Ինչքանով են պահպանվում բնակիչների ջրի նկատմամբ իրավունքները Սայաթ Նովա համայնքում

Ինչքանով են պահպանվում բնակիչների ջրի նկատմամբ իրավունքները Սայաթ Նովա համայնքում

ԷկոԼուր

ԷկոԼուրը Արարարտի մարզի Սայաթ Նովա համայնքում հարցումներ է անցկացրել` պարզելու, թե ինչքանով են պահպանվում բնակիչների ջրի նկատմամբ իրավունքը:

Բնակիչների կարծիքով խախտված է Սայաթ Նովա համայնքի բնակչի կյանքի և անվտանգության համար համապատասխան որակի և քանակի խմելու ջուր ունենալու իրավունքը, տարածաշրջանին առանձնահատուկ գյուղատնտեսությամբ զբաղվելու իրավունքը, ջրային ոլորտում բնակչի տեղեկատվություն ստանալու իրավունքը։

Համայնքի տարածքում գործում է 4 ձկնաբուծարան, որոնք տարեկան ընդերքից հանում են 193,45 մլն խմ ջուր, մինչդեռ համայնքն ունի խմելու և ոռոգման ջրի խնդիր: Համայնքի հարցված բնակիչների 62,5%-ը կարծում է, որ ջրի սակավությունը և խորքային հորերի ցամաքելու պատճառը պայմանավորված է Արարատյան ավազանի ստորերկրյա ջրերի անխնա շահագործմամբ: Այսօր ջրի անհասանելիության պատճառով համայնքի 130 հա հողատարածք անջրդի է:

Հրազդան գետից մեխանիկական եղանակով ոռոգվող համայնքային հողերին հաճախ ջուր չի հասնում պոմպերի խափանման կամ հոսանքի անջատումների ժամանակ՝ պոմպերը չաշխատելու պատճառով:
Վերջին տարիներին ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ, «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) և «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրերի, և Հայ Օգնության Ֆոնդի շնորհիվ հնարավոր դարձավ Սայաթ Նովայի 60 հա հողերի ոռոգումը «Մասիս-Ձուկ» ձկնաբուծարանի հետադարձ ջրերով:

Որպես խմելու ջուր Սայաթ Նովա համայնքն օգտագործում է արտեզյան ջրերը: Խմելու ջրամատակարարման համակարգը սպասարկում է ինքը՝ համայնքը: Սայաթ Նովան չունի կոյուղու համակարգ: Համայնքի խմելու ջրի ներհամայնքային ցանցը խիստ վթարային է և ունի անհետաձգելի վերանորոգման կարիք: Կա վարակիչ հիվանդությունների տարածման վտանգ, քանի որ հնարավոր է կեղտաջրերի ներթափանցումը խմելու ջրի վթարային ցանց։ Ըստ հարցվածների մի մասի՝ իրենք չունեն խմելու համար բավարար որակի և քանակի ջուր. խմելու ջուրը ձեռք է բերել տհաճ համ, այն ամբողջովին չի ապահովում իրենց կարիքները, իսկ մի մասն էլ կարծում է, որ խմելու ջուրն ընդհանրապես բացակայում է և իրենք խմելու ջուրը բերում են Մասիս քաղաքից։

Ըստ հարցվածների՝ ոռոգման ջրի անբավարարության պատճառով իրենք չունեն հողից եկամուտներ ունենալու հնարավորություն, քանի որ չեն կարողանում բանջարանոցային կուլտուրաներ մշակել։
Անցկացված հարցումների վերլուծությունը ներկայացված է «ՊԱՇՏՊԱՆԻՐ ՋՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՈ ԻՐԱՎՈՒՆՔԸ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ «ԷԿՈԼՈՒՐ» ՀԿ-Ի ԱՆՑԿԱՑՐԱԾ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ» մեջ, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

Սույն նյութը պատրաստվել է «Պաշտպանիր ջրի նկատմամբ քո իրավունքը» ծրագրի շրջանակներում Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով, որի ընթացքում արտահայտված տեսակետները կամ ներկայացված նյութերի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

12:58 Հունիս 27, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news