ԱՆՀԱՅՏ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԲԱՑՎԵԼ Է ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԸ

ԱՆՀԱՅՏ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԲԱՑՎԵԼ Է ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԸ

Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր»

Թունաքիմիկատների գերեզմանոցի խնդիրը, որը գտնվում է Երեւանի մերձակայքում՝ Ողջաբերդ գյուղի տակ, ոչ միայն չլուծվեց, այլ դարձավ ավելի սուր: Ինչպես պարզել են «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետներ Լիլիկ Սիմոնյանը եւ Քնարիկ Գրիգորյանը, գերեզմանոցի վիճակը մեծ վտանգ է ներկայացնում բնակչության առողջության եւ շրջակա միջավայրի համար: Փորձագետները մայիսի վերջին ուսումնասիրել են գերեզմանոցի տարածքը եւ պարզել են, որ գերեզմանոցում տեխնիկայի կիրառմամբ կատարվել են հորատման աշխատանքներ: Հորատման հետևանքով հողի մակերեսին են հայտնվել տարբեր թունաքիմիկատների խառնուրդներ, պարկեր, տակառներ, շշեր և այլն: «Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակը խիստ վտանգավոր է, քանի որ հայտնի չէ, թե ովքեր և ինչ նպատակով են կատարել այդ աշխատանքը: Փաստացի, մարդիկ և կենդանիները կարող են անարգել մուտք գործել տարածք»,- ասում է Լիլիկ Սիմոնյանը: Նա նշեց, որ տարածքում սողանքային ակտիվությունը բարձրացել է, երկարել ու լայնացել են ճեղքվածքներն ու փոսերը: Գերեզմանոցը շարժվում է դեպի Երեւան: (Տե՛ս ֆոտոռեպորտաժը):

Առ այսօր, ըստ Լիլիկ Սիմոնյանի, նշված կառույցի անվտանգության ապահովման ուղղությամբ ոչ մի գործնական քայլ չի կատարվել:

«500 տոննա ժամկետանց թունաքիմիկատների թաղման վայրի անվտանգության հարցը հրատապ է և վերջնական լուծում է պահանջում, այլապես անխուսափելի են կործանարար հետևանքները մարդկանց կյանքի և շրջակա միջավայրի համար»,- նշված է կառավարությանն ուղղված կազմակերպության դիմումում:

Հիշեցնենք, որ գերեզմանոցի խնդրի ահազանգը պետական կառույցներին հասնում է ավելի քան 5 տարի (Ստորեւ տե՛ս Աղավնի Եղիազարյանի եւ Էդիկ Բաղդասարյանի նյութերը՝ տպագրված  «Հետք» էլեկտրոնային թերթում՝ 2004թ.):

ԹԱՔՆՎԱԾ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՂԵՏ
Աղավնի Եղիազարյան, Էդիկ Բաղդասարյան, «Հետք»
05.03.2004


«Էրեբունի համայնքի Վարդաշեն-Վերին Ջրաշեն թաղամասերից արեւելք գտնվող 500 տոննա պարունակությամբ թունաքիմիկատների գերեզմանոցը փլուզման եզրին է»,- ասում է երկրաբան Ռ. Յադոյանը: ՀՀ ԳԱԱ-ի ԵԳԻ, գեոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ, երկրաբան Ռ. Յադոյանի եզրակացությամբ. «Փլուզման վտանգավորության գոտիներն են այգեգործական տարածքները, Վարդաշենի եւ ապա Էրեբունի համայնքի գոտիները»: Նրա ուսումնասիրություններից պարզվել է, որ գերեզմանոցը գտնվում է ակտիվ գործող սողանքային մասում: Դրա ակնհայտ ապացույցներն են իջվածքներն ու ճաքերը: Բացի բնական պատճառներից, սողանքի ակտիվացումը պրն Յադոյանը պայմանավորում է նաեւ այդ մասով անցնող ջրատարի` վթարային վիճակում շահագործվելու հետ: Սա Ողջաբերդ տանող ոռոգման ջրագիծն է, որ մատակարարում է Ձորաղբյուրի ամառանոցները: «Ջրատարն անցնում է հենց թունաքիմիկատների գերեզմանոցի վերեւով, ու վթարի դեպքում ամբողջ ջուրը թափվում է գերեզմանոցի վրա: Մի քանի տարի առաջ նման դեպք եղել է»,-պատմեց ոռոգման ցանցի աշխատակիցներից մեկը:

