Ո՞վ է պատասխանատու Արմավիրի մայր ջրանցքը կոյուղաջրերից մաքրելու համար

Ո՞վ է պատասխանատու Արմավիրի մայր ջրանցքը կոյուղաջրերից մաքրելու համար

ԷկոԼուր

Արմավիրի մարզում Բաղրամյան և Մյասնիկյան համայնքների կոյուղաջրերի՝ Արմավիրի ջրանցք լցվելու ահազանգին ի պատասխան Ջրային կոմիտեից ԷկոԼուրին հայտնեցին, որ Բաղրամյան և Մյասնիկյան համայնքները «Վեոլիա ջուր» ընկերության բաժանորդ չեն և համայնքապետարաններն՝ իրենք են զբաղվում ջրամատակարարման և ջրահեռացման հարցերով: Միևնույն ժամանակ, այս համայնքներն ունեն պայմանագիր   «Վեոլիա ջուր» ընկերության հետ, որ համաձայն վթարային իրավիճակներում պետք է դիմեն «Վեոլիա ջրին» վճարովի հիմունքներով վթարները վերացնելու համար:

Ջրային կոմիտեից նաև հայտնեցին, որ արդեն ավարտվել են Արմավիր և Մեծամոր քաղաքների համար մաքրման կայանի նախագծման աշխատանքները և մեկնարկում է կայանի շինարարությունը: Մաքրման կայանի կառուցումը կլուծի կոյուղաջրերի խնդիրը:

«Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը ԷկոԼուրի հետ զրույցում նշեց, որ ընկերությունը պատասխանատու չէ նշված համայնքներում կոյուղաջրերի հեռացման համար: «Մենք այդ համայնքներում պատասխանատու ենք ջրի համար, բայց կոյուղի այնտեղ չունենք, դրանք համայնքապետարաններն են սպասարկում: Ես չգիտեմ՝ դիմել են մեզ, չեն դիմել: Եթե դիմեն, ասեն՝ վթար է եղել, գուցե գնանք, օգնենք: Թող իրենք ասեն՝ դիմել են, չեն դիմել, հնարավոր չի, մերը լինեն, վթար լինի, չգնանք վթարը վերացնենք:

Այնտեղ կոյուղաջրերը գնալու տեղ չունեն, մաքրման կայան չկան: Կոյուղաջրերի մաքրման կայաններ Հայաստանում շատ քիչ կան, շատ բնակավայրեր կոյուղաջերի հեռացում ունեն, բայց մաքրում չունեն:

355 բնակավայր ենք սպասարկում, նաև որոշ տեղեր կոյուղի կա, որը մեզ հանձնվել է վարձակալության, բայց այս գյուղերը մեր չեն: Մենք կոյուղին հեռացնում ենք այնտեղ, որտեղ պետությունը նախատեսել է, բայց մաքրումը Հայաստանում խնդրահարույց է: Բայց դա Վեոլիայի խնդիրը չէ, դա Ջրային կոմիտեի խնդիրն է:

Եթե ասում են՝ եկեք, մեր կոյուղատար համակարգը վերցրեք, շահագործեք, մենք դրա կարիքը չունենք, դա պետք է դիմեն Ջրային կոմիտեին, որպես հայկական կողմի ներկայացուցիչ, այդ հարցերն այնտեղ լուծեն: Մենք ֆրանսիական ընկերություն ենք, ինչ տվել են, նա էլ շահագործում ենք, ինչ չենք ստացել, չենք կարող շահագործել, որևէ բանի համար պատասխանատու չենք: Բոլոր հարցերը պետք է լուծվեն գյուղապետարան, մարզպետարան, Ջրային կոմիտե հարթության վրա, որովհետև դրանք հայկական կողմն են, մենք՝ ֆրանսիական կողմն ենք, վարձակալել ենք, վճարում ենք դրա համար շատ մեծ գումար պետությանը և սպասարկում ենք», - ասաց Մուրադ Սարգսյանը:  

ԷկոԼուրի հետ զրույցում Մյասնիկյանի համայնքապետ Տիգրան Բաղդասարյանը նշեց, որ խնդիրը միշտ եղել է և կլինի այնքան ժամանակ, քանի դեռ չի կառուցվել մաքրման կայան: «60 տարի է՝ Բաղրամյանի և Մյասնիկյանի կոյուղաջրերը լցվում են Արմավիրի մայր ջրանցք: Ուրիշ տեղ չունի թափվելու: Մաքրման կայան չունենք: Դիմել էինք, հարցն ընթացքի մեջ էր, ծրագիր էր մշակվել, որ պետք է կառավարությունը մաքրման կայան կառուցեր, բայց էս խառնաշփոթը սկսվեց, էդպես մնաց: «Վեոլիա»-ն միայն խմելու ջուրն է սպասարկում, կոյուղաջրերի համար չունենք պայմանագիր կնքված: Նորից կբարձրացնենք հարցը», - ասաց Տիգրան Բաղդասարյանը:

Իսկ Բաղրամյանի համայնքապետ Արա Սահարյանը հերքեց, որ համայնքի կոյուղաջրերը լցվում են Արմավիրի մայր ջրանցք:  «Բաղրամյանի կոյուղագիծն ընդհանրապես չի հասնում այդ գծին, մեզ հետ դա կապ չունի: Մերը գալիս, իջնում է գետնի տակ, կորում է: Մենք «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիր ունենք, գալիս, մաքրում են կոյուղաջրերը, ոչ մեկի դաշտ չի լցվում, ոչ մի փողոց չի լցվում: Մոտ մեկ ամիս առաջ ենք պայմանագիր կնքել, մի 10 օր առաջ էլ մեքենան եկել, մաքրել, գնացել է», - ասաց Արա Սահարյանը:

15:13 Մարտ 05, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news