Անվճարունակ մարդկանց համար ջրի հատուկ սոցիալական սակագին պետք է սահմանել

Անվճարունակ մարդկանց համար ջրի հատուկ սոցիալական սակագին պետք է սահմանել

ԷկոԼուր

Այսօր Հայաստանում ջրի հասանելիության լուրջ խնդիրներ կան գյուղական համայնքներում, քանի որ անվճարունակ մարդիկ ի վիճակի չեն օգտվել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններից: Նման կարգիվաճակում հայտնված մարդիկ խոցելի խմբեր են ձևավորել բազմաթիվ համայնքներում: Այդ խնդիրը քննարկվեց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱՀՇՄ) ՀԿ–ի կողմից կազմակերպված հանդիպման ժամանակ։ Հանդիպումն իրականացվել է ՄԱԿ–ի ժողովրդավարության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Կանանց հնարավորությունների ընձեռում` Հայաստանում ջրային պաշարների կայուն կառավարման գործընթացին մասնակցության համար» ծրագրի շրջանակում։ 

Ներկայում Հայաստանում գործում է մեկ միասնական սակագին, որը տարածվում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ի սպասարկման տարածքում ընդգրկված բնակավայրերի բոլոր սպառողների վրա։ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ Էմմա Անախասյանի խոսքով՝ անհրաժեշտ է ներդնել սոցիալական սակագին հասկացությունը։ Մասնավորապես՝ ՀՀ ջրային օրենսգրքում ներառել խոցելի և մեկուսացված խմբերի սահմանումը և այդ խմբերի համար խմելու ջրամատակարարման հավասար հասանելիություն ապահովել:

«Ջրի մատչելիությունը ենթադրում է սակագների այնպիսի սահմանում, ինչը հնարավորություն կտա մարդուն առանց իրեն խիստ անհրաժեշտ, օրինակ, սննդի, հագուստի և այլ ծախսերի կրճատման, նաև ծառայությունների դիմաց վճարում իրականացնել...Հիմա ունենք մեկ օպերատոր՝ «Վեոլիա Ջուրը», իսկ համայնքներում սակագները որոշվում են համայնքապետերի կողմից: Կարող է լինել 0 սակագին, կամ, օրինակ, 150 դրամ մեկ շնչի համար մեկ ամսվա ընթացքում...»,- ասաց Էմմա Անախասյանը։

Ջրային կոմիտեի ներկայացուցիչ Արմինե Առուշանյանը նշեց․ «Ջուր և առողջություն արձանագրության հիմնական նպատակներից մեկն անվտանգ խմելու ջրի հասանելիությունն է յուրաքանչյուրի համար՝ ներառելով խոցելի և մեկուսացված խմբերը։ Չնայած նրան, որ Հայաստանի կողմից այդ արձանագրությունը չի վավերացվել, այնուամենայնիվ, աշխատանքներ են իրականացվել։ ՀԿՀԱՀՇՄ ՀԿ-ի կողմից ընտրվել են թիրախներ, որոնք սահմանված են արձանագրության մեջ և վերաբերում են թե՛ խմելու ջրի մատակարարմանը, թե՛ կեղտաջրերի հեռացմանը, թե՛ ջրային ռեսուրսներին ու էկոհամակարգերին»։

ՀԿՀԱՀՇՄ ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը նշեց․ «Ես հույս ունեմ, որ այս քննարկման արդյունքում մենք կկարողանանք օգնել գյուղական համայնքներին, որոնք գտնվում են ծայրահեղ վիճակում»։

Հանդիպմանը մասնակցում էին պետական գերատեսչությունների՝ ՀՀ ջրային կոմիտեի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, հասարակական կազմակերպությունների և ծրագրում ընդգրկված համայնքների ներկայացուցիչներ։

15:21 Փետրվար 06, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news