1972թ. Խորհրդային միության տարածքում գյուղատնտեսության մեջ արգելվել է օգտագործել որոշ թունաքիմիկատներ: Հայաստանի գյուղերից, պահեստներից հավաքել են օգտագործման համար ոչ պիտանի, արգելված մոտ 500 տոննա տարբեր տեսակի թունաքիմիկատներ: Սրանց թվում եղել են կայուն օրգանական աղտոտիչներ, որոնք չեն քայքայվում 30-40 տարիների ընթացքում: Քայքայման դեպքում էլ ստեղծվում են մետաբոլիտներ: Վերջիններս ունեն համարյա նույն թունավոր հատկությունները: 1970-ականներին թունաքիմիկատների ոչնչացման արդյունավետ եւ անվտանգ տարբերակը հողում թաղելն էր: 1982թ. Հայաստանի կառավարության որոշմամբ Արտաշատի շրջանի Բարձրաշեն գյուղի վերեւում (այժմ այդ տարածքը գտնվում է Երեւանի Էրեբունի համայնքում) կառուցվել է բետոնե գերեզմանոց: Գերեզմանոցը կավապատ է, որպեսզի թունաքիմիկատները չներծծվեն հողի մեջ: «Դեռ երեխա էի, երբ սարի վրա մեծ փոս փորեցին, հետո պարկերով ինչ-որ թույներ լցրեցին»,- հիշեց ջրաշենցի Ռազմիկը: Թունաքիմիկատները լցրել են գերեզմանոցն ու հողով ծածկել: Տարածքն ունեցել է պահակակետ եւ ցանկապատ: Այդ տարիներին պարբերաբար ստուգումներ են արվել հնարավոր արտանետումները կանխելու համար:

Սողանքի պատճառով տարիների ընթացքում հողաթումբն իջել է, եւ գերեզմանոցն այսօր փլուզման եզրին է: Վերջին 15 տարիների ընթացքում ոչ մի վերահսկողական աշխատանք չի արվել: Չկա պահակակետ, քանդված է ցանկապատը: Վտանգավոր տարածքը լրիվ բաց է: Հետագայում գերեզմանոցի մոտակա տարածքում կատարվել են այգեգործական հողհատկացումներ: Այստեղ կառուցվել են տներ, եւ մարդիկ են ապրում: Բնակիչներից շատերը չգիտեն, որ իրենց բնակավայրի հարեւանությամբ թունաքիմիկատների գերեզմանոց է, եւ այդ տարածքն օգտագործում են որպես արոտավայր:
 
«Մարդու օրգանիզմում կայուն օրգանական աղտոտիչի ցանկացած տեսակ խթան է հանդիսանում չարորակ նորագոյացությունների եւ դրանց զարգացման համար: Սա մեծ վտանգ է ոչ միայն մոտակայքում բնակվողների համար, քանի որ աղտոտիչները ազդում են մարդու վրա նաեւ օդի միջոցով»,-մեկնաբանեց Հակահամաճարակային վերահսկողության կանխարգելման կենտրոնի մի աշխատակից՝ չցանկանալով նշել իր անունը: Թունաքիմիկատներն ազդում են մարդու հատկապես իմունային եւ նյարդային համակարգերի վրա, առաջացնում են թոքերի եւ երիկամների բարդություններ: «Բնակիչները հաճախ են հիվանդանում: Հիմնականում երիկամների բորբոքումներ են լինում, հոդացավեր, բրոնխիտ, տուբերկուլյոզ: Հատկապես ամռանն աղիքային ինֆեկցիաներ են շատ լինում»,- ասաց Մուշական եւ Ջրաշեն թաղամասերի բժշկուհի Ժաննա Գեւորգյանը:

