2022 թ-ից հունվարի 1-ից Հայաստանում նախատեսված է արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը

2022 թ-ից հունվարի 1-ից Հայաստանում նախատեսված է արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը

ԷկոԼուր

2022 թ-ից հունվարի 1-ից Հայաստանում նախատեսված է արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը:

Գործադիրի ս.թ. հունվարի 23-ի նիստում հավանություն տվեց «Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծի համաձայն՝ 2022 թ. հունվարի 1-ից կարգելվի առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում վաճառողի կողմից թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում փաթեթավորման համար պլաստիկ արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող գործող իրավաբանական և ֆիզիկական անձիք 44-ն են: Ըստ ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքների՝ հանրապետությունում տարեկան արտադրվում է մոտ 12 000 տոննա պոլիէթիլենային փաթեթ։ Հանրապետությունում առկա մոտ 1 մլն տնային տնտեսությունների կողմից օրական սպառվում է առնվազն 1-2 պոլիէթիլենային տոպրակ՝ տարեկան մոտ 3600-4000 տոննա պոլիէթիլենային տոպրակի արտադրություն, որը կազմում է հանրապետությունում տարեկան կտրվածքով արտադրված պոլիէթիլենային պարկերի և տոպրակների մոտ 30 %-ը: Օրինագծի ընդունման և կիրարկման դեպքում պոլէթիլենային տոպրակների և պարկերի արտադրության ծավալները կկրճատվեն մոտ 30 %-ով։

Օրինագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ շրջակա միջավայրի և դրա բաղադրիչների աղտոտման նվազեցում, հանրապետության էկոլոգիական վիճակի բարելավում:

Մեր կողմից նշենք, որ այս օրինագծի ընդունումը կսահմանափակի խիստ վտանգավոր տեսակի պոլէթիլենային թափոնների տարածումը շրջակա միջավայրում: Հենց թեթև այս տոպրակներն են, որպես կանոն, հայտնվում ջրակալներում, անտառներում, դաշտերում, կենդանիների օրգանիզմներում և նրանց մահվան պատճառ դառնում: Այս օրինագծի ընդունման հետ մեկտեղ անհրաժեշտ է մեծ աշխատանք տանել նման տիպի արտադրանք արտադրողների և վաճառողների հետ, որպեսզի օրենքը թղթի վրա չմնա:

Հիշեցնենք, որ 2019թ-ի սկզբին ՀՀ բնապահպանության նախարարությունը հանդես էր եկել օրենսդրական նախաձեռնությամբ 2019թ հուլիսի 1-ից պոլիէթիլենային պարկերի և տոպրակների իրացման նվազագույն գինը սահմանել 100 դրամ: Այս նախաձեռնությունը կյանքի չկոչվեց:

12:52 Հունվար 24, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news