Արտաշարի համայնքապետ՝ Սեւանի ջուրը գյուղին չի հասել, այն օգտագործել են ՀԱԷԿ-ի ռեակտորը հովացնելու համար

Արտաշարի համայնքապետ՝ Սեւանի ջուրը գյուղին չի հասել, այն օգտագործել են ՀԱԷԿ-ի ռեակտորը հովացնելու համար

ԷկոԼուր

Արմավիրի մարզի Արտաշար գյուղը ջրի խնդիր ունի։ Գյուղացիների միակ հույսը Սևանի ջուրն է, սակայն դա էլ իրենց չի հասնում: «Սևանի ջուրը մեզ պետք է: Մինչև այսօր Սևանի ջուրը այս տարածքում օգտագործվել է Մեծամորի ատոմակայանի ռեկատորը հովացնելու համար, մենք այդ ջրից մինչև այսօր չենք օգտվել: Այսօր կառավարությունը ծրագիր է մշակել ավելի շատ ջուր բաց թողնել, եթե, իհարկե, բաց թողնեն և նպատակին ծառայի, մեզ կհասնի այդ ջուրը: Իսկ եթե չհասնի, հողագործական մի գյուղ Հայաստանից կարտագաղթի»,- ասաց Արտաշարի համայնքապետ Մանվել Օհանյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային Ժողովի հաստատմանն է ներկայացված «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունմամբ 5 տարի ժամկետով Սեւանից ջրառի չափաքանակը 170 միլիոն խմ-ից կհասնի մինչեւ 240 միլիոն խմ-ի Արարատյան դաշտի 8000-ից ավելի հեկտար հողերի ոռոգման համար։

Արտաշար համայնքում բնակիչների 80 տոկոսը զբաղվում է հողագործությամբ, որը նրանց միակ եկամուտի աղբյուրն է: Համայնքի հողատարածքները ոռոգվում են Սևջուր գետի ջրերով, սակայն, բնակիչների խոսքով, գետը ցամաքել է, և արդեն 6-7 տարի իրենք ունեն ջրի լուրջ խնդիր: Արտաշարում բացի ջրի խնդրից կա նաեւ հողի աղակալման խնդիր, Էկոլուրի ֆոտոխցիկը ֆիքսեց, թե ինչպես էին աղակալվել անգամ համայնքապետարանի պատերը, սակայն բնակիչներն ասում են, որ մերված են իրենց հողի հետ և չեն ցանկանում այլ համայնքերի նման արտագաղթել, սակայն ինչպե°ս գոյատևել առանց ջրի, նրանք չեն պատկերացնում:
«Թող ամբողջ Հայաստանն էլ իմանա, Սերժ Սարգսյանն էլ իմանա, եթե Արտաշարում սկսվի արտագաղթ, Հայաստանում մարդ չի մնա»,- ասում էին բնակիչները: Արտաշարում արտագաղթն արդեն սկսվել է: Արտաշարցիների խոսքերով՝ 30 ընտանիք վերջին մի քանի տարվա ընթացքում անվերադարձ լքել է երկիրը: Պատճառը մեկն է...ջուր չկա, բերք չկա, հաց չկա: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Արտաշար բնակչության թիվը 966-ն է։

«Գյուղացին երբեք այսքան չի տանջվել, ինչպես այսօր, որ կարողանա ապահովել իր հանապազօրյա հացը,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Արտաշարի համայնքապետ Մանվել Օհանյանը,- Մարդիկ տանջվում են, բերք են տնկում, գալիս, հասնում է ամառվա պիկ սեզոնը, կանգնում, ասում են՝ ջուր չկա: Կոպիտ ասած, ասում են՝ գնա, էդ տնկածդ բերքը քաշի, թափի մի կողմ: Եթե չեն կարող ջուր տալ, թող մարդուն ասեն, բերք մի ցանի, հողագործությամբ մի զբաղվի, որ հետո մարդիկ չկանգնեն և լաց լինեն իրենց բույսի վրա»:
Արտաշար համայնքին սպասարկում է «Սևջուր-Ախթամար» ՋՕԸ-ն: ՋՕԸ-ի ներկայացուցիչը նույնպես հաստատեց, որ ամռան ամիսներին ջուրն, իրոք, պակասում է, և իրենք ժողովրդին ապահովում են խորքային հորերի ջրով: Սակայն դա բավարար չէ:

Արտաշարի բնակիչների կարծիքով՝ իրենց համայնքում և ամբողջ մարզում ջրի խնդրի պատճառը Մասիսի ձկնաբուծարաններն են: «Գնացեք, տեսեք՝ Մասիսում ինչ մեծ ծավալի հորեր են խփել, մեկ հորը հավասար է մեր գյուղի 7 հորերին...բա էլ մեզ ջուր կմնա՞,- ասում էին բնակիչները, - 1 խ/մ ջուրն արժի 11 դրամ, ոսկու արժեք ունի...այդ ջուրը չի կառավարվում և գյուղացուն չի հասնում...մենք չենք ուզում Սևանը դատարկվի, բայց չենք էլ ուզում Հայաստանը դատարկվի»,- ասում էին բնակիչները:

Գյուղապետի և բնակիչների կարծիքով՝ այս խնդիրը չէր լինի, եթե Հայաստանում կառուցված լինեին ջրամբարներ:

15:13 Ապրիլ 08, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news