1980-ականներին բժիշկ Հենրիկ Համբարձումյանը մարդու առողջության վրա թունաքիմիկատների հնարավոր ազդեցության վերաբերյալ ուսումնասիրություն է կատարել: Նա համեմատական վերլուծությամբ ցույց է տվել, որ թունաքիմիկատներ օգտագործող գյուղերում հիմնականում մահանում են նորագոյացությունների, նյարդային եւ շնչառական համակարգերի հիվանդությունների պատճառով: Երեխաները ծնվում են քաշի պակասով, դպրոցական տարիքում զգացվում է մտավոր հետամնացություն: Այս ուսումնասիրությամբ ապացուցված է, որ տարիքային բոլոր խմբերում հիվանդություների մեծամասնությունն ուղղակիորեն կապված է թունաքիմիկատների օգտագործման քանակի հետ: Հայաստանի տարածքում այս ուսումնասիրությունը միակն է: «Գերեզմանոցի փլվելու դեպքում թունաքիմիկատները կլցվեն ամառանոցների տարածք,Վարդաշենի ձոր ու կհասնեն Երեւանի կենտրոնին: Առատ անձրեւների դեպքում ցեխաջրերն այդպես են գնում: Կարող է նաեւ Գետառով գնա Արտաշատ»,-հնարավոր ենթադրություն արեց մուշականցի Վազգենը:

«Խանութներում տեսնելով օգտագործման համար չթույլատրված թունաքիմիկատներ` մենք մտածեցինք, որ հնարավոր է՝ թունաքիմիկատների գերեզմանոցից են հանել: Հետո պարզեցինք, որ գերեզմանոցը փակ է, բայց վտանգավոր վիճակում է»,- պատմեց «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի ՀԿ»-ի անդամ Լիա Սիմոնյանը: Այս կազմակերպությունը դեռ 2001թ. նամակներով տեղյակ է պահել Գյուղատնտեսության եւ Բնապահպանության նախարարություններին, Երեւանի քաղաքապետարանին, որ գերեզմանոցի բարձիթողի վիճակը վտանգավոր է շրջակա միջավայրի համար: «Տեղյակ պահելուց բացի մենք ոչինչ անել չէինք կարող: Կարծեցինք, որ պետական կառույցները կանհանգստանան եւ ինչ-որ քայլերի կդիմեն»,- ավելացրեց ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը: Նախարարություններն իրենց պարտքն են համարել միայն ճշտել, թե ում է պատկանում այդ տարածքը եւ ով է պատասխանատու: Պարզել են` այն գտնվում է Էրեբունի համայնքում եւ խորհրդային կարգերի փլուզումից հետո որեւէ գերատեսչության չի պատկանում: Քաղաքապետարանն էլ նամակն ուղարկել է Արտակարգ իրավիճակների վարչություն /ԱԻՎ/, ինչը, սակայն, հերքեց ԱԻՎ-ի Արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման վարչության պետ Լյուդվիգ Նազարյանը: Պրն Նազարյանը հավաստիացրեց, որ այս խնդրի մասին իրենք տեղեկացել են նույն կազմակերպության 2003թ. դեկտեմբերին գրված նամակից:

«Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն 2003թ. դարձյալ սկսում է զբաղվել թունաքիմիկատների գերեզմանոցի ուսումնասիրությամբ: «Մենք ունենք երկրաբան Յադոյանի ուսումնասիրությունը, գերեզմանոցի վրայից եւ 50 մ շառավղով հողի ստուգումներ ենք արել: Հայտնաբերել ենք, որ հողում նորմայից ավելի թունաքիմիկատների պարունակություն կա: Այս բոլոր տվյալներով նորից նամակներ ենք ուղարկել նախարարություններին ու Արտակարգ իրավիճակների վարչությանը»,- ասաց Լիա Սիմոնյանը: Հետաքննող լրագրողների ընկերկցության նամակից հետո 2004թ. հունվարին Արտակարգ իրավիճակների վարչությունը նախնական ուսումնասիրություններ է կատարել: Ըստ Վարչության պետի տեղակալ Վիլհելմ Ստեփանյանի՝ իրենց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սողանքը գտնվում է գերեզմանոցի կենտրոնական մասում եւ կակտիվանա:

