Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագիրը երկու ճակատների է բաժանել Գառնի համայնքի բնակիչներին եւ համայնքի ղեկավարին

Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագիրը երկու ճակատների է բաժանել Գառնի համայնքի բնակիչներին եւ համայնքի ղեկավարին

ԷկոԼուր

Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագիրը երկու ճակատների է բաժանել Գառնի համայնքի բնակիչներին եւ համայնքի ղեկավարին: Ի տարբերություն գառնեցիների՝ Գառնիի համայնքապետ Աշոտ Վարդանյանը կողմ է Քաղցրաշենի ծրագրի իրականացմանը: ԷկոԼուրի հետ զրույցում Գառնիի համայնքապետն ասաց, որ ոռոգման համար Գառնին երկու գետից 100 տոկոս ջուր է վերցնում, իսկ այն հատվածից, որտեղից ջրառ պիտի կատարվի Քաղցրաշենի ծրագրի շրջանակներում, այդտեղից Գառնին չի կարող ջուր վերցնել: «Մենք չենք կարող գետը հանել Գառնի, որովհետև մեզնից չափից ավելի ցածր է: Մենք ինչ կարողացել ենք վերցնել, արդեն վերցրել ենք: Հասանք նրան, որ գոնե գետի երկու երրորդը՝ 850 լիտրը, պարտադիր մնալու է գետում»,- ասաց Գառնիի համայնքապետը եւ հավելեց, որ իր խնդրանքով ծրագրի իրականացման ընթացքում էլեկտրաշարժիչների օգնությամբ ոռոգվող  Գառնիի 120 հա հողերի համար Գեղարդի լճից ինքնահոս եղանակով ջուր կբերվի:

850 լիտրն այն բնապահպանական թողքն է, որը Քաղցրաշենի ծրագրով պետք է թողնվի Ազատ գետում: Իսկ մնացած ջուրը 820-:-1,020 մմ տրամագծով 27,685 մ երկարությամբ խողովակներով պետք է տարվի Արարատի մարզի 12 համայքների ոռոգման համար: Քաղցրաշենի ծրագրում նշված չէ, թե որքան ջուր պետք է տեղափոխվի Արարատի մարզ:

Գառնի գյուղն արդեն իսկ ջրի խնդիր ունի: «Թույլ չենք տալու որ այս ծրագիրն իրականացվի: Այս ծրագիրն անապատացնելու է Ազատի կիրճը, ոչնչացնելու է մեր բնաշխարհը, ազդելու է մեր սոցիալական վիճակի վրա…. Գնացեք, նայեք՝ Դարաբոյի տարածքը լրիվ չոր է, 100 հեկտար մի տեղ, 300 հեկտար մի տեղ է չորացել. ջուր չկա,  կանալի ջուրը չի հերիքում, պիտի ավելացնեն: … Եթե ջուրը տանեն, գյուղը կարող է ընդհանրապես չորանա: Իրենք որ էդքան ծախս են անում, հիմա ՀԷԿ չկա, հետո ՀԷԿ էլ կլինի վրան: … էսօր մայիսի 12-ն է, մեր գյուղում դեռ ոռոգման ջուրը միացված չէ: Այգիները ոչ մի բան չենք կարողանում անել, դրա համար մեր գյուղում բանջարաբոստանային ոչ մի բույս չկա: … Վարդավառին, որ գաք, ամբողջ ձորը լիքն են հանգստացողները, գյուղացին նստելու տեղ չի ունենում, որ ջուրը տանեն, տուրիզմն էլ կվերանա, Գառնին լռիվ կմեկուսանա»,- բողոքեցին բնակիչները:

Ազատի կիրճում ծրագրի իրականացման համար պետք է մտնեն կիրճի սեփականատերերի տարածքներ: Հողատերերից մեկը ԷկոԼուրին հայտնեց, որ մտել են իր տարածք առանց իրեն տեղեկացնելու: «Նույնիսկ չեն էլ հարցրել, կարելի է թե՝ ոչ: Ինձ հետ ոչ մի պայմանավորվածություն չունեին: Մարդկանց արհամարհելով իրենց գործն են ուզում առաջ տանել»:  Համայնքապետի խոսքով՝ սեփականատերի հետ պայմանագրեր կնքված չեն: «Կա պայմանավորվածություն, որ փողից թանկ է», - ասաց համայնքապետը:

12:13 Մայիս 17, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news