S.O.S. Այրում քարոզարշավը թափ է հավաքում

S.O.S. Այրում քարոզարշավը թափ է հավաքում

ԷկոԼուր

«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն մտադիր է Լոռու մարզի Ճոճկան եւ Մեծ Այրում համայնքների տարածքում կառուցել նոր պոչամբար` օգտագործելով համայնքների 40 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքները: Այս համայնքների տարածքում սա կլինի երկրորդ պոչամբարը, որն ավելի կմոտենա անդրսահմանային Դեբեդ գետին, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին:  «Ինչքանով է ազգային անվտանգության տեսակետից ընդհանրապես թույլատրելի երկրաշարժային ակտիվ գոտում կառուցել նման պոչամբար, որը ցանկացած պահի կարող է հոսել եւ փակել Դեբեդ գետի կիրճում Դեբեդ գետի հունը, երկաթգիծը եւ ավտոճանապարհը դեպի Վրաստան գնացող»,- մարտի 27-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի մասնագետ Սեյրան Մինասյանը:  Այս պոչամբարի կառուցման դեմ են Մեծ Այրում համայնքի մոտ 200 բնակիչները, ովքեր հայատարարել են S.O.S. Այրում քարոզարշավ: Քարոզարշավը թափ է հավաքում: Քարոզարշավին միացան ԷկոԼուրը, լրագրողներ, հասարակական գործիչներ:

Տես նյութերը:

Այրումցիները պահանջում են կասեցնել նոր պոչամբար կառուցելու ծրագիրը

Նաիրա Բուլղադարյան, www.azatutyun.am 

Նամակի հեղինակները պնդում են, թե ավագանին այդ ծրագրին հավանություն է տվել՝ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու։ Բաց նամակի տակ ստորագրել է գյուղի բնակչության շուրջ 70 տոկոսը՝ ըստ էության դուրս գալով տեղական իշխանության դեմ։

Ավագանու 4 անդամներից միայն Օլեգ Դուրգարյանն է գյուղացիների կողքին կանգնել․ - «Մենք՝ Մեծ Այրում համայնքի բնակիչներս դեմ ենք մեր հողերում նոր պոչամբարի կառուցմանը և պահանջում ենք դադարեցնել գործընթացը մինչև Ախթալայի ԼՀԿ [լեռնահարստացուցիչ կոմբինատը] չի լուծել հին պոչամբարների ռեկուլտիվացիայի և անվտանգության նորմերի պահպանման խնդիրները: Ե երկրորդ՝ մինչև Մեծ Այրում համայնքին չի առաջարկվել առողջապահական և բնապահպանական խնդիրները լուծելու փոխհատուցման որևէ եղանակ կամ օրենսդրական մեխանիզմ»:

Եթե պոչամբարը կառուցվի, այն կլինի գյուղում արդեն երկրորդը։ Գյուղացիներն ու բնապահպանները պնդում են, թե գործող պոչամբարն արդեն մեծ վնասներ է հասցրել իրենց՝ ցանկապատված չէ, և քիչ չեն դեպքերը, երբ ընտանի կենդանիները հայտնվում են դրա տարածքում։ Բացի դրանից, պոչամբարից դուրս եկող ջրերը լցվում են Դեբեդը։

«Այդ դժգոհություններին զուգընթաց նաև որոշում էր կայացվել, (Կառավարությունում համապատասխան հանձնաժողովը եզրակացություն էր տվել դրական) Այրում և Ճոճկան համայնքների 40 հեկտար գյուղատնտեսական նշանակության` հիմնականում արոտավայր, հողերի վրա նոր պոչամբար կառուցելու մասին», - փոխանցեց ավագանու անդամը:

Բնակիչների պնդումները, թե վտանգավոր թափոններով լի պոչամբարը բացասաբար է ազդում իրենց առողջության ու բնության վրա, հաստատում է վերջերս արված ոչ պաշտոնական մի հետազոտություն։ Փորձագետներից բաղկացած խումբը պնդում է, որ գյուղին պատկանող այգիների դեղձի նմուշներում թունավոր պարունակությունը 2-4 անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը։

Փորձագիտական խմբի ղեկավար Սեյրան Մինասյանը զայրացած է Կառավարության ու հանքարդյունաբերողի անպատասխանատու վերաբերմունքից․ - «Մենք չունենք Ախթալա գետ, ունենք Ախթալա պոչատար․․․ Ոչ մի տեղ այդ պոչանքները, այդ կույտերը ռեկուլտիվացիա չեն արել: Հիմա անցել են Նահատակի ձորին․ պոչամբարն են լցնում, արդեն մոտեցել է բավականին կիրճի բարձրությանը, և այնտեղից քամու, հողմահարման տարբեր եղանակներով այդ աղտոտումը, այդ պոչանքը տարածվում է: Պղինձ այսօր ստանում են, ինչպես ստացել են բրոնզե դարում: Չի կարելի, չէ՞, վերջապես, 21-րդ դար է»:

Բնապահպաններն ու փորձագետները շեշտում են, որ դեմ չեն հանքարյունաբերությանը, բայց դեմ են այն մեթոդներին, որոնք այսօր կիրառվում են Հայաստանում։ Մինասյանն ասում է, թե հին պոչամբարի խնդիրները չլուծած նորի կառուցումը է՛լ ավելի կսրի բնապահպանական վիճակը Լոռու այդ շրջանում։

Ի պատասխան այս մտահոգությունների, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի գործադիր տնօրեն Մարտիկ Հակոբյանը «Ազատությանը» փոխանցեց, որ մեծ ծրագրեր ունեն՝ նախատեսում են գործող պոչամբարը վնասազերծել, իսկ նորը կառուցել նորագույն տեխնոլոգիաներով։

«Ախթալայում ապրում են սոված մարդիկ: 700 հոգի սնվում են: Եթե հանկարծ դա լինի, այնտեղ գենոցիդ ա լինելու․․․ Այդ մարդիկ աշխատում են, աշխատավարձ են ստանում: Եթե 2010 թվականին 130 հազար էր միջին աշխատավարձը, էսօր դառել ա 250 հազար», - ասաց նա:

Ընկերության խոստումներին, սակայն, տեղացիներից շատերը չեն հավատում՝ հիշեցնելով անցյալի փորձը:

Մարդիկ այդ թունավոր արտանետումների մեջ ինչպե՞ս են ապրում

Nyut.am

«ԷկոԼուր» ակումբում մարտի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսում համանուն հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը հայտարարեց, որ իրենք ևս միանում են «SOS Մեծ Այրում» նախաձեռնող խմբին ու սկսում են ավելի լայն քարոզարշավ` փրկելու համար այդ շատ գեղեցիկ տարածքը և մարդկանց ապրելավայրը:

«Անցյալ տարի երբ պատասխանատու հանքարդյունաբերության միջազգային կոնֆերանսին մասնակցող երկու փորձագետների հետ, որոնք ուղղակի ուզում էին ծանոթանալ այդ տարածքներին, գնացինք Ճոճկան (որովհետև Ճոճկանի պոչամբարը բաց է, այլ պոչամբարների մուտքը փակ է), նույնիսկ վերևից զգացվեց այդ գազը,- տեղեկացրեց Ինգա Զարաֆյանը:- Բա այդ մարդիկ այդ հոտի մեջ, որն ուղղակի հոտ չէ, թունավոր արտանետում է, այդ թունավոր արտանետումների մեջ ինչպե՞ս են ապրում, որովհետև դա միանգամից ազդում է: Փորձագետներն ուղղակի զարմացել էին»:

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն ծայրահեղ անպատասխանատու է մոտենում առկա խնդիրներին

Nyut.am

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի գործող պոչամբարի խնդիրները նոր չեն, դրանց վերաբերյալ ահազանգեր միշտ եղել են, համենայն դեպս, տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով: «ԷկոԼուր» ակումբում մարտի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին տեղեկացրեց Մեծ Այրում համայնքի ավագանու անդամ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը:

«Բնականաբար, ֆաբրիկայի տնօրինությունը միշտ խոստացել է լուծել եղած խնդիրները, բայց դա չի արել,- ասաց Օլեգ Դուլգարյանը:- Ավելին. երբ որ այդ պոչամբարը սկսեցին շահագործել, այնտեղ պետք է գործեր շրջանառու ջրի համակարգ, որպեսզի պոմպերով այդ ջուրը հետ տանեին, ֆիլտրացնեին և օգտագործեին, սակայն, չգիտեմ ինչու, այդ շրջանառու ջրի համակարգը չի գործածվել, չի գործել մի օր, այսինքն` ամեն ինչ մնում է խոստումների ու լավ ապագայի վերաբերյալ լավատեսական պատասխանների տիրույթում»:

Ըստ մամուլի ակումբի մյուս հյուրի` փորձագետ Սեյրան Մինասյանի, վերոնշյալ գոտում առկա պատկերը ցույց է տալիս, որ հանքարդյունաբերողը, տնտեսվարողը ծայրահեղ անպատասխանատու է մոտենում այդ խնդրին:

«Ախթալայի պոչամբարը ռեկուլտիվացված չէ, բերում, տարբեր տեղեր այդ հանքակույտերը, թափոնները լցնում են, այդ ամբողջ ճանապարհի կողքերը որտեղ մի հարմար ձոր կա, լցված է,- ասաց Սեյրան Մինասյանը:- Այսինքն` նախորդ արածների հետևանքները ընկերությունը չի վերացրել, հիմա էլ խոսք է տալիս, որ ապագայում կվերացնի: Մինչդեռ մենք ռեալ փաստեր, որ ինքը դա վատ է անում կամ չի անում, ինչու մենք պետք է հավատանք, որ ինքը վաղը լավ կանի»:

Թույլ տրված խախտումների համար պատասխանատվություն է նախատեսված, սակայն, Սեյրան Մինասյանի հավաստմամբ, տուգանքի չափն այնքան չնչին է, որ ընկերությունը չի էլ քննարկում իրական բնապահպանական միջոցառումներ իրականացնելու հարցը, պարզապես շատ դեպքերում գերադասում է վճարել այդ տուգանքները ու հարցը փակել:

Մեծ Այրում համայնքի դեղձի այգիների բերքի մեծ մասում թունավոր կապարի պարունակությունը 2-4 անգամ գերազանցում է թույլատրելի նորմը

Արթուր Հովհաննիսյան, Nyut.am

Լոռու մարզից ստացված ահազանգի համաձայն` Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատին պատկանող Ճոճկանի պոչամբարը շատ վատ վիճակում է և վթարի է ենթարկվել` պատճառելով էական վնաս: «ԷկոԼուր» ակումբում մարտի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառնալով վերը նշվածին, ինչպես նաև «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի և պոչամբարի պատճառած այլ վնասներին, փորձագետ Սեյրան Մինասյանն ասաց, որ նշված իրավիճակն առաջացել է էկոհամակարգի ու տեղի բնակչության նկատմամբ անգրագետ, ծայրահեղ անպատասխանատու վերաբերմունքի հետևանքով:

«Վերջիվերջո, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը ոչնչացրեց Ախթալայի ձորը և Ախթալա գետը, մենք չունենք Ախթալա գետ, ունենք Ախթալա պոչատար, որով ինչ-որ կիսահեղուկ գնում է, ոչ մի տեղ այդ պոչանքները, այդ կույտերը ռեկուլտիվացիա չեն արել,- ասաց Սեյրան Մինասյանը:- Հիմա անցել են Նահատակի ձորին, պոչամբարն են լցնում, արդեն բավական մոտեցել է կիրճի, այսպես ասած, բարձրությանը, և այնտեղից քամու, հողմնահարման, տարբեր եղանակներով այդ աղտոտումը, պոչանքը տարածվում է: Մենք այսօր արդեն Ճոճկան գետն ենք կորցրել, այնտեղի այգիները, որոնցից բնակչությունն օգտվում էր, արդեն սկսել են չորանալ: Այսինքն` մարդիկ ապրում են, այդ էկոհամակարգից օգտվում են, էկոհամակարգը, բնությունը մարդկանց, այսպես ասած, ծառայություններ է մատուցում: Մեզ մոտ դա ոչնչացվում է, մարդը զրկվում է իր բնական ապրելու վայրի, արեալի ստեղծած հնարավորություններից` գետից, աղբյուրից, հողից, սարից, ձորից և այլն, ինչ է, թե մի քանի հոգի պետք է շահույթ ստանան: Մինչդեռ այդ երկու հարցը պետք է իրար հետ լավ հավասարակշռված լինեն:

Եվրոպայում, Ամերիկայում, Կանադայում, պատասխանատու արդյունաբերություն ունեցող երկրներում տարբեր գործոնների հետևանքով էկոհամակարգային ծառայությունների նվազումը շատ լուրջ խնդիր է և լուրջ գնահատվում ու բերվում է ընդհուպ ֆինանսական վիճակի: Այսինքն` եթե մենք կորցնում ենք Ախթալա ձորակը, Նահատակի ձորը, ժամանակ հետո Մեծ Այրում, Ճոճկան և Ախթալա համայնքները ստիպված պետք է տեղափոխվեն, որովհետև ապրելու տեղ չեն, այս ամբողջը եթե մենք գնահատում ենք, որ՞ը թանկ արժե: Պետք է ստիպեն, որ գոնե այսօրվա ժամանակակից, հասանելի, լավագույն տեխնոլոգիաները կիրառվեն, որովհետև պղինձն այսօր ստանում են այնպես, ինչպես ստացել են բրոնզե դարում, վերջապես, չի՞ կարելի, չէ՞, այդպես, 21-րդ դարն է: Այս մոտեցումը բնության ու մարդկանց նկատմամբ շարունակվում է»:

Մամուլի ակումբի հյուրի հավաստմամբ, երբ մենք խոսում ենք ընդհանրապես բնությանը, մարդկանց պատճառված վնասի մասին, դա մի քիչ վերացական է ընկալվում: Նշելով այս մասին, փորձագետը վերոնշյալի կապակցությամբ ներկայացրեց շատ որոշակի օրինակներ.

«Մենք 2013 թվականից սկսած, ուսումնասիրել ենք Մեծ Այրում համայնքում եղած դեղձի այգիների բերքը, հողը, ջուրը, տերևները 2 տարի շարունակ, և կարող եմ ձեզ ցույց տալ շատ հստակ պատկեր, որ կապարի պարունակությունը (այս ծանր մետաղը հայտնի է որպես խիստ վտանգավոր թունավոր նյութ.- Ա. Հ.) դեղձի նմուշների արդեն մեծ մասում` 60-70 տոկոսում 2-4 անգամ գերազանցում է թույլատրելի սանիտարական և առողջապահական նորմը, և դա միանշանակ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի` Նահատակի ձորում գտնվող պոչամբարի ազդեցության հետևանքն է,- ասաց Սեյրան Մինասյանը:- Ոռոգման ջուրը մենք ստուգել ենք, նորմալ է, որովհետև վերցվում է ուրիշ տեղից` ավելի վերևից, Դեբեդից, հողը ստուգել ենք, դեռևս չի հասցրել աղտոտվել, և միանշանակ պոչամբարի մակերևույթից հողմնահարման ու քամի միջոցով մանրակաթիլային տարածվում է այդ պոչանքը և ուղղակի նստում է այգու վրա: Համեմատելու համար մենք վերցրել ենք Երևանում, Արամուսում, Աշտարակի հատվածում, Զովունիում բանուկ ճանապարհների մոտ գտնվող դեղձի նմուշներ, անալիզ ենք արել, որովհետև մտածել ենք, որ փոշում կապարի պարունակությունը կարող է բարձր լինել և դա ընդհանուր պատկեր լինել: Բայց ոչ, մեր հետազոտությունները հստակ ցույց են տալիս, որ դա միանշանակ պոչամբարի հետևանքն է»:

Հատկապես Ճոճկան ու Մեծ Այրում համայնքների այգիներում առկա է լուրջ հիմնախնդիր, ըստ բանախոսի, մարդիկ այգի են մշակել տարիներ շարունակ, այդ այգին հասել է բերք տալու վիճակի, սակայն…

«Հիմա,- շարունակեց փորձագետը,- այդ բերքում կապարի պարունակությունն այնքան բարձր է, որ բոլոր նորմերով նրանք այդ բերքը վաճառելու իրավունք չունեն: Բա հիմա այդ մարդիկ ի՞նչ անեն… Եվ եթե ուզում են այնտեղ կառուցել նոր պոչամբար, իսկ նոր պոչամբարն այս հին պոչամբարից ընդամենը մի քանի հարյուր մետր ներքև է, վերջիվերջո, մի քանի տարի հետո Հայաստանի ապագա կառավարությունը, Հայաստանի ապագա իշխանությունները ստիպված են լինելու տեղափոխել այդ երկու համայնքները, որովհետև այնտեղ ապրել հնարավոր չէ: Թող հիմա կոմբինատը գտնի նոր ապրելու տարածք` նմանատիպ էկոհամակարգային հնարավորություններով, կառուցի  այդ երկու բնակավայրն իրենց այգիներով, տներով, ինֆրաստրուկտուրաներով, մարդկանց տեղափոխի, հետո մշակում է այդ տարածքն, ինչ է անում, դա արդեն իր խնդիրն է:

Ես ընդհանրապես դեմ չեմ որևէ արդյունաբերության, այդ թվում նաև` հանքարդյունաբերության, բայց դա պետք է արվի ժամանակակից, քաղաքակիրթ մակարդակով, ոչ թե բրոնզեդարյան… Ամեն ինչով կարելի է զբաղվել, բայց կարելի է զբաղվել այնքան բարձր մակարդակով, այնքան զարգացած տեխնոլոգիաներով, որ ոչ մեկին վնաս չտա: Հասկանալի է, որ բացարձակ անվնաս չի կարող դա լինել, բայց գոյություն ունի թույլատրելի ազդեցություն, բոլոր ազդեցություններն այդ թույլատրելի ազդեցության տիրույթում պետք է լինեն»:

Թունավոր պոչանքներով շրջակա միջավայրի աղտոտման դեպքում կիրառվող տուգանքի չափը մոտավորապես նույնն է, ինչ մի քանի ծառ հատելու համար

Nyut.am

 «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանի հավաստմամբ, բնապահպանության ոլորտում երեկ և այսօր առկա խայտառակ իրավիճակը պայմանավորված է նաև բնապահպանական խախտումների դեպքում նախատեսված տուգանքների փոքր չափերով:

«Եթե նայեք բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառվող տուգանքների չափերը, դուք կարող եք միանշանակ տեսնել, որ, օրինակ, մեծ վթարի դեպքում, երբ աղտոտվում է շրջակա միջավայրը` գետը, հողերը և այլն, ծանր մետաղներով, թունավոր պոչանքներով, կիրառվող տուգանքի չափը մոտավորապես նույնն է, ինչ մի քանի ծառ հատելու համար»,- ասաց Ինգա Զարաֆյանը:

Մեծ Այրում և Ճոճկան համայնքներին սպառնում է նոր վտանգ. բնակիչներն ահազանգում են

www.panorama.am

Մեծ Այրումում արդեն տարիներ շարունակ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչամբարն անհանգստություն է պատճառում տեղի բնակիչներին, այդ թվում նաև առողջական լուրջ խնդիրներ է առաջացրել բնակիչների մոտ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մեծ Այրում համայնքի ավագանու անդամ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ, «SOS Այրում» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը:

«Բնակիչների շրջանում շատացել է սրտխառնոցի, գլխացավի դեպքերը: Ոչ պաշտոնական տվյալներով, պատճառը օդի աղտոտվածությունն է: Պոչամբարը վնասում է համայնքի ջրային համակարգը: Պոչամբարը շահագործվում է առանց տարրական նորմերի պահպանման, ցանկապատ չի եղել, անասուններ են մտել այդ տարածք, արածել»,- նշեց նա:

Օ. Դուրգարյանի խոսքով, չնայած այս դժգոհություններին, կառավարությունը դրական եզրակացություն է տվել Մեծ Այրում և Ճոճկան համայնքների 40 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի կատեգորիան փոխել, որպեսզի կառուցվի պոչամբար: Համայնքների բնակիչների 70 տոկոսից ավելին դժգոհություն են հայտնել այս որոշման դեմ, նամակ են պատրաստել, որն այսօր փոխանցվելու է կառավարությանը և պատկան այլ մարմինների: Նրանք պահանջում են դադարեցնել իրենց հողերում նոր պոչամբարի կառուցումը, մինչև նախկին պոչամբարի խնդիրը չլուծվի, բնակիչներին առողջապահական խնդիրների լուծման համար փոխհատուցում չնախատեսվի:

«Այս պահին Մեծ Այրումին սպառնում է մի նոր վտանգ, որը կարող է բերել համայնքի անապատացմանը»,- ասաց Օ. Դուրգարյանը:

Մարտի 24-ին և 25-ին Ախթալայի շրջակայքը մոնիտորինգի է ենթարկել Երևանից մեկնած անկախ փորձագիտական խումբը: Փորձագիտական խմբի անդամ Սեյրան Մինասյանն ասաց, որ պոչամբարի շրջակա տարածքում իրենց տեսած պատկերը ցույց է տալիս, որ տնտեսվարողը ծայրահեղ անպատասախատու է վերաբերում այդ շրջանի բնակիչներին:

«Մի քանի տարի անց այդ տարածքներում ապրել հնարավոր չի լինի: Կամ էլ կոմբինատը թող նման էկոհամակարգով նոր տարածքներ ձեռք բերի տվյալ շրջանի բնակիչների համար, կառուցի տներ, ապահովի բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, այդ մարդկանց տեղափոխի այդ նոր բնակավայր ու նոր ինչ ուզում է, անի: Ես դեմ չեմ որևէ արդյունաբերությանը նաև հանքարդյունաբերությանը: Ուղղակի պետք է արվի ժամանակակից տեխնոլոգիաներով, որը որևէ մեկին վնաս չի տա կամ վնասները կհասցնի նվազագույնի»,- ասաց նա՝ հավելելով, որ նախկին հետազոտությունների արդյունքների համաձայն, 3,5-4 հեկտար դեղձի այգու բերքն պոչամբարի հետևանքով ամբողջությամբ աղտոտվել էր կապարով:

Ս. Մինասյանի խոսքով, խախտումների դեպքում տնտեսվարողների համար նախատեսված են տուգանքներ, սակայն դրանք քիչ են, նախընտրում են վճարել այդ տուգանքը ու շարունակել իրենց գործունեությունը:

Օ.Դուրգարյանն ասաց, որ նոր պոչամբարի կառուցման նախագիծ դեռևս գոյություն չունի, Ճոճկան և Մեծ Այրումի ղեկավարներին հանձնարարվել էր փոխել հողի կատեգորիան՝ գյուղատնտեսականից՝ արդյունաբերական, որպեսզի սկսվեն ուսումնասիրություններն այդ տարածքում պոչամբար կառուցելու համար:



15:58 Մարտ 30, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news