«Մենք չենք կարող վերջնական ինչ-որ բան ասել, որովհետեւ գարնանը պետք է ուսումնասիրել»,- ասում է Վ. Ստեփանյանը: Ունենալով երկու երկրաբանների կարծիք, որ գերեզմանոցը գտնվում է ակտիվ սողանքի կենտրոնական մասում, ԱԻՎ-ը մեզ ուղղված պատասխանում նշել է. «Գերեզմանոցին ներկայումս վտանգ չի սպառնում»: «Գերեզմանոցը չի կարող փլվել, որովհետեւ եթե սողանք լինի էլ, այն ավելի հաստ հողի շերտով է ծածկվելու, այսինքն` խորացնելու է այն»,- վստահեցրեց ԱԻՎ Տեխնածին աղետների բաժնի պետ Ա. Նազարյանը: Լյուդվիգ Նազարյան կարծում է, թե պետք չէ լուրջ վերաբերվել այն ստուգումներին, որոնք առնչվում են հողում թունաքիմիկատների պարունակությանը: «Արտանետումները բացառվում են, այստեղ լոգիկա չկա»- ասում է նա: Տեխնածին աղետների բաժնի պետ պրն Նազարյանն էլ բացատրեց, որ հնարավոր է` թունաքիմիկատները թաղելու ժամանակվանից ինչ-որ կայուն նյութեր, որոնք երկար տարիներ ապրում են, թափվել են եւ մինչեւ հիմա էլ կան:

«Մենք կարճ ժամանակում սկզբնական ուսումնասիրություն ենք արել: Պետք է սպասել գարնանը լուրջ ուսումնասիրելու համար»,- ասաց Լյուդվիգ Նազարյանը:

Սակայն բնապահպաններն ու բժիշկները միանգամայն այլ տեսակետ ունեն. գերեզմանոցը կարող է ցանկացած պահի էկոլոգիական աղետի պատճառ դառնալ:

«ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻՑ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐ ԿԱՆ»,- ՊՆԴՈՒՄ Է ԷԿՈԼՈԳ ԼԻԼԻԿ ՍԻՄՈՆՅԱՆԸ
Աղավնի Եղիազարյան, «Հետք»
05.04.2004


«Մինչեւ հիմնական լուծում գտնելը պետք է առաջնահերթ ցանկապատել, առուներ սարքել եւ ուսումնասիրել սողանքի մարմինն ու գերեզմանոցը: Այս ամենի համար նախահաշիվը կազմում է 10մլն դրամ»,-ասում է Արտակարգ իրավիճակների վարչության /ԱԻՎ/ Տեխնածին աղետների կառավարման բաժնի պետ Լյուդվիգ Նազարյանը:

Ինչպես արդեն նշել ենք, Երեւանի Էրեբունի համայնքում գտնվող 500 տոնա պարունակությամբ թունաքիմիկատների գերեզմանոցը գտնվում է սողանքի գոտում: Բնապահպանների եւ գիտնականների կարծիքով՝ հնարավոր է էկոլոգիական աղետ:

