Բնապահպանը կոչ է անում կառավարությանը Արմաշի լճերի տարածքը ճանաչել որպես բնության հատուկ պահպանվող տարածք

Բնապահպանը կոչ է անում կառավարությանը Արմաշի լճերի տարածքը ճանաչել որպես բնության հատուկ պահպանվող տարածք

ԷկոԼուր

ՀՀ Արարատի մարզում գտնվող Արմաշի արհեստական լճերը սակավաջրության արդյունքում սկսել են չորանալ, և Արմաշում վերանում են ջրաճահճային թռչնատեսակները, որոնցից շատերը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում: Արմաշում սակավաջրության և տեղի յուրահատուկ թռչնաֆաունայի պահպանման խնդիրների վերաբերյալ այսօր ԷկոԼուր մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ խոսեցին «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի ավագ գիտաշխատող Կարեն Աղաբաբյանը:

«Խնդիրը սկսվեց այն ժամանակ, երբ Գիլի լիճը Սովետական Միության օրոք չորացվեց, և այն ամբողջ ջրաճահճային թռչնատեսակները, որոնք բնակվում էին Գիլի լճում, ամբողջությամբ տեղափոխվեցին Արմաշի արհեստական լճեր», - ասաց Սիլվա Ադամյանը՝ նշելով, որ Արմաշում կան ջրաճահճային թռչունների բազմաթիվ տեսակներ, որոնք այդտեղ ստեղծել են գաղութներ: Թռչուններին ուսումնասիրելու նպատակով Արմաշի լճերի տարածք են գալիս մասնագետներ  աշխարհի տարբեր ծայրերից, անցկացվում են թռչնադիտարկումներ: Բնապահպանի խոսքով՝ սա Հայաստանում միակ տարածքն է, որտեղ կան նման քանակությամբ ջրաճահճային թռչուններ:

«Մի քանի տարի առաջ մենք հանդիպեցինք լճերի սեփականատերերի հետ, փորձեցինք հասկանալ՝ ինչ տենդենց է սպասվում լճերին: Նրանք մեզ ասացին, որ արդեն կան խնդիրներ՝ կապված ջրային ռեսուրսների հետ և կան նկատառումներ հետագայում լճերի քանակը պակասեցնելու և ցանկատարածություններ սարքելու», - ասաց Սիլվա Ադամյանը:

Նա նշեց, որ 2012 թ-ի վերջի տվյալների համաձայն, Արմաշում առկա են 18 մեծ լիճ և 5 փոքր լիճ: Սակայն 2012 թ-ից իրավիճակը բավակին փոխվել է:

«10 օր առաջ մենք գնացինք և նկատեցինք, որ լճերը կրճատվել են: Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան մենք պատկերացնում էինք: Այդ տարածքները չորացվում են, այնտեղ աճեցվում են գյուղատնտեսական մթերքներ, լճերի տերերն էլ ասում են, որ իրենց դա ձեռք է տալիս: Ելնելով ջրային խնդիրներից՝ իրենց ձեռք չի տալիս պահել այդ լճերը», - պատմեց Սիլվա Ադամյանը:

Բնապահպանն ահազանգեց, որ այդ տարածքները չորացնելու արդյունքում կառաջանան բնապահպանական լուրջ խնդիրներ: Այս մասին նա տարիներ շարունակ ահազանգել է և բնապահպանության նախարարություն, և միջազգային կազմակերպություններ:

«Մենք մի քանի անգամ դիմել ենք, որպեսզի որևէ դոնոր, որևէ կազմակերպություն գնի գոնե մեկ լիճ, որը կկարողանա դառնալ հատուկ պահպանվող տարածք, և այնտեղ կկարողանա կառավարել իրավիճակը և պահպանել այդ թռչնատեսակները», - ասաց Սիլվա Ադամյանը:

Վերջինիս կարծիքով՝ սպասելու ժամանակ այլևս չկա և հարկավոր է հարցին հրատապ լուծում տալ: Լուծումը, կարող է լինել այն, որ կառավարությունը որոշում ընդունի ճանաչել Արմաշի լճերը որպես բնության հատուկ պահպանվող տարածք:

Կարեն Աղաբաբյանն էլ  իր խոսքում նշեց, որ առաջին հերթին պետք է հասկանալ՝ ինչումն է խնդիրը, և եթե խնդիր ջրային ռեսուրսներն են, ապա պետք է հասկանալ՝ երբ է առաջացել այդ խնդիրը:

«Եթե մենք խոսում ենք արտեզյան ջրերի կրճատման մասին, ապա դրանք կրճատվում են աստիճանաբար: Այն պայմաններում, երբ չկա մոնիտորինգ, կամ մոնիտորինգային գործունեությունը սակավ է, լինում է այնպես, որ խնդիրը ընթացքում չի նկատվում, և վերջում, երբ այն սրանում է, սկսում են հրատապ լուծումներ փնտրել», - ասաց Կարեն Աղաբաբյանը՝ նշելով, որ մոնիտորինգը պետք է լինի ոչ  միայն ջրային  ռեսուրսների վերաբերյալ, այլ նաև կենսաբազմազանության, քանի որ դրանք իրար հետ փոխկապակցված են: Նրա կարծիքով՝ դա նաև թույլ կտա մոդելավորել՝ եթե միջոցառումներ կիրառվեն ջրային ռեսուրսների վերաբերյալ, ինչ ազդեցություն դա կունենա կենսաբազմազանության վրա և այլն:

Նրա խոսքով՝ հարցը լուծումների առկայությունը կամ բացակայությունը չէ, այլ այն, թե ինչպես այս կամ այն լուծման եղանակի կիրառումը կազդի մի կողմից տնտեսության, մյուս կողմից կենսաբազմազանության վրա: Նա նշեց, որ հարցը պահանջում է կոմպլեքսային մոտեցում ինչպես կառավարության, այդպես էլ մասնավոր և հասարակական սեկտորի կողմից:



19:03 Հոկտեմբեր 10, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news