Մեղրեցիների բողոքի արդյունքում «Գրին Փաուեր» ՍՊԸ-ի փոխտնօրենը խոստացավ դադարեցնել «Մեղրի 2» ՓՀԷԿ-ի կառուցումը

Մեղրեցիների բողոքի արդյունքում «Գրին Փաուեր» ՍՊԸ-ի փոխտնօրենը խոստացավ դադարեցնել «Մեղրի 2» ՓՀԷԿ-ի կառուցումը

ԷկոԼուր

Մեղրի քաղաքում սրված ջրի խնդիրը մեղրեցիներին դուրս է բերել փողոց: Հունվարի 23-ին նրանք փակել են Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը` այդպիսով բողոքելով քաղաքի ներսում￿ Մեղրի գետի վրա, «Գրին Փաուեր» ընկերության կողմից «Մեղրի 2» ՓՀԷԿ-ի կառուցման դեմ: Նրանք պնդում են, որ ՓՀԷԿ-ի կառուցմամբ իրենք կզրկվեն իրենց ոռոգման ջրից: Առանց այն էլ ջուրը չի բավականացնում:

Մեղրեցիները միջպետական ճանապարհը բացել են ՓՀԷԿ-ի կառուցման պատասխանատուների հետ հանդիպելու պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո: Հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 25-ին: « Լսումները պաշտոնապես հայտարարված չէին: Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը նախաձեռնեց այդ հանդիպումը, երբ բնակիչները փակեցին ճանապարհը:
Ընկերության կողմից հանդիպմանը մասնակցեցին «Գրին Փաուեր» ընկերության փոխտնօրեն Հրաչյա Հովսեփյանը և ընկերության նախագծող-փորձագետը:

Հանդիպումը կառուցողական չէր, բնակիչներն իրենց տեսակետն էին պնդում, որ ոռոգման խնդիրներ են ունենալու: Մխիթար Զաքարյանն էլ վստահեցրեց, որ ամեն ինչ արվելու է օրենքի շրջանակում և հաշվի է առնվելու բնակչության կարծիքը:

«Գրին Փաուեր» ընկերության փոխտնօրեն Հրաչյա Հովսեփյանը հայտարարեց, որ եթե ընդհանուր հայտարարի չգան, գործընթացը կդադարեցվի: Այս պահին շինարարությունը դադարեցված է»,- ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում հայտնեց Մեղրիի համայնքապետի մամլո քարտուղար Մարյամ Ծատրյանը:

«Մենք պատրաստ ենք քաղաքապետարանի հետ ստորագրել հուշագիր, որով մենք կերաշխավորենք, որ կդադարեցվի աշխատանքը»,- քննարկման վերջում հայտարարել է «Գրին Փաուեր» ընկերության փոխտնօրեն Հրաչյա Հովսեփյանը դահլիճը լքող` քննարկումից դժգոհ մեղրեցիներին:

«Գրին Փաուր» ՍՊԸ-ն Մեղրի գետի վրա արդեն իսկ շահագործում է «Մեղրի-1» ՓՀԷԿ-ը: 2017թ-ին ընկերությունը դրական եզրակացություններ է ստացել Մեղրի գետի վրա «Մեղրի 2» ՓՀԷԿ-ի կառուցման և Տաշտուն գետի վրա «Չքնաղ» ՓՀԷԿ-ի կառուցման համար:

Հիշեցնենք, որ Մեղրի համայնքում 3.5 ՄՎտ հզորությամբ փոքր հիդրոէներգոկասկադ կառուցելու համար 2017թ-ի մայիսին ՀՀ կառավարությունը արտոնություն է տվել «Գրին Փաուր» ՍՊԸ-ին` 3 տարի ժամկետով հետաձգելով ընկերության կողմից ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը:

Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի տվյալների համաձայն` Մեղրի գետի վրա շահագործվում են «Քյու-Հաշ» ՍՊԸ-ի «Մեղրի», «ՍԱՐ-ՌՈՒԲ» ՍՊԸ-ի «Նժդեհ», «Գրին Փաուր»-ի «Մեղրի 1» ՓՀԷԿ-երը:

Ստորև ներկայացնում ենք www.meghrinews.com կայքի տեսանյութը մեղրեցիների բողոքի և «Գրին Փաուր»-ի հետ քննարկումների մասին:

Լուսանկարը`www.meghrinews.com կայքի

 



18:55 Հունվար 26, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news