2022 թ-ից պոլիէթիլենային տոպրակների վաճառքը կարգելվի

2022 թ-ից պոլիէթիլենային տոպրակների վաճառքը կարգելվի

ԷկոԼուր

2022 թ-ի հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը:

ՀՀ Ազգային ժողովը ս.թ. ապրիլի 17-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ 105 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներով:

Արգելվելու է առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածների) վաճառքը և իրացումը:

Ըստ օրինագծի հիմնավորման՝ ՀՀ-ում առևտրի և սպասարկման ոլորտներում պոլիէթիլենային պարկերի և տոպրակների լայն կիրառումը հանգեցրել է բնապահպանական խնդիրների առաջացման: Շրջակա միջավայր արտանետված պոլիէթիլենային փաթեթները երկար ժամանակ պահպանվում են և չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետևանքով դրանք առաջացնում են կայուն աղտոտվածություն: Թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը 10-15 րոպե է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 400 տարի:

Նշվում է, որ միջազգային գիտահետազոտական կառույցների կողմից արդեն իսկ հրապարակվել են տվյալներ, որոնք փաստում են միկրոպլաստիկի առկայությունը ոչ միայն ջրային և հողային ռեսուրսներում, այլ նաև կենդանի օրգանիզմներում և սննդամթերքի մեջ։ Միկրոպլաստիկ է հայտնաբերվել նույնիսկ անձրևի կաթիլների մեջ։ Oգտագործված պլաստիկ արտադրանքով՝ այդ թվում նաև պոլիէթիլենային փաթեթներով և դրանց մնացորդներով աղտոտված են ՀՀ ջրային տարածքները, հանգստավայրերին և զբոսաշրջության վայրերին կից տարածքները: Օգտագործված պոլիէթիլենային փաթեթներով և դրանց մնացորդներով աղտոտված են Երևանի, Գեղարքունիքի, Լոռու, Արմավիրի, Կոտայքի և Շիրակի մարզերի ջրավազանների մոտակայքում գտնվող տարածքները, որտեղ առկա են պլաստիկ թափոնների խոշոր կուտակումներ, հանգստավայրերին և զբոսաշրջության վայրերին կից բնական օբյեկտները և տարածքները: Ըստ ԵԱՀԿ-ի գնահատականի՝ պլաստիկ տարաները, շշերը և տոպրակները հանդիսանում են Հայաստանում ջրերի հիմնական աղտոտիչները։

Փաստաթղթի համաձայն՝ ՀՀ-ում փաթեթավորման համար պլաստմասսայե արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող գործող իրավաբանական և ֆիզիկական անձիք 44-ն են, որոնցից 29-ի արտադրական կարողություններն են ամբողջությամբ ուղղված թիրախային խմբի ապրանքների արտադրությանը։ Ըստ ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքների՝ հանրապետությունում տարեկան արտադրվում է մոտ 12 000 տոննա պոլիէթիլենային փաթեթ։ ՀՀ-ում առկա մոտ 1 մլն տնային տնտեսությունների կողմից օրական սպառվում է առնվազն 1-2 պոլիէթիլենային տոպրակ՝ տարեկան մոտ 3600-4000 տոննա պոլիէթիլենային տոպրակի արտադրություն, որը կազմում է հանրապետությունում տարեկան կտրվածքով արտադրված պոլիէթիլենային պարկերի և տոպրակների մոտ 30 %-ը: Նշված թիրախային քանակությունը հնարավոր է փոխարինել այլընտրանքային արտադրանքով։ Ելնելով վերոգրյալից գումարային առումով ոլորտի տնտեսավորղների մոտ կառաջանա արտադրության ծավալների մոտ 30 % կրճատում։ Նշվում է, որ հաշվի առնելով այն փաստը, որ արգելքի կիրառման սկիզբը նախատեսված է 2 տարի հետո, թիրախային ոլորտի արտադրողներին հնարավորություն է տրվում՝ հումքի և արտադրանքի պաշարների սպառման, վերապրոֆիլավորելու, հումքի փոփոխության (կենսաքայքայվող հումքով փոխարինելով) հնարավորինս արդյունավետ կազմակերպում։

 

14:08 Ապրիլ 20, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news