Տարոնիկ համայնքի բնակիչները չունեն իրենց կյանքի և անվտանգության համար համապատասխան որակի և ծավալի խմելու ջուր

Տարոնիկ համայնքի բնակիչները չունեն իրենց  կյանքի և անվտանգության համար համապատասխան որակի և ծավալի խմելու  ջուր

ԷկոԼուր

ԷկոԼուրը Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքում հարցումներ է անցկացրել` պարզելու, թե ինչքանով է պահպանվում բնակիչների ջրի նկատմամբ իրավունքը:

Հարցումների արդյունքում պարզվել է, որ համայնքի բնակիչները չունեն իրենց կյանքի և անվտանգության համար համապատասխան որակի և ծավալի խմելու ջուր, ոռոգման ջրի սակավության պատճառով զրկվել են գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունից, նվազել են իրենց եկամուտները, ջրային ոլորտի հիմնախնդիրներին վերաբերող քննարկումներին չունեն բավարար ներգրավվածություն, մասնակցություն չունեն ջրային ոլորտում որոշումների կայացման գործընթացում։ «Արմավիր» ՋՕԸ-ն հաճախ է խախտում է ոռոգման ջրի մատակարարման պայմանագրային կետերը ։

Այդ ամենի պատճառն, ըստ հարցվածների խմելու ջրի և ոռոգման նպատակով փորված հորերի մակարդակների իջնելն է կա՛մ ցամաքելը, ինչը պայմանավորել են Արարատյան ստորերկրա ջրերի գերշահագործմամբ:

Բնակիչները նշել են նաև, որ ջրի բացակայության պատճառով համայնքի ոռոգելի տարածքների ավելի քան 55 հա-ն այսօր չի մշակվում:

Համայնքը չունի կենցաղակին ջրերի հեռացման կոյուղու համակարգ։

Չնայած նրան, որ Տարոնիկի համայնքապետարանը «Վերջին օրերի սրբերի կազմակերպության» աջակցությամբ Տարոնիկում իրականացրել է 6 կմ երկարությամբ խմելու ջրի խողովակաշարի կառուցում, որն ապահովել է համայնքի մինչև 20-30%-ին տնտեսության կարիքները: Անլուծելի է մնացել համայնքի մնացած հատվածի խմելու ջրի խնդիրը: Ըստ համայնքապետարանի աշխատակիցների հավաստիացման՝ նոր խորքային հորից մատակարարվող ջուրը համապատասխանում է խմելու ջրի որակի ստանդարտին, սակայն հարցվածների մի մասը պնդում են, որ ջրի որոկն անբավարար է և այն պիտանի չէ խմելու համար:

Ըստ հարցման արդյունքների՝ ոռոգման ջրի սակավության պատճառով վերջին 10 տարում բոլորն են ունեցել եկամուտների նշանակալի կորուստներ, հատկապես բանջարանոցների սակավաջրման հետևանքով բանջարանոցային կուլտուրաների իրացումից ստացվող եկամտի մասով /72,72 %/։
Հարցված բնակիչների 100%-ը նշում են, որ ոռոգման ջրի մատակարար «Արմավիր» ՋՕԸ-ն իրենց ոռոգելի տարածքների գլխամասը չի ապահովում ջրի հաշվառքի սարքերով, հետևապես այդ սարքի ստուգաչափման, ցուցմունքի գրանցման, ժամանակավորապես չաշխատելու դեպքում դրա կապարակնքման պայմանի մասին իրենք իրազեկված չեն: 42,96 %-ի կարծիքով` «Արմավիր» ՋՕԸ-ն ոռոգման ջուրը բաշխում է անարդարացի:

Անցկացված հարցումների վերլուծությունը ներկայացված է «ՊԱՇՏՊԱՆԻՐ ՋՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՈ ԻՐԱՎՈՒՆՔԸ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐՈՆԻԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ԷԿՈԼՈՒՐ» ՀԿ-Ի ԱՆՑԿԱՑՐԱԾ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ» մեջ, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

Սույն  նյութը պատրաստվել է «Պաշտպանիր ջրի նկատմամբ քո իրավունքը» ծրագրի շրջանակներում Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով, որի ընթացքում արտահայտված տեսակետները կամ ներկայացված նյութերի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

13:05 Հունիս 27, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news