ԷկոԼուր
Կառավարությունը, չհասցնելով իրադարձությունների հետևից, ուշանում է իր սահմանումների և հիմնավորումների հարցում՝ կապված Օհանավանում և Կարբիում իբր «օրինական» շինարարության հետ: Խոսքը Արագածոտնի մարզում այդ երկու գյուղերի կողքին կառուցվող «Շամիրամ-1» փոքր ՀԷԿ-ի մասին է: Եվ նույնիսկ ոչ թե մեկ փոքր ՀԷԿ-ի մասին, այլ փոքր ՀԷԿ-երի մի ամբողջ կասկադի, որոնց խողովակների երկարությունը կկազմի 6 կմ և կձգվի գրեթե մինչև Արզնի-Շամիրամ ջրանցք: Հիշեցնենք, որ արդեն մոտ մեկ ամիս Կարբի և Օհանավան գյուղերի բնակիչները պայքար են մղում ՓՀԷԿ-ի շինարարության դեմ՝ մտահոգվելով, որ խողովակների մեջ կվերցվի ջուրը, որոնցով իրենք ոռոգում են իրենց այգիները, որոնք ֆերմերների գոյատևման միակ աղբյուրն են:
Փաստն այն է, որ շինարարությունն անօրինական կերպով է սկսված: «ԳԱՀԱ Էներջի» ընկերությունը չունի փոքր ՀԷԿ-ի կառուցումը թույլատրող փաստաթղթեր, ինչպես օրինակ, հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովի կողմից տրամադրվող լիցենզիա՝ ՓՀԷԿ-ի տեխնիկական պարամետրերով, կամ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննության եզրակացությունը: Այն փաստաթղթերը, որոնց վրա հղում է անում ընկերությունը, ունեն զրոյական արժեք: Շինարարության համար թույլատվությունը տրված է Օհանավանի համայնքապետի կողմից: Բայց այդ դեպքում «Սևան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովհաննիսյանի պնդումը, որ չկա ոչ մի նոր շինարարություն, այլ կա միայն ջրատարի վերանորոգում, իմաստ չունի:
Կա բնապահպանության նախարարության կողմից տրված ջրօգտագործման թույլտվություն: Բայց ոչ ոք ցույց չի տալիս այդ թույլտվությունը, քանի որ նրա մեջ պետք է նշված լինի նպատակը՝ ինչ կարիքների համար են ջուր խնդրում: Եվ եթե թույլտվության մեջ նշված է «էներգետիկ կարիքների համար», ապա ոռոգման համակարգի վերանորոգման վերաբերյալ հայտարարությունը սուտ է: Եթե փաստաթղթում ոչինչ նշված չէ, ապա այն անվավեր է:
Փաստն այն է, որ մինչև շինարարությունը ջուրը լցվում էր Արզնի-Շամիրամ ջրանցք մեկ արագահոսի միջոցով, որը գալիս էր Ապարանի ջրամբարից: Իսկ շինարարությունից հետո կլինի ջրի բաժանում. խողովակների միջոցով` ՓՀԷԿ-ի համար, իսկ հին արագահոսի միջոցով՝ բնակիչների: Եվ մեծ հարց է, թե ում օգտին կորոշվի ջրային շահերի այդ բախումը: Առավել ևս, որ նոր խողովակաշարը պետք է անցնի հողի տակով, որտեղ ոչ ոք չի կարող մտնել, որպեսզի պարզի, թե ինչքան ջուր է վերցնում ՓՀԷԿ-ը:
Այս առումով Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովի նախագահ Արտաշես Բախշյանի հայտարարությունը, որ հանձնաժողովը չի դիտարկում ՓՀԷԿ-ի հարցը, այլ միայն ուսումնասիրում է բնակիչների խնդիրները, իրավաչափ չէ: Խնդիրը մեկն է, որտեղ կա շահերի բախում 7 գուղերի բնակիչների և «ԳԱՀԱ Էներջի» ընկերության միջև:
Կարծում եմ, որ նախ և առաջ հարկավոր է հարցն ուղղել դեպի օրինական դաշտ՝ բնակիչների կարծիքը հաշվի առնելով: Նաև անհրաժեշտ եմ համարում պատասխանատվության կանչել բոլոր նրանց, ովքեր թույլ են տվել անօրինական շինարարությունը, այդ թվում` «ԳԱՀԱ Էներջի» ընկերության ղեկավարությանը և «Սևան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ-ի տնօրենին, ով թույլ է տվել ապօրինի շինարարություն պետական հատուկ պահպանվող օբյեկտ հանդիսացող ջրատարի վրա:
Ինգա Զարաֆյան` Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամ:
Մարտ 21, 2014 at 15:31