7 միլիոն եվրո Կոտայքում նոր աղբավայրի կառուցման համար

7 միլիոն եվրո Կոտայքում նոր աղբավայրի կառուցման համար

ԷկոԼուր

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում նախատեսվում է կառուցել նոր աղբավայր, որի արժեքը կկազմի 7 միլիոն եվրո: ՀՀ կառավարությանը 3.5 միլիոն եվրոյի վարկ պետք է հատկացնի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ EBRD-ն, ևս 3.5 միլիոն եվրո դրամաշնորհ տրամադրվելու է Եվրոպական Միության (ԵՄ) Հարևանության ներդրումային միջոցներից (ՀՆՄ): Աղբավայրը զբաղեցնելու է 20 հեկտար տարածք: Աղբավայրի համար առաջարկվող տեղանքը նախկինում եղել է քարհանք և օգտագործվել է տեղի ցեմենտի գործարանի համար կավի ստացման նպատակով: Քարհանքի մի մասն օգտագործվել է Հրազդանի քաղաքապետարանի կողմից որպես աղբավայր 20 տարի շարունակ:

Կոտայքի կոշտ թափոնների կառավարման աշխատանքային նախագծի նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները տեղի կունենան ս.թ. հունվարի 20-ին՝ ժամը 11.00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքապետարանում: Հայտը ներկայացրել է «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ն:

Նոր աղբավայրը կհանդիսանա Հրազդանի, Ծաղկաձորի, Չարենցավանի, Եղվարդի, Նոր Հաճնի, Բյուրեղավանի, Աբովյանի և Սևանի քաղաքապետարանների սեփականությունը և կկառավարվի նրանց կողմից: Ութ քաղաքապետարանները կհիմնեն «Աղբավայրի կառավարման համատեղ բաժնետիրական ընկերություն» (ԱԿԸ), որտեղ քաղաքապետարանները կհանդիսանան բաժնետերեր:
Ըստ հայտի՝ մարզային նոր աղբավայրի շահագործումը թույլ կտա փակել առկա ութ աղբավայրերը: Առաջարկվում է ծածկել առկա բոլոր աղբավայրերը հողային շերտով, որի վերին շերտը կլինի խոտածածկ:

Հաշվարկվել է, որ աղբավայրում աղբի հեռացման նվազագույն ծավալը կլինի առնվազն 1,200,000 մ3 20 տարի աշխատելու դեպքում: Եթե Հրազդանի աղբավայրը աղբ ընդունի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերից, ապա 20-ամյա նախատեսվող ժամանակահատվածում այն կլցվի 200,000 մ3 լրացուցիչ ծավալով:

«Աղբանոցների փակումից հետո Կոտայքի մարզում առկա տեղանքներից CO2 տարեկան արտանետումների ընդհանուր քանակը կարելի է նվազեցնել տարեկան 3,500-5,000 տոննա CO2 –ից մինչև տարեկան 1,750-2,500 տ CO2», - նշված է հայտում:

Հայտում նաև նշված է, որ շահագործումից 2 տարի անց պետք է քննարկել աղբի տեսակավորման վայրի հարցը: Նշենք, որ հայտը չի անդրադառնում վտանգավոր թափոնների կառավարմանը:
Հրազդանի աղբավայրի ընդհանուր ակնկալվող շահագործման ժամկետը 23 տարի է:
Լուսանկարում առաջարկվող Հրազդանի աղբավայրի պատկերն է:

13:06 Հունվար 10, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news