Հետաքննող լրագրողների ընկերակցության՝ Արտակարգ իրավիճակների վարչությանն (ԱԻՎ) ուղղված նամակից հետո ԱԻՎ-ը վտանգի մասին զեկուցել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Վարչապետի հանձնարարականով Բնապահպանության եւ Գյուղատնտեսության նախարարությունների, ԱԻՎ-ի եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչները քննարկել են գերեզմանոցի վիճակի կարգավորման հարցը: «Առաջարկությունները ներկայացրել ենք կառավարություն: Հիմա նրանք պիտի որոշեն, թե որ առաջարկն են ընդունում եւ ինչպես է ֆինանսավորվելու այն: Հետո կառավարությունը կհանձնարարի համապատասխան կառույցին ու մասնագետներին զբաղվել դրանով»,-ասաց ՀՀ բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Իգոր Սարգսյանը: Վարչապետի հանձնարարականով քննարկմանը պետք է մասնակցեր նաեւ «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն: Սակայն ՀԿ-ի ներկայացուցիչ Լիլիկ Սիմոնյանը ներկա է եղել որպես հրավիրված եւ հնարավորություն չի ունեցել մասնակցել քննարկմանը: Այս կազմակերպությունը մի քանի տարի արդեն զբաղվում է այս գերեզմանոցի խնդիրներով: «Մենք ուսումնասիրություն ունենք, որ գերեզմանոցից թունաքիմիկատների արտանետում կա: Այսինքն՝ այն վտանգավոր է մարդու առողջության համար: Պետք է էկոլոգիապես ճիշտ լուծում գտնել: Հաշվի առնելով մեր պետության հնարավորությունները` մենք կարծում ենք, որ պարտադիր է միջազգային կազմակերպությունների միջամտությունը»,-ասում է Լ. Սիմոնյանը:

Հայաստանի Հանրապետությունը 2001թ. ստորագրել է «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի համաձայնագիրը, որի նպատակն է «պահպանել մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը կայուն օրգանական աղտոտիչներից»: Համաձայնագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ անդամ-պետությունը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի կայուն օրգանական աղտոտիչների հայտնաբերման, հաշվառման ու դրանց անվտանգ, արդյունավետ եւ էկոլոգիապես ռացիոնալ կարգավորման համար: Բացի այդ, համաձայնագրի անդամ զարգացած երկրները պարտավորվում են տրամադրել տեխնիկական եւ ֆինանսական ռեսուրսներ զարգացող եւ անցումային տնտեսություն ունեցող երկրներին (հոդված 12, 13): Համաձայնագրի պատասխանատուն Բնապահպանության նախարարության վտանգավոր նյութերի եւ թափոնների կառավարման վարչության պետ Անահիտ Ալեքսանդրյանն է: Նա հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ մշակվում է Ազգային ծրագիր եւ պետք է հաշվառել, թե մեր պետությունում ինչ տեսակի եւ ինչ քանակությամբ թունաքիմիկատներ կան: Համաձայնագրի շրջանակներում հաշվառվե՞լ է արդյոք 500 տոննա թունաքիմիկատ պարունակող գերեզմանոցը՝ մեզ չհաջողվեց պարզել: Անահիտ Ալեքսանդրյանը ժամանակ չգտավ պատասխանել մեր հարցերին` ասելով, թե ինքը զբաղված է ավելի կարեւոր եւ հրատապ հարցով: Ավելացնենք, որ Ա. Ալեքսանդրյանի նշած վերոհիշյալ ազգային ծրագիրը գրելու համար Հայաստանը ստացել է 500 000 դոլարի դրամաշնորհ: Դրամաշնորհը տնօրինում է հենց Անահիտ Ալեքսանդրյանը:

Չնայած ԱԻՎ-ը դեռ չի ուսումնասիրել սողանքն ու գերեզմանոցի վիճակը՝ Լյուդվիգ Նազարյանը պնդում է, որ «20-25 տարի ոչինչ չի եղել, այդքան ժամանակ էլ այդ գերեզմանոցին ոչինչ չի պատահի, սողանքը դեռ հեռու է ու չի հասնի թունաքիմիկատների գերեզմանոցին»: Իսկ գերեզմանոցի տարածքն ուսումնասիրած միակ երկրաբանը` ԳԱԱ-ի ԵԳԻ գեոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ Ռ. Յադոյանը վստահեցնում է, որ այդ տարածքում կա ակտիվ սողանք եւ բավական է հավասարակշռության թեթեւ խախտում եւ այն կակտիվանա:

Հուլիս 03, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր