ՀՀ Արմավիրի մարզի Արտաշար համայնքում ջրի նկատմամբ իրավունքի խախտման պատճառով որոշ բնակիչներ զրկվել են հող մշակելու և եկամուտ ստանալու հնարավորությունից

ՀՀ Արմավիրի մարզի Արտաշար համայնքում ջրի նկատմամբ իրավունքի խախտման պատճառով որոշ բնակիչներ զրկվել են հող մշակելու և եկամուտ ստանալու հնարավորությունից

ԷկոԼուր

ԷկոԼուրը Արմավիրի մարզի Արտաշար համայնքում հարցումներ է անցկացրել` պարզելու, թե ինչքանով է պահպանվում բնակիչների ջրի նկատմամբ իրավունքը:

Արտաշարցիների կարծիքով իրենց ջրի իրավունքը խախտված է հետևյալ պատճառներով` կոմունալ-կենցաղային կարիքների համար ջուրը չի բավարարում մշակովի հողատարածքների ոռոգման նպատակով անհրաժեշտ որակի և քանակի ջուր չկա, ոռոգումն ապահովող ՋՕԸ-ի կողմից ջրի բաշխման գործընթացում մշակաբույսերի վեգետացիան ապահովող անհրաժեշտ ջրի նորմաններն անտեսված են, երկար տարիներ Մեծամոր և Արմավիր քաղաքների կոյուղաջրերն առանց մաքրման լցվում են Ախուրյան-Արաքս ջրատար և խառնվելով ոռոգման ջրերին, հոսում Արտաշարի դաշտերը:
Ըստ Արտաշարի համայնքապետ Մարատ Օհանյանի՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մի քանի տարի առաջ այդ ջրի մեջ հայտնաբերել է խոլերայի բացիլներ: Վարակի` խմելու ջրի համակարգ ներթափանցման կանխարգելման և վերահսկման նպատակով ամեն ամիս Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը Արտաշարի խմելու ջրից նմուշառում է իրականացնում: Բարեբախտաբար, չեն արձանագրվել խմելու ջրի կենսաբանական աղտոտման դեպքեր: Կեղտաջրերով ոռոգում չիրականացնելու համար բնակիչների մի մասն իր հողամասերում, ինչպես նաև տնամերձներում հորատանցքեր են փորել, որոնցից ջուր արտամղելու նպատակով օգտագործվող պոմպերն աշխատացնելու համար էլեկտրաէներգիայի հավելյալ ծախս են անում:

Հարցվածները նշել են, որ հորերում ջրի մակարդակի իջնելու արդյունքում դժվարացել է ոռոգման համար պահանջվող ջրի քանակի ապահովումը, և համայնքի բնակիչների մի մասը հրաժարվել է որոշ գյուղատնտեսական հողերի մշակումից, իսկ հողի որակի փոփոխության արդյունքում որոշ մշակաբույսեր՝ ձմերուկ, սեխ այլևս չեն աճում։ Հարցվածների 90,9 %-ը կարծում է, որ վերջին տասը տարում կրել է եկամուտների կորուստ, սահմանափակվել է աշխատանքի և սեփական ապրուստի եկամուտներ ունենալու իր իրավունքը: Որպես ջրի հորզոնի իջեցման պատճառ նրանք նշել են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարների անխնա գերշահագործումը: Իսկ հարցված բնակիչների 62,5 %-ը կարծում է, որ ջրի սակավությունը և խորքային հորերի ցամաքելը պայմանավորված է Արարատյան ավազանի ստորերկրյա ջրերի ձկնաբուծության նպատակով անխնա և անսահմանափակ օգտագործմամբ։

Հարցումների ամբողջական արդյունքներն ամփոփված են ԷկոԼուրի պատրաստած «Պաշտպանիր ջրի նկատմամբ քո իրավունքը» ծրագրի շրջանակներում ՀՀ Արմավիրի մարզի Արտաշարի համայնքապետարանում և համայնքի բնակիչների շրջանում «ԷկոԼուր» ՀԿ-ի անցկացրած հարցումների արդյունքների ամփոփ հաշվետվության» մեջ, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

Սույն նյութը պատրաստվել է «Պաշտպանիր ջրի նկատմամբ քո իրավունքը» ծրագրի շրջանակներում Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով, որի ընթացքում արտահայտված տեսակետները կամ ներկայացված նյութերի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

16:08 Հունիս 26, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news