ԷկոԼուր
Գառնիի բնակիչները և հասարակության ներկայացուցիչները չհամաձայնվեցին Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի վերբերյալ Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից բերված փաստարկների հետ: Մարտի 11-ին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ Գառնի համայնքի և հասարակության ներկայացուցիչները հանդիպեցին ՀԲ-ի փորձագետների և «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկից Քաղցրաշենի ծրագրի ղեկավարների հետ:
Հանդիպման առիթը ՀԲ-ին ուղղված նամակն է Քաղցրաշենի ծրագրի չաշխատող լինելու մասին, տնտեսական, էկոլոգիական և սոցիալական ասպեկտներում Քաղցրաշենի ծրագրի ռիսկերի եւ ծրագրի վերաբերյալ անցկացվող հանրային քննարկումների ժամանակ խախտումների մասին:
Հիշեցնենք, որ Քաղցրաշենի ծրագրի նպատակն է՝ ապահովել Արարատի մարզի 12 համայնքների ոռոգումը, որի համար ջուր պետք է վերցվի Գառնի և Կոտայքի մարզի այլ համայնքներով հոսող Ազատ գետից, որը նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ջրային սահմանն է:
Գառնի համայնքի բնակիչների, բնապահպանների, ակտիվիստների և շատ անկախ փորձագետների պնդմամբ գետում չկա բավարար քանակությամբ ջուր Գառնի համայնքի և հարակից գյուղերի գյուղատնտեսական հողերի ոռոգման համար ջրային ռեսուրսների վատ կառավարման, չափից ավել ջրօգտագործման, ինչպես նաև բնական գործոնների արդյունքում: Ազատ գետում չափից ավելի ջրօգտագործման ռիսկերից մեկը ամենահայտնի և առավել այցելվող զբոսաշրջային ուղիներից մեկի՝ Գառնիի կիրճի լանդշաֆտի փոփոխությունն է, ինչպես նաև ափամերձ լանդշաֆտի խախտումը և «Խոսրովի անտառ» արգելոցի կենսաբազմազանության ոչնչացումը:
«Գառնին ուղղակի համայնք չէ, այլ զարգացած տուրիստական կենտրոն, և անտեսել սա չի կարելի», - ասաց Գառնիի բնակիչ և լրագրող Սառա Պետրոսյանը: Իսկ Գառնիի բնակիչ, ինժեներ-հիդրոլոգ Ալբերտ Հարությունյանը հարց բարձրացրեց. «Ինչպե՞ս է ծածկվելու ջրի դեֆիցիտն Ազատ գետում, եթե ամռանն այն կազմում է 600 լ/վրկ»:
Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանն անվստահություն հայտնեց նախագծի տեխնիկական հիմնավորման մեջ նշված թվերի վերաբերյալ. «Պետք է պարզապես հաշվարկել և գումարել Ազատ գետից ջրի սպառման թվերը և համեմատել տեխնիկական հիմնավորման հետ: Նախագծով էկոլոգիական թողքը պետք է կազմի 850 լ/վրկ: Եթե դրան ավելացնենք խմելու ջրի ծավալը՝ 1.56 խմ/վրկ, ևս 1 խմ/վրկ, որը սպառում է Գառնի համայնքն ամռանը, նաև գումարենք Գողթ համայնքի կողմից վերցվող 300 լ/վրկ ոռոգման ջրի քանակը, ապա կստացվի, որ եթե Արարատի մարզին ջրով ապահովելու համար մոտավորապես ևս 1 խ/մ ջուր վերցնեն, ապա բոլորը միասին կկազմի մոտ 4,71 խմ/վրկ: Որտե՞ղ եք դուք տեսել ջրի նման քանակություն Ազատ գետում հուլիս-օգոստոս ամիսներին», - ասաց Լևոն Գալստյանը և հավելեց, որ միայն սրա համար Քաղցրաշենի ծրագիրը պետք է ճանաչվի չաշխատող կամ աշխատող միայն ամենաանձրևաշատ տարիներին, այսինքն, մոտավորապես 5 տարին մեկ անգամ:
ՀԲ-ի փորձագետների դիրքորոշումը համոզիչ չէր և կայանում էր նրանում, որ հասարակության և բնակիչների կողմից ոռոգման համար առաջարկված տարբերակները կամ շատ թանկ արժեն, կամ էլ պարզապես «ֆանտաստիկ» են (առաջարկում էին օգտագործել արևային էներգիա և ջուրը պոմպով քաշել ոչ թե Ազատ գետից, այլ, օրինակ, Արաքսից): Իրականում բնապահպանական փորձաքննությանը ներկայացված Քաղցրաշենի ծրագրում այլընտրանքային տարբերակներ չեն ներառվել և չեն քննարկվել:
Նաև բարձրացվեց հարց՝ որքանով է այս ծրագիրն անհրաժեշտ Հայաստանի քաղաքացիական հասարակությանը: «Դուք մտադիր եք խլել Գառնիի 8000 բնակչի ջուրը և տրամադրել Նարեկ գյուղի 800 բնակիչներին», - հայտարարեցին Գառնիի բնակիչները:
ԷկոԼուրի կարծիքով (արտահայտել է քննարկման մասնակից, «ԷկոԼուր»-ի նախագահ Ինգա Զարաֆյանը)՝ աղքատ բնակչության վերաբերյալ փաստարկը, որը ՀԲ-ի փորձագետ Վինսթոն Յունի խոսքով պետք է լուծվի Քաղցրաշենի ծրագրի շրջանակներում, համոզիչ չէ: Այն հողերը, որոնք ենթակա են ոռոգման տվյալ ծրագրի շրջանակներում, պատկանում են ոչ թե աղքատ բնակիչների, այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Այստեղ ակնհայտ է շահերի բախում: Միայն տվյալ ծրագրից օգտվողները չէ, որ մարելու են վարկը: Այն ընկնելու է Հայաստանի ողջ բնակչության ուսերին: Այսինքն, ծրագրում պետք է հաշվի առնվի հասարակական շահը: Բացի այդ, ՀԲ-ն ունի իր ստանդարտները և ընդունած սոցիալական և էկոլոգիական քաղաքականությունը: Բայց քննարկվող ծրագրում հաշվի չեն առնված ոչ այդ ստանդարտները, ոչ էլ սոցիալական և էկոլոգիական պատասխանատվությունը: ՀԲ-ի երևանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանն առարկեց, որ ՀԲ-ն պատրաստել է Քաղցրաշենի ծրագրի սոցիալական և էկոլոգիական ազդեցության սեփական գնահատականը: Նրա խոսքով՝ ծրագրին չհամաձայնող բնակիչների կարծիքը հաշվի է առնված այդ գնահատականի մեջ:
ՀԲ-ի ներկայացուցիչները խոստացան ծանոթացնել արձանագրություններին, որոնցում արտացոլված են արտահայտված կարծիքները և գնահատականները:
Մարտ 14, 2016 at 18:38