

ԷկոԼուր
Զարգացման ի՞նչ միտումներ ունի վերականգնվող էներգետիկայի ոլորտը Հարավային Կովկասում, ի՞նչ խնդիրներ կան և ի՞նչ մարտահրավերներ պետք է հաղթահարել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար: Այս և այլ հարցեր քննարկվեցին ս. թ. փետրվարի 25-26-ը Թբիլիսիում տեղի ունեցած «Շրջակա միջավայրը, կլիման և կայուն էներգետիկան Հարավային Կովկասում» աշխատաժողովի շրջանակներում: Աշխատաժողովի մասնակից Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, լրագրողների համար էներգետիկայի ոլորտի միջազգային և տեղական մակարդակում տեղի ունեցող զարգացումների զեկուցումներով հանդես եկան CEE Bankwatch միջազգային ցանցի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնագետներն ու փորձագետները:
«Վերականգնվող էներգետիկան Հարավային Կովկասում, խնդիրներ, մարտահրավերներ և հեռանկարներ» պանելի ընթացքում «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման միտումները, խնդիրները:
Մասնավորապես ներկայացվեց, որ Հայաստանում գործում է 375 Մվտ ընդհանուր հզորությամբ 189 փոքր ՀԷԿ, կառուցման փուլում է գտնվում ընդհանուր 58 Մվտ հզորությամբ 26 փոքր ՀԷԿ: Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ Հայաստանի հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգի համաձայն մինչև 2036 թ-ը փոքր ՀԷԿ-երի ընդհանուր հզորությունը պետք է կազմի 400 ՄՎտ: Արդեն իսկ կառուցվող ՓՀԷԿ-երի շնորհիվ այդ սահմանագիծը կգերազանցվի: Նա նշեց նաև 26,4 ՄՎտ հզորությամբ «ՁորաՀԷԿ» ՀԷԿ-ի մասին, որը ՀՀ կառավարության 2011թ-ի սեպտեմբերի 8-ի 1300-Ա որոշման համաձայն ՓՀԷԿ-երի հզորության շեմը բարձրացվել է մինչև 30 ՄՎտ, ինչի շնորհիվ «ՁորաՀԷԿ» ՀԷԿ-ը ընդգրկվել է փոքր ՀԷԿ-երի շարքում՝ օգտվելով ՓՀԷԿ-երի համար նախատեսված արտոնություններից:
Անդրադառնալով մեծ հիդրոէլեկտրակայաններին՝ բանախոսն ասաց, որ Հայաստանում գործում են Սևան-Հրազդան հիդրոկասկադը 560 ՄՎտ, Որոտան հիդրոկասկադը՝ 404 ՄՎտ ընդհանուր հզորություններով: Նախատեսվում է Դեբեդ գետի վրա կառուցել 76 ՄՎտ հզորությամբ «Շնող» ՀԷԿ-ը, Արաքս գետի վրա 100 ՄՎտ հզորությամբ «Մեղրի» ՀԷԿ-ը և Ձորագետի վրա 66 ՄՎտ հզորությամբ «Լոռիբերդ» ՀԷԿ-ը: «Շնող» և «Մեղրի» ՀԷԿ-երի կառուցման ծրագրերը առայժմ սառեցված են: Իսկ «Լոռիբերդ» ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ ներկայումս Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվում է «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ին ջրօգտագործման թույլտվության հայտը, որով նախատեսում է Ձորագետի վրա կառուցել «Լոռիբերդ» համակարգը՝ կազմված 2 փոքր ՀԷԿ-երի կասկադից, որոնց ընդհանուր հզորությունը կազմելու է 38 ՄՎտ: Այս ՓՀԷԿ-երի կառուցմամբ գետի ծանրաբեռնվածությունը ՓՀԷԿ-երով կհասնի 50 տոկոսի, մինչդեռ ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածով արգելվում է ՓՀԷԿ-ի կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվություն տրամադրել այն գետերի դեպքում, որոնց ծանրաբեռնվածությունը 40% և ավելի:
Ներկայացվեց Հայաստանում փոքր ՀԷԿ-երի ոլորտի բարեփոխումներին ուղղված ՀՀ օրենսդրության և ենթաօրենսդրական ակտերում կատարված վերջին տարիների փոփոխությունները: Չնայած օրենսդրական բարեփոխումներին՝ դեռևս լուծված չեն հիդրոէներգետիկայի ոլորտի մի շարք բնապահպանական խնդիրներ.
