«Ախթալայի ԼՀԿ»-ի պոչամբարից հոսքաջրերը հոսում են դեպի Դեբեդ գետ՝ չխախտելով օրենքները

«Ախթալայի ԼՀԿ»-ի պոչամբարից հոսքաջրերը հոսում են դեպի Դեբեդ գետ՝ չխախտելով օրենքները

ԷկոԼուր

ԷկոԼուրի «Ահազանգ. Նահատակի պոչամբարի տարածքից թափոնաջրերը հոսում են Դեբեդ գետ» նյութի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը զննումներ է իրականացրել «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում: Տեսչական մարմինը պարզել է, որ կոմբինատի պոչամբարի հոսքաջրերը հոսում են դեպի Դեբեդ գետ «առանց խախտումների»: Իսկ ահազանգող Շնողի բնակչի այգիներն աղտոտվում են ոչ կոմբինատի հոսքաջրերից:

Տեսչական մարմինը ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Իգոր Սարգսյանի՝ ԷկոԼուրին ուղղված նամակում նշված է.  

«Ի պատասխան Ձեր 2019 թ-ի մարտի 6-ի «Ահազանգ. Նահատակի պոչամբարի տարածքից թափոնաջրերը հոսում են Դեբեդ գետ» վերնագրով էլեկտրոնային հաղորդագրության  հայտնում եմ, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի կողմից  «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում իրականացվել են համապատասխան զննումներ:

Զննման արդյունքում պարզվել է, որ ընկերությանը, համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրված թիվ 000365 ջրօգտագործման թույլտվության և նշված թույլտվության անբաժանելի մաս համարվող թիվ 119 ջրօգտագործման և ջրահեռացման անհատական ընթացիք նորմաների, թույլատրված է արտադրական հոսքաջրերը մեխանիկական մաքրում կատարելուց հետո ուղղել Դեբեդ գետ: Զննումներ կատարելու ժամանակ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի «Նահատակ» կոչվող պոչամբարից Այրում գյուղի մոտից հոսքաջրերը թիվ 000365 ջրօգտագործման թույլտվության համապատասխան հոսում էին դեպի Դեբեդ գետը:

Պարզվել է նաև, որ Շնող համայնքի բնակիչ Արայիկ Բաբայանին պատկանող այգին, ինչպես նաև նրան կից այգիները ոռոգվում են «ՍալԷներգո» ՓՀԷԿ-ը սնուցող ջրային համակարգից, որն ընդհանրապես առնչություն չունի «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի «Նահատակ» կոչվող պոչամբարի հոսքաջրերի հետ:

Միաժամանակ հայտնում եմ, որ Շնող համայնքի բնակիչ Արայիկ Բաբայանի պտղատու այգիների, ինչպես նաև ընտանի կենդանիների վնասման հարցով տուժողը պետք է դիմի իրավապահ մարմիններին կամ հայցով դիմի դատարան՝ իրեն պատճառված վնասների փոխհատուցման խնդիրները լուծելու համար»:

Նամակին կից տեսչական մարմինը ուղարկել է ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ին տրված ջրօգտագործման թույլտվությունը՝ 2015 թ-ից մինչև 2020 թ-ի նոյեմբերի 12-ը ժամկետով:

Ըստ ՋԹ-ի՝ ընկերությունը Դեբեդ գետից տարեկան վերցնում է 2217.6 հազար խ/մ ջուր, Դեբեդ գետի Ախթալա վտակից՝ 486.72 հազար խ/մ ջուր: Ընկերության կողմից ջրային ռեսուրսներ կամ դրանց ջրհավաք ավազաններ թափվող կեղտաջրերի թույլատրելի ծավալներն են՝

- Դեբեդ գետ/արտադրական կեղտաջրեր – տարեկան 1987.2 հազար խ/մ,

- Դեբեդ գետի Ախթալա վտակ՝ 2 կմ մինչև գետաբերանը/արտադրական կեղտաջրեր – տարեկան 2.16 հազար խ/մ

- Դեբեդ գետի Ախթալա վտակ՝ 4 կմ մինչև գետաբերանը/արտադրական կեղտաջրեր – տարեկան 21.6 հազար խ/մ:

Նահատակի պոչամբարի տարածքից հոսող թափոնաջրերը՝ Դեբեդ գետում

Շնող համայնքի բնակիչ Արայիկ Բաբայանի այգին

19:05 Մարտ 25, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news