Գողթ համայնքի և Ջրային տնտեսության պետական կոմիտեի միջև ձեռք բերված «ջենտլմենական» համաձայնությունը խախտվեց (Լուսանկարներ)

Գողթ համայնքի և Ջրային տնտեսության պետական կոմիտեի միջև ձեռք բերված «ջենտլմենական» համաձայնությունը  խախտվեց (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Այն բանից հետո, երբ Համաշխարհային բանկի մշտադիտարկման խումբը դադարեցրեց իր աշխատանքը Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի շուրջ, ԷկոԼուրն ահազանգ ստացավ, որ Գողթի բնակիչները պատրաստվում են ճանապարհ փակել Գեղարդալճի ծրագրի պատճառով: ԷկոԼուրը մեկնեց Գողթ և բնակիչների հետ զրույցում պարզեց, որ օգոստոսի սկզբին Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրն իրականացնող շինարարները փորձել են Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի խողովակաշարը տեղադրել Գողթ համայնքի ջրառի կետում:

Գողթի ջրառի կետ


Նախօրոք պայմանավորվածություն էր ձեռք բերվել Գողթ համանքի և Գեղարդալճի ծրագրի իրականացնողների միջև, որ նրանք Գողթի ջրառից ջուր չեն վերցնի, այլ ջրառ կիրականացնեն ջրամբարի ավելցուկային կետից: Գալով համաձայնության` Գողթի համայնքապետ Արտավազդ Հակոբյանը և Գողթի 4 բնակիչներ, ինչպես նաև Գեղարդալճի նախագծի ճարտարապետ Վ. Սահակյանը և նախագծող Գ. Ղազարյանը ստորագրություն են դրե Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի քարտեզի վրա և կնքել այն:

Քարտեզ


Իրականում այս փաստաթուղթը իրավական որևէ կարգավիճակ չունի, և փաստորեն եղել «ջենտլմենական» համաձայնություն: Օգոստոսի սկզբին այդ համաձայնությունը խախտվեց:
Բնակիչների բարձրացրած բողոքից և Կոտայքի մարզպետին հայտնելուց հետո աշխատանքները դադարեցվել են, բնակիչները ճանապարհը չեն փակել:

«Իրենք որոշեցին Գիլանլար մոտեցնող կանալի շինարարությունը սկսել, որպեսզի նորից ջուր բերեն, լցնեն Գեղադալիճ: Երևի մտածում էին, որ դրանով կփարատեն Գողթ համայնքի բնակիչների մտահոգությունը և իրենց ծրագիրը կհասցնեն ավարտին: Դրա հետ կապված, մեր պայմանավորվածությունները խախտելով, այս տարի նորից շինարարական աշխատանքներ սկսեցին: Եթե համաձայնեցված փոփոխությունները չկատարեն և նորից փորձեն այս ծրագիրը կյանքի կոչել, ապա Գողթի ցանկացած բնակիչ կպայքարի և չի թողի այդ ջուրը տանել: Ջուրը մեր համայնքի ողնաշարն է: Այսօր մեր համայնքը , կարող եմ ասեմ, որ 100 տոկոսով զբաղվում է այգեգործությամբ, և դրա արդյունքները ակնհայտ են: Մենք լուրջ ծավալների բերք ենք ստանում և դրա վաճառքի արդյունքում մեր վիճակը, համենատած շատ համայնքների հետ, ավելի լավ է»,- էկոԼուրի հետ զրույցում ասաց Գողթի ավագանու անդամ Վահրամ Սեդրակյանը:

Գողթ համայնք


Գեղարդալճի ջրամբարը գտնվում է Կոտայքի մարզի Գեղարդ համայնքից 12 կմ արևելք` 2800 մ նիշի վրա:

Գեղարդալճի ջրամբար



Այն լցվում է Կարմիր գետից 3.6կմ երկարություն և 2 մ3/վ ելք ունեցող մոտեցնող ջրանցքի միջոցով: Ջրամբարի տարողունակություն 2.4 միլիոն մ3 է:

Կարմիր գետից մոտեցնող ջրանցք


Գիլանլար գետից մոտեցնող ջրանցք



Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգ ծրագրի շրջանակներում նախատեսվում էր 1.6 մետրով բարձրացնել ջրամբարի պատվարը` ջրամբարի ծավալը 3.4 միլիոն խմ-ի հասցնելու համար: Ըստ Վահրամ Սեդրակյանի` ջրամբարի պատվարը 1.6 մետրից պակաս է բարձրացված, և ջրամբարում հավելյալ հնարավոր է կուտակել շուրջ 500 հազար խմ ջուր, որը կբավականացնի ընդամենը 10 օր:

Պատվար

Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի իրականացմամբ նախատեսվում է շահագործումից հանել Հացավանի, Գեղադիր, Ազատի թիվ 3 և 4 պոմպակայանները՝ ոռոգելով Գեղադիր (120հա), Հացավանի (120հա), Ողջաբերդի (55հա), Ջրվեժի այգեգործական (188,28 հա), «Արգելոցապարկային համալիր» (260 հա), Գողթ (705.52հա-ից միայն 300 հա), շուրջ 1448.8 հա ընդհանուր մակերեսով հողատարածք:

Ծրագիրն իրականացնում է ՀՀ էներգետիկենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն Համաշխարհային բանկի վարկային միջոցներով:

20:26 Օգոստոս 18, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news