Ինչո՞ւ է «Մխչյան Ֆիշը» դատի տվել Բնապահպանական տեսչությանը․ սեփականատերը պարզաբանում է

Ինչո՞ւ է «Մխչյան Ֆիշը» դատի տվել Բնապահպանական տեսչությանը․ սեփականատերը պարզաբանում է

news.am

«Մխչյան ֆիշը» հայց է ներկայացրել դատարան՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի դեմ՝ 27.12.2018թ. 111 ակտն ամբողջությամբ վերացնելու պահանջով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մխչյան ֆիշի» սեփականատեր Ամբիկ Գևորգյանը։

111 ակտի համաձայն՝ «Մխչյան ֆիշ» ընկերությունը 2017-18 թթ.՝ մի քանի ամիս՝ առանց ջրային թույլտվության ջուր է օգտագործել ձկնաբուծարանի համար, և այդ խախտման համար տուգանվել է մոտ 650 միլիոն դրամ։

Ամբիկ Գևորգյանի խոսքով՝ բնապահպանության և ընդերքի տեսչությունը սխալ որոշում է կայացրել․ «2017թ-ի մայիսին ավարտվել է «Մխչյան Ֆիշի» ջրային թույլտվության ժամկետը, դիմել եմ բնապահպանության նախարարությունը, որպեսզի ժամկետը երկարացնեն՝ չեն երկարացրել, անընդհատ ասում էին՝ այսօր-վաղը, նախարարը պետք է մակագրի, պիտի գան չափումներ անեն ու այդպես ձգձգվեց։ Այդ ընթացքում զանգել եմ Ջրային գործակալության պետին, բաժնի պետին, նամակ եմ գրել նախարարություն, հարցրել եմ, թե երբ կտան ջրային թույլտվություն, բայց ոչ մի պատասխան»։

Ամբիկ Գևորգյանը նաև հայտնեց, որ Բնապահպանության նախարարաությունից իրեն ասում են՝ նամակ չկա, բայց ինքն ունի իր ուղարկած նամակի պատճենը և կարող է ապացուցել, որ դիմել է, սակայն ջրային թույլտվություն չեն տվել։

«Ջրային թույլտվություն տվել են միայն 2018թ-ին, և ես այդ ընթացքում վճարել եմ օգտագործած ջրի դիմաց։ Եթե ես սխալ էի, թող գային՝ ջուրը փակեին, հիմա էլ տուգանք են նշանակել։ Բնապահպանության և ընդերքի տեսչությունը մի քանի ամսվա համար հաշվարկել է 650 միլիոն դրամ, որից ՊԵԿ–ը հաստատել է մոտ 130 միլիոն դրամը»,- ասաց նա։

Ամբիկ Գևորգյանը նշեց, որ չի պատրաստվում վճարել, քանի որ ինքը՝ մինչև նոր ջրային թույլտվություն ստանալը, այդ մի քանի ամսվա օգտագործված ջրի համար վճարել է, իսկ տեսչությունը 10-ապատիկ տուգանք է նշանակել։

Այս խնդրով հայցադիմումը դատարան է ներկայացվել մոտ 10 օր առաջ, և դեռևս դատական նիստ նշանակված չէ։

Ամբիկ Գևորգյանը նաեւ հերքեց մամուլի տեղեկությունը, թե ինքը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդն է. «Ես երբեք վարորդ չեմ եղել, կյանքիս մեջ մեքենա չեմ վարել»,- ասաց նա։

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի վարորդը Ամբիկ Գևորգյանի եղբայրն է եղել՝ Գրիգոր Գևորգյանը՝ ավելի հայտնի Գոքոր անունով։

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Հովիկ Աբրահամյանի վարորդին պատկանող «Մխչյան ֆիշ» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի դեմ՝ 27.12.2018թ. 111 ակտն ամբողջությամբ վերացնելու պահանջով։

17:49 Մայիս 13, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news