-
0-1 ՄՎտ հզորությամբ ՓՀԷԿ-երի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն օրենսդրական պահանջի բացակայությունը
-
ՓՀԷԿ-երի ոչ թափանցիկ աշխատանքը և նրանց նկատմամբ վերահսկողության մեխանիզմների անբավարար մակարդակը
-
Օրենսդրությամբ ՓՀԷԿ-երի հզորության շեմի արհեստական բարձրացումը մինչև 30 ՄՎտ
-
Անհրաժեշտ ծավալի ջրառի հիմք դրվող սխալ հիդրոտեխնիկական հաշվարկները
-
Բնապահպանական թողքի չպահպանելը և դրա չափաքանակի նկատմամբ բավարար հսկողության պրակտիկան
-
Ձկնանցարանների և ձկնապաշտպան կառույցների ֆունկցիոնալ անհամապատասխանության առկայությունը
-
Գետային կենսաբազմազանության շարունակական նվազումը
-
ՓՀԷԿ-երի սարքավորումների ցածր արտադրողականությունը
-
Ժամանակակից սարքավորումների տեղադրման համար օրենսդրական պահանջի բացակայությունը
-
Ջրհոսքերի ձևավորման գոտիներում ՓՀԷԿ-երի կառուցման պրակտիկան
Արևային էներգետիկայի ոլորտի զարգացումների և հեռանկարների վերաբերյալ նշվեց, որ Հայաստանը ակտիվորեն սկսել է օգտագործել արևի էներգիայի ներուժը, ինչի արդյունքում «Էներգաարդյունավետ» վարկային ծրագրի շրջանակներում 2019թ. մայիսի դրությամբ տեղադրվել են թվով 2685 արևային ջրատաքացուցիչ և 101 արևային ֆոտովոլտային համակարգեր:
12 ընկերություն արդեն իսկ ստացել է ընդհանուր 10 Մվտ հզորությամբ արևային կայանների կառուցման լիցենզիա, որից 10-ն արդեն շահագործման է հանձնվել, 2-ը` կառուցման փուլում է, իսկ 27 ընկերություն էլ 5 ՄՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայանների կառուցման և շահագործման լիցենզիա է ստացել, որից 10-ն արդեն շահագործվում են:
Հայաստանում ներկայումս գործում է 1640 արևային ինքնավար էներգաարտադրող՝ ընդհանուր 25,9 ՄՎտ հզորությամբ: Բացի այդ, Հայաստանում Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում կառուցվում է արդյունաբերական մասշտաբի 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայանը: Նախատեսվում է ևս 5 նմանատիպ կայանների կառուցում և շահագործում: Նշվեց, որ Հայաստանը նախանշել է մինչև 2026թ․ էլեկտրաարտադրության մեջ արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը հասցնել 10%-ի։
Արևային էներգետիկայի զարգացման արդյունքում առաջացող խնդիրներից նշվեց գյուղատնտեսական հողերի օգտագործումը, թափոնների առաջացումը և դրանց չեզոքացման մեխանիզմների անբավարարությունը:
Իր հերթին աշխատաժողովի բանախոսներից Վրաստանում արևային վահանակների արտադրությամբ զբաղվող «Հելիո Էներջի Ջեորջիա» ընկերության ներկայացուցիչ Թոռնիկե Դարժանիան նշեց, որ Հայաստանը արևային էներգետիկայի զարգացման տեմպերով առաջատարն է տարածաշրջանում:
Հայաստանում գործում է 3 հողմային էլեկտրակայան ընդհանուր 4.14 ՄՎտ հզորությամբ:
Վերականգնվող էներգետիկան Վրաստանում
Վրաստանում վերականգնվող էներգետիկայի բնագավառում առաջնային տեղ է զբաղեցնում հիդրոէներգետիկան: Ըստ Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման ազգային կարգավորման hանձնաժողովի էլեկտրաէներգիայի բաժանմունքի փոխտնօրեն Զվիադ Գաչեչլադձեի` հանրապետությանում էլէկետրաէներգիան գեներացվում է ընդհանուր 4336 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայաններում: Գործող հզորություններից հիդրոէներգետիկան կազմում է 3160 ՄՎտ, 1155 ՄՎտ հզորություն ունեն ջերմային էլեկտրակայանները, 20,7 ՄՎտ-ը քամու էներգիայով աշխատող կայանները, իսկ 2 ՄՎտ-ը` արևային կայանները:
Ըստ Գաչեչլադձեի՝ Վրաստանի հիդրոպոտենցիալը կազմում է 15 000 ՄՎտ, քամու պոտենցիալը կազմում է 1450 ՄՎտ, իսկ արևային էներգիայի պոտենցիալը` 520+1033 ՄՎտ: Գաչեչլադձեն նշեց, որ Վրաստանը նախանշել է քամու, արևի և հիդրոէներգետիկայի կիրառմամբ 41 նոր ծրագրի իրականացում` ընդհանուր 1641 ՄՎտ հզորությամբ:
Ներկայում Վրաստանում գործում է թվով 68 փոքր, մեծ ու միջին՝ 26 ՀԷԿ:
Միայն 2019 թ. Վրաստանում շահագործման են հանձնվել 11 նոր փոքր ու միջին հիդրոէլեկտրակայաններ: Հետագայում նախատեսվում է նոր ՀԷԿ-երի կառուցում:
Վրաստանն ունի քամու էներգիան զարգացնելու մեծ պոտենցիալ: Գորիում գործում է Վրաստանի դեռևս միակ՝ 20 ՄՎտ հզորությամբ «Քարթլի» հողմային էլեկտրակայանը:
Արևային էներգայի կիրառությունը Վրաստանում դեռևս ցածր մակարդակի վրա է գտնվում: Երկրում այսօր գործում է 101 արևային ինքնավար կայան: Ներկայում արևային էներգիայի ոլորտը Վրաստանում ինքնուրույն զարգացման փուլում է գտնվում: Այն գտնվում է մասնավոր սեկտորի` բիզնես-միջավայրում արևային էներգետիկայի ոլորտով հետաքրքրվող կազմակերպությունների ուշադրության ներքո միայն:
Վերականգնվող էներգետիկան Ադրբեջանում
Ադրբեջանում էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր հզորությունը կազմում է 7556 ՄՎտ, որից վերականգնվող էներգետիկայի մասնաբաժինը կազմում է 1273 ՄՎտ:
Մարտ 06, 2020 at 16:44