Մեծավանի ջրամբարը դատարկվել է անվտանգության նկատառումներով. արձանագրվել է վթարային իրավիճակ

Մեծավանի ջրամբարը դատարկվել է անվտանգության նկատառումներով. արձանագրվել է վթարային իրավիճակ

ԷկոԼուր

Մեծավանի ջրամբարի կոնստրուկցիաների քայքայման պատճառով արձանագրվել է վթարային իրավիճակ, և ջրամբարը դատարկվել է անվտանգության նկատառումներով: Այս մասին հայտնում է Ջրային կոմիտեն՝ արձագանքելով ջրամբարի չորացման պատճառով ձկների զանգվածային անկման վերաբերյալ ահազանգին:

Ջրային կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշված է.

«Մեծավանի ջրամբարը կառուցվել է 1989թ. Լոռու մարզի Մեծավան գյուղից 2 կմ հեռավորության վրա: Ջրամբարը ոռոգման նշանակության է, մեռյալ ծավալ չունի։ Ըստ այդմ, շահագործման ռեժիմներով պայմանավորված և անվտանգության նկատառումներից ելնելով՝ ցանկացած պահի ջրամբարը կարող է դատարկվել: Այնտեղ, բնականաբար, ձկնաբուծություն չի նախատեսվել և ջրամբարում ձկների հայտնվելու վերաբերյալ որևէ տեղեկության Ջրային կոմիտեն չի տիրապետում:

Ջրամբարը դատարկվել է վերջերս՝ անվտանգության նկատառումներով։ Դեռևս 2017թ․, կոնստրուկցիաների քայքայման պատճառով վթարային իրավիճակ է արձանագրվել․ պատվարի ձախ կողեզրին կառուցված աղետային ջրհեռի խրամուղային ջրընդունիչի աջ կողմի բետոնյա պատի վերին եզրի՝ մոտ 40 սմ բարձրությամբ և 17 մ երկարությամբ հատվածը փլվել, պոկվել է հիմնական պատից: Խրամուղու կոնստրուկցիան քայքայված է, ինչի հետևանքով հորիզոնական շինարարական կարերի միջով ջուրը ներթափանցում է պատերի բետոնի շերտերը, իսկ հավաքովի երեսպատման սալիկները հեռանում են հիմնական բետոնից:

Ստեղծված իրավիճակի շուրջ մտահոգություն էին հայտնել Լոռու մարզպետը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, որոնք գրություններով դիմել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Մեծավանի ջրամբարի պատվարի վերականգնման աշխատանքների ուսումնասիրության և դրանց հրատապության գնահատման հարցը քննարկվել է Ջրային կոմիտեում տեղի ունեցած՝ Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի նիստում:

ՏԿԵՆ հանձնարարականների համաձայն, ջրամբարի հիդրոտեխնիկական կառուցվածքների տեխնիկական վիճակի զննման, նախնական ուսումնասիրությունների, ստեղծված իրավիճակի գնահատման ընթացքի և արդյունքների վերաբերյալ Ջրային կոմիտեն պարբերաբար տեղեկատվություն է ներկայացրել:

Մեծավանի ջրամբարի հիմնանորոգման նպատակահարմարության հարցը 2019թ․ հունիսի 19-ին քննարկվել է ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակում՝ ՀՀ արտակարգ իրավիճակների, էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների, ՀՀ ոստիկանության և Ջրային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումների և կատարված ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ է դարձել, որ անհրաժեշտ է կատարել ջրամբարի ՀՏԿ-ների վերանորոգման աշխատանքներ, քանի որ այդ վիճակում ջրամբարի շահագործումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ:

«Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ տրամադրած տեղեկատվության համաձայն, ջրամբարի վերականգնողական շինարարական աշխատանքների նախնական արժեքը գնահատվել է մոտ 120մլն դրամ: Մեծավանի ջրամբարի ՀՏԿ-ների վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով Ջրային կոմիտեում ՀՀ կառավարության որոշման նախագիծ է մշակել, քննարկումները շարունակվում են»:

12:41 Փետրվար 28, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news