ֆինանսավորում է հիմնականում աղբահանության վճարներից։ Ամենացածր աղբահանության վճարը Եվրոպայում, օրինակ՝ Հունգարիայում կամ Ռումինիայում ամսական 1000 դրամից է սկսում։ Համաշխարհային բանկը Հայաստանում աղբահանության վճարների վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացրել: Ըստ այդ ուսումանսիորւթյան՝ մենք կարող ենք 5 անգամ ավելի վճարել, քան այսօր վճարում ենք, այսինքն՝ մեր 200 դրամ 1 շնչի հաշվով ամսականը հնարավոր է դարձնել 1000 դրամ։ Մենք ունակ ենք վճարելու: Բնականաբար, կան խոցելի խմբեր, պիտի ինչ-որ կերպ արդարության սկզբունքով սխեմա լինի»,- նշեց նա:
Ըստ Ալպետյանի՝ թափոնների վերամշակումը և տեսակավորումը բավական թանկ գործընթացներ են և պետք է ֆինանսավորվեն աղբահանության վճարներից և արտադրողի ընդլայնված պատասխանատվությունից ստացված ֆինանսական ռեսուրսներից։ Ալպետյանը օրինակ բերեց, որ խմելու ջրի պլաստիկ շշի հավաքումն ու վերամշակումն ապահովելու համար մոտավորապես 4 դրամ է պետք։ Նա նշեց, որ թափոն արտադրողը նաև մենք ենք՝ սպառողը և ապրանքն արտադրողը պետք է այդ բեռն իրենց վրա վերցնեն։ «Այս համակարգը գործում է Եվրոպայում արդեն 30-ից ավելի տարի։ Այնքան հաջող է գործում, որ գնալով ավելի ու ավելի շատ ապրանքատեսակներ են ընդգրկվում այդ օրենսդրության տակ՝ տեքստիլ, անվադողեր, մեքենայի յուղեր, էլեկտրոնային թափոններ։ ԵՄ երկրների համար պարտադիր է արտադրողի պատասխանատվությունը փաթեթավորման, էլեկտրոնային սարքավորումների թափոնների, անվադողերի և մարտկոցների-կուտակիչների համար։ Հայաստանի կառավարությունը նախատեսում է հաստատել արտադրողի ընդլայնված պատասխանատվության ապրանքների ցանկ, որի արդյունքում այդ ապրանքների սպառումից գոյացող թափոնները կընկնեն այս օրենսդրության տակ»,- ընդգծեց նա։
Այս բարեփոխումները նպատակ ունեն ստեղծել արդյունավետ և կայուն թափոնների կառավարման համակարգ՝ նվազեցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը և խթանելով վերամշակման գործընթացները։
Մայիս 06, 2025 at 20:09