Վեդիի բնակիչները ջրամատակարման մասին` կա ցածր որակ և բարձր գին

Վեդիի բնակիչները ջրամատակարման մասին` կա ցածր որակ և բարձր գին

ԷկոԼուր

Վեդի քաղաքում հարցված 300 բնակչից 219-ը շատ դժգոհ են եղել «Վեոլիա ջուր» ընկերության մատուցած ծառայություններից: Այս մասին ապրիլի 16-ին «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցած «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի ՏԻՄ-ՔՀԿ համագործակցության փոքր դրամաշնորհային ծրագրերի ամփոփման ժամանակ հայտնեց Վեդու համայնքապետարանի ընդհանուր բաժնի պետ Լիլիթ Դալլաքյանը[AH1] : Նա ներկայացրեց «Վեդի համայնքում խմելու ջրամատակարարման տևողության, հասանելիության, արդարացի բաշխման և նոր բաժանորդ դառնալու գործընթացի ուսումնասիրություն» ենթադրամաշնորհային ծրագրի արդյունքները:

Ծրագրի շրջանակներում իրականացված հարցման արդյունքում բացահայտվել է՝

  1. Վեդի քաղաքի բնակիչների  և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրերում ֆիքսված չէ ջրամատակարարման գրաֆիկը (պայմանագրում նշված է, որ քաղաքացին ջրի համար վճարում է ըստ ցուցմունքի):

Լիլիթ Դալլաքյանի նկատառում. «Այսինքն, եթե «Վեոլիա ջուրը» որոշի 10 օր ջուր չտալ, ապա 10 օրվա համար քաղաքացին չի վճարելու: Բայց դա չի լուծում քաղաքացու իրավունքը ջուր ունենալու»:

  1. Ջրամատակարարման գրաֆիկն անկայուն է, քաղաքացին չի կարող իմանալ` վաղը ինչ քանակով է ջուր ստանալու:
  2. Պայմանագրում հստակ նշված չէ «Վեոլիա ջուր» ընկերության պարտավորությունների մասը:
  3. Նոր բաժանորդ դառնալու համար սահմանված է բարձր գին և ցածր որակ: Ուսումնասիրվել է բաժանորդ դառնալու 10 դեպք, որոնցից մեկում ներկայացվում է, որ հարցվողը դիմել է «Վեոլիա ջուր» ընկերություն` նորակառույց առանձնատանը ջրամատակարարում և ջրահեռացում ապահովելու համար:  150մ ջրամատակարարում իրականացնելու համար պահանջվել է 5 միլիոն ՀՀ դրամ, իսկ ջրահեռացման համար՝ 15 միլիոն դրամ, միասին`  20 միլիոն դրամ, ինչը, հարցվողի խոսքով, աբսուրդ է, քանի որ այդքան գումար տան կառուցման վրա չի ծախսել:

«Մյուս խնդիրն այն է, որ «Վեոլիա ջրի» կայքում չկա բաժանորդ դառնալու համար իրականացվող աշխատանքների գնացուցակը: Կա հղում, որը սակայն չի աշխատում»,- ասաց  Լիլիթ Դալլաքյանը:

Ի պատասխան այս ուսումնասիրությունների` «Վեոլիա ջուր» ընկերության «Արևելք» մասնաճյուղի շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանն ասաց. «Վեդի քաղաքի ջրամատակարարման գրաֆիկը հայտարարվել է 2017թ-ի աշնանը, հրապարակվել է բոլոր լրատվամիջոցների միջոցով, ովքեր հարկ են համարել տպել: Այն կա նաև «Վեոլիա ջուր» ընկերության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքերում, որտեղ նշված է ջրամատակարարման գրաֆիկի նվազագույն շեմը: Ինչ վերաբերում է ջրամատակարարման անկայունությանը, ապա ցանցում տասնյակ տարիներ կատարվել են անկանոն ներդրումներ, ծախսվել է մոտավորապես 200 միլիոն դոլլար գումար,  սակայն այդպես էլ չի լուծվել ջրամատակարարման հարցը: Ջրամատակարարման հանակարգում մենք դեռևս ունենք ջրի բաշխման խնդիրներ: Եվ այո, արդարացի եք, որ ջրամատակարաումն անկանոն է, բայց հայտարարված նվազագույն գրաֆիկը մենք պահպանում ենք: «Վեոլիա ջուրը» 120 միլիոն դրամ է ներդրել և օրվա կարգավորիչ ջրամբար է կառուցում Վեդիում՝ ջրամատակարարումը բարելավելու համար: Ջրամբարի կառուցումից հետո կունենանք կուտակված 2000 խմ ջուր, ինչը կհստակեցնի ջրամատակարարման գրաֆիկը: Սա այն է, ինչ որ հասցրեցինք իրականացնել 2 տարում»:

Կարապետ Օհանյանը նաև նշեց. «Ջրամատակարարման շեղումները պայմանավորված են այն գույքով, որը Հայաստանի Հանրապետության բոլոր բնակիչների սեփականությունն է, որը «Վեոլիա ջուրը» վարձակալությամբ վերցրել է և ունի պարտավորություն՝ տարեկան 2 միլիարդ[AH2] դրամի ներդրում կատարելու: Բայց պետությունը նույնպես ունի պարտավորություն` 15 տարվա առաջին 3 տարվա մեջ 200 միլիոն դոլլար ներդրում կատարելու: Ասեմ ձեզ, 2 տարի 3 ամիս է՝ մենք աշխատում ենք, մի դրամի ներդրում պետությունը դեռ չի կատարել, ես դա ասում եմ պաշտոնապես»:

Անդրադառնալով ջրամատակարարման գրաֆիկին` նա ասաց, որ ներկայումս նվազագույնը 4-ը ժամ ջրամատակարարում է նախատեսված համայնքում և հաջորդ տարի նախատեսվում է այն հասցնել 6 ժամի: «Ամեն տարի մենք պիտի շուրջ 5-6 տոկոս նվազագույն շեմը բարձրացնենք»:

Իր հերթին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրեն Վահե Բատոյանը Վեդիի բաժանորդների պայմանագրերում ջրամատակարարման ժամանակացույցի բացակայությունը բացատրեց նրանով, որ մրցույթի ժամանակ ընկերությանը ներկայացված ջրաքանակների, ջրամատակարարման գրաֆիկների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանել իրականությանը, ինչը հաստատել է նաև  անկախ տեխնիկական աուդիտորը: Ըստ Բատոյանի` անկախ աուդիտորը հայտնաբերել է 100 միլիոն խմ ջրաքանակի շեղում: «Ընդ որում, այդ 100 միլիոնի մեջ 1 խմ չկար, որ շեղում տված լիներ Երևանի մասով: Այդ 100 միլիոնի շեղումը նախկինում գործող  ջրամատակարար 5 կազմակերպությունների մոտ էր: Նույնը գրաֆիկի մասով: «Այն տարածքների համար, որտեղ մենք վստահ չէինք, որ գրված գրաֆիկը  ճիշտ է, կեղծ բան գրելը և հրապարակելը կլիներ անիմաստ բան»,- ասաց Վահե Բատոյանը:

Բաժանորդ դառնալու բարձր գնից դժգոհության առնչությամբ տեխնիկական տնօրենն ասաց, որ  գինն իրենք չեն սահմանել, այն սահմանել են ՀՀ  ֆինանսների նախարարությունը և Քաղաքաշինության կոմիտեն: 

Քննարկման մասնակիցներն առաջարկեցին ևս մեկ անգամ հանդիպում կազմարեպել` հրավիրելով  ոլորտի համար պատասխանատու բոլոր կողմերին:

Սույն նյութը պատրաստվել է «Պաշտպանիր ջրի նկատմամբ քո իրավունքը» ծրագրի շրջանակներում Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով, որի ընթացքում արտահայտված տեսակետները կամ ներկայացված նյութերի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: 

16:19 Ապրիլ